Մատչելիության հղումներ

50 մլրդ եվրոյի նոր վարկ՝ Ուկրաինային. «Գերմանիան մնում է Ուկրաինայի ամենաուժեղ աջակիցը Եվրոպայում»


Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի նոր վարկ տրամադրելու մասին: Ակնկալվում է, որ վարկի համար միջոցները գոյանալու են Երոպայում սառեցված ռուսական ակտիվների միջոցներից:

Շոլցն ընդգծել է, որ Գերմանիան մնում է Ուկրաինայի ամենաուժեղ աջակիցը Եվրոպայում: Նրա խոսքով՝ այս վարկն Ուկրաինային թույլ կտա ավելի շատ զենք գնել, իսկ ավելի շատ զենք ուկրաինացիներին այսօր անհրաժեշտ է հատկապես արևելյան ճակատում՝ Դոնեցկի մարզում ՝ Տորեցկի և Պոկրովսկի ուղղություններում ռուսների առաջխաղացումը կանգնեցնելու համար:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է Դոնեցկի մարզի Նյու Յորք ավանի ամբողջական գրավման մասին: Ուկրաինական կողմն այս տեղեկությունը դեռ չի մեկնաբանել, սակայն Զինված ուժերում Украинская правда-ի աղբյուրները հայտնել են, որ Ուկրաինայի բանակը դեռևս վերահսկում է բնակավայրի մի մասը:

Պոկրովսկ և Միրնոգրադ քաղաքների իշխանությունները տարհանվելու կոչ են անում բնակիչներին

Ուկրաինայի Պոկրովսկ և Միրնոգրադ քաղաքների իշխանությունները ռուսական բանակի առաջխաղացման պատճառով տարհանվելու կոչ են անում բնակիչներին։ Ընդ որում, եթե Պոկրովսկը լքելու համար տեղացիները երկու շաբաթ ունեն, ապա մոտակա Միրնոգրադի բնակիչները պետք է հեռանան առաջիկա օրերին։

Պոկրովսկի ուղղությունը շարունակում է մնալ ամենաինտենսիվ մարտերի գոտին Ուկրաինայի արևելքում, որտեղ նախորդ շաբաթ գրանցվել են ռեկորդային թվով բախումներ։ Շուրջ 62 հազար բնակչություն ունեցող Պոկրովսկ քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Դոբրյակն ընդգծել է, որ բնակիչները պետք է որքան հնարավոր է շուտ հեռանան։ «Քաղաքացիները մեկ-երկու շաբաթ ունեն, ոչ ավելին», - ասել է նա «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությանը։

«Մինչև լայնամասշտաբ պատերազմը 13 հազար 700 երեխա ունեինք, հիմա համայնքում մնացել է 4 հազար 788 երեխա, այսինքն՝ մեկ երրորդը... Կարծում եմ՝ այս շաբաթ կկարողանանք հարկադրաբար տարհանել բոլորին», - նշել է Սերգեյ Դոբրյակը:

Ավելի բարդ վիճակում է Պոկրովսկից 5 կմ հյուսիս-արևելք գտնվող շուրջ 58 հազար բնակչություն ունեցող Միրնոգրադ քաղաքը, որն արդեն երեք օր է գնդակոծության է ենթարկվում ռուսական հրետանու կողմից։ Մարդկանց քաղաքից տարհանում են հրետակոծության տակ։

Տեղի իշխանությունների խոսքով՝ ակտիվ ռազմական գործողությունները քաղաքից ընդամենը վեց կիլոմետր հեռավորության վրա են։

Մարտեր են նաև Ռուսաստանի Կուրսկի մարզում

Միաժամանակ կատաղի մարտեր են նաև Ռուսաստանի Կուրսկի մարզում, որտեղ ռուսական բանակն արդեն երկու շաբաթ է չի կարողանում հետ մղել մարզ ներխուժած ուկրաինական ստորաբաժանումները։

Ռուսական պետական ТАСС գործակալությունն այսօր հայտնել է, որ օգոստոսի 6-ից Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման ժամանակ զոհվել է 17, վիրավորվել՝ ավելի քան 140 մարդ։ 75 տուժած հոսպիտալացվել է, այդ թվում՝ չորս երեխա։

Ուկրաինայի նախագահն ասում է, թե Կուրսկի մարզում ուկրաինական բանակը բուֆերային գոտի է ստեղծում։

The Guardian-ը գրում է, որ Ուկրաինայի անսպասելի ու աննախադեպ ներխուժումը Ռուսաստանի տարածք փոխեց պատերազմի ընթացքը։ Կիևից էլ հայտարարում են, թե հարձակվելով Կուրսկի մարզի վրա, ուկրաինական կողմն ուզում է նորմալ օրակարգով բանակցություններ պարտադրել Մոսկվային։

Արևտմյան մամուլը նկատում է, թե Պուտինը Կուրսկի վրա հարձակմանը բավականին հանգիստ է արձագանքում։ Եթե Պուտինը զիջումների չգնա և հրաժարվի բանակցություններից, ապա Ուկրաինան այլ ելք չի ունենա, քան առաջ շարժվել Կուրսկի մարզում, գրում է The Times-ը՝ ընդգծելով, որ դրա համար նոր ու լուրջ ռեսուրսներ կպահանջվեն:

Քաղաքագետ Ֆյոդոր Կրաշենիննիկովը կարծում է, որ Կուրսկի մարզի սահմանամերձ նոսր բնակեցված գյուղերի օկուպացիան ի վիճակի չէ որևէ կերպ խարխլել Պուտինի իշխանությունը կամ փոխել նրա պլանները։

«Ինչպես տեսնում ենք, Ռուսաստանը շարունակում է առաջխաղացումը Դոնեցկի ճակատում։ Կարծում եմ, որ մեզ համար դեռ վաղ է որևէ եզրակացություն անել։ Ուկրաինական բանակի առաջխաղացումը, որն առաջին օրերին շատ արագ էր, զգալի դանդաղել է, նրանք առաջ են շարժվում սահմանով։ Ուստի, ցավոք, ես այնտեղ չեմ տեսնում մի բան, որը կարող է վերջ դնել պատերազմին կամ ստիպել Պուտինին հանձնվել», - նշել է Կրաշենիննիկովը:

Ուկրաինացիները Կուրսկի մարզում առանձին տեղերում, դատելով պաշտոնական հաղորդագրություններից, առաջ են գնացել մոտ 20-25 կիլոմետր։ Նախագահ Զելենսկին երեկ երեկոյան հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը վերահսկում են Կուրսկի մարզի ավելի քան 1250 քառակուսի կիլոմետր տարածք և 92 բնակավայր, ռուսական կողմը սա չի մեկնաբանել։ Սակայն հստակ է, որ Ռուսաստանը հարյուր հազարից ավելի բնակիչների է տարհանել Կուրսկի մարզի սահմանամերձ հինգ շրջաններից։

XS
SM
MD
LG