Փաշինյանի տիկնոջ ազգականը կառաջադրվի Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածու 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ`Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը՝ ՔՊ-ական Վահագն Մկրտչյանը, առաջադրվելու է Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար։

«Վարչապետի առաջարկած ձևաչափով Գյումրու բնակիչները կորոշեն, թե ով է լինելու ժամանակավոր պաշտոնակատար», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

Վարչապետի առաջարկած փրայմերիզներին`Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարի նախնական ընտրություններին, 9 օր է մնացել, բայց մինչև հիմա ո՛չ ընտրության ընթացակարգը կա և ո՛չ էլ պաշտոնական առաջադրումներ։

Կարեն Սարուխանյանը պատրաստ է կրկնել թմրանյութերի կախվածությունը ստուգող անալիզները

Վահագն Մկրտչյանի պոտենցիալ մրցակիցը՝ իշխանական պատգամավոր Կարեն Սարուխանյանը, որ մինչև վերջերս Գյումրիի հնարավոր արտահերթ ընտրություններում ՔՊ-ի քաղաքապետի միակ թեկնածուն էր, դեռ որոշում չի կայացրել՝ մասնակցելու է փրայմերիզներին, թե ոչ։ Ինչպես բացատրեց՝ դեռ պատկերացում չունի, թե այդ նախնական ընտրությունները ինչպես են տեղի ունենալու։ Այժմ կուսակցությունում կա ձևավորված աշխատանքային խումբ, որն էլ զբաղվում է կազմակերպչական աշխատանքներով։

Գյումրվա փրայմերիզներին ընդառաջ ՔՊ-ական պատգամավորը պատրաստ է կրկնել թմրանյութերի կախվածությունը ստուգող անալիզները։ Օրերս նա շուրջ 20 թմրանյութի թեստ էր հանձնել՝ ապացուցելու, որ կախվածություն չունի։ Միայն մեկ տեսակի՝ բարբիտուրատի արդյունքն էր դրական, դա էլ պատգամավորը կապում է վերջերս ընդհանուր անզգայնացմամբ կատարված վիրահատության հետ։

Հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ իրեն ուղեկցող է եղել վարչապետի հրահանգով, պատասխանեց. - «Ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գյումրվա փրայմըրիզը նոր կրքեր է բորբոքել. ովքե՞ր են ընտրելու քաղաքապետի պաշտոնակատարին

Հնարավո՞ր է, որ թմրանյութերի հետ կապված աղմուկից հետո իրեն կուսակցությունը պարզապես չգրանցի իբրև քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածու, Կարեն Սարուխանյանն արձագանքեց. - «Այդ ամենը պետք է որոշակի հիմնավորում ունենա։ Որևէ հիմնավորում ես չգիտեմ»։

Վահագն Մկրտչյանը հերքեց ծեծկռտուքի մասին տեղեկությունները

Կարեն Սարուխանյանը պնդում է, թե թմրանյութերի պատմությունը իր դեմ հյուսվեց, որպեսզի վարկաբեկեն իրեն և փոխեն Գյումրիի քաղաքապետի թեկնածուին։ Կուսակցության Գյումրիի տարածքային կառույցի ղեկավարը, սակայն, անուններ չի տալիս, թե ով կամ ովքեր են այդ խարդավանքերի ետևում։ Մամուլը, սակայն, տևական ժամանակ գրում է, որ Սարուխանյանը լուրջ հակասություններ ունի վարչապետի տիկնոջ ազգականի՝ Վահագն Մկրտչյանի հետ, ավելին՝ «կրքերն այնքան են թեժացել, որ բանը հասել է ծեծկռտուքի»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Պարտադրանք չի եղել, ես եմ առաջարկել». Կարեն Սարուխանյանը՝ թմրանյութերի թեստ հանձնելու մասին

Վահագն Մկրտչյանն այսօր «Ազատության» հետ զրույցում հերքեց ծեծկռտուքի մասին տեղեկությունները. - «Մեր քաղաքական թիմում վեճեր, քաշքշուկներ, ծեծկռտուքներ որևէ անգամ չեն եղել, չկան և չեն լինելու։ Մեր քաղաքական թիմում կան բանավեճեր»։

Եթե ՔՊ -ական պատգամավոր Կարեն Սարուխանյանն ի վերջո որոշի առաջադրվել, արդեն իսկ կարելի է ասել, որ մրցակցությունը հենց նրա և Փաշինյանի տիկնոջ ազգականի միջև է ընթանալու։

Սարուխանյանն առաջադրվելու դեպքում իր հաղթելու շանսերը ամենամեծն է գնահատում։ Իսկ Վահագն Մկրտչյանը խորհուրդ է տալիս չշտապել, քանի որ գյումրեցին է ընտրելու, թե ով կլինի քաղաքապետի պաշտոնակատար։ Իսկ այն, որ ինքը Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռն է, պնդում է՝ ընտրությունների վրա որևէ ազդեցություն չի թողնելու։

Ամբողջական տարբերակը՝ «Ազատության» ռեպորտաժում.