Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել է

Ծնվեցիր Հայաստանում, արդեն 4 հազար դոլարից ավելի պարտք ունես. սա Հայաստանի ամբողջ պետական պարտքի յուրաքանչյուրիս նվազագույն մասնաբաժինն է։

Պետական պարտքը 2018 թվականից հետո կրկնապատկվել է. Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի պետական պարտքը հատել է 12.6 միլիարդ դոլարի շեմը։

Նախորդ տարեվերջին պետական պարտքը 11.8 մլրդ դոլար էր: Ֆինանսների նախարարության տվյալներով՝ 9 ամսում պետական պարտքն աճելի է 5.5 տոկոսով:

«Այս իշխանությունը, որ եկավ իշխանության, իրենց առաջնորդով քննարկում էին, որ երկիրը պարտքով են պահում, պարտքային բեռն է ավելանում քաղաքացիներ վրա և այլն։ Այդ բանաձևը ամբողջ ծավալով վերաբերելի է իրեն ու իր իշխանությանը: Մինչև 2018 թիվն ունեինք 6.4 մլրդ դոլարին մոտ պարտք, երբ եկան իշխանության, մոտենում է 13 միլիարդին, այս տարիների ընթացքում ուղիղ կրկնապատկել են, տարեկան միջինը պատիկներով ավելի է աճել իր օրոք», - «Ազատության» հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Պետական պարտքը Կառավարության և Կենտրոնական բանկի պարտքի հանրանգումարն է, սակայն առյուծի բաժինը՝ 12 մլրդ 124 մլն դոլարը, կուտակել է Կառավարությունը, ընդամենը 508 միլիոնն է Կենտրոնական բանկինը:

«Մյուս կարևոր հանգամանքը, որն ամենամտահոգիչն է, պետական պարտքի տարեկան միջին աճն, իրականում, գերազանցում է ՀՆԱ-ի տարեկան միջինացված աճին, այսինքն՝ սա որակական խնդիր է պարտքային բեռի իմաստով», - նկատեց ընդդիմադիր պատգամավորը։

«Պետակական պարտքի մասին» օրենքի համաձայն՝ տարեվերջին պետական պարտքի և համախառն ներքին արդյունքի հարաբերակցության սահմանային շեմն առավագույնը 60 տոկոս պետք է լինի: Մինչդեռ միայն այս իշխանության օրոք առնվազն 2 անգամ հատվել է կարմիր գիծը՝ 2020 թվականին եղել է ՀՆԱ-ի 63.5 տոկոսը, 2021-ին` 60.3 տոկոս:

Այս տարվա կանխատեսումներով՝ տարին կփակվի պետական պարտք/ՀՆԱ 53 տոկոս հարաբերակցությամբ: Հաջորդ տարի պարտք/ՀՆԱ նախնական ցուցանիշը 53.5 տոկոս կլինի։

«Օրինակ՝ եթե գերազանցում ենք 60 տոկոսը, գործում են խիստ կանոններ ընթացիկ ծախսերի զսպման մասով, այսինքն՝ ընթացիկ ծախսերը չեն կարող գերազանցել մեր հնարավորությունները, կան հաշվարկման հստակ մեխանիզմներ, գործում են կապիտալ ծախսերի որոշակի կանոններ, և առաջանում է պահանջ առաջիկա հինգ տարվա մեջ պարտք/ՀՆԱ նվազեցնել 60 տոկոսից», - ասաց Ֆինանսների նախարարության Մակտրոտնեսական քաղաքականության վարչության պետ Գարիկ Պետրոսյանը։

Ինչպես նախորդ, այդպես էլ այս տարի պարտքն ավելի շատ աճել է ներքին պարտքի ավելացման հաշվին, բայց այս տարի Կառավարության պարտքում հոկտեմբերի դրությամբ ներքինը գերազանցել է արտաքինին. ներքին պարտքը 6 մլրդ 357 մլն է, արտաքինը՝ 5 մլրդ 776: Արտաքին պարտքի նվազումը խոսում է այն մասին, որ տարվա ընթացքում ավելի շատ մարումներ են իրականացվել, քան նոր ստացված պարտքերն են։ 9 ամսվա տվյալներով՝ միայն տոկոսավճարները մարմանը տարեկան պետական բյուջեի մոտ 10 տոկոսն է տրամադրվել:

Կառավարությունը ներքին պարտքի մասնաբաժնի ավելացումը դրական քայլ է համարում, բայց խորհրդարանական ընդդիմությունը հիշեցնում է՝ ներքին պարտքի պարագայում տոկոսները բարձր են:

Կառավարությունը մոտ 121 մլրդ դրամ դեռևս պետք է ուղղի տոկոսավճարներին և 70 մլրդ դրամ մայր գումարների մարմանը: Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ եկող տարի 395 մլրդ դրամ պետական պարտքի սպասարկման տոկոսները վճարելու պարտականություն կա, սա է նաև պատճառը, որ գալիք տարվա բյուջեով մի շարք ուղղություններով հատկացումները նվազեցվել են: Բայց թե բարձր երկնիշ տնտեսական աճի, թե կանխատեսվող 5.6 տոկոս տնտեսական աճի պարագայում արտաքին պարտքի ավելացման տեմպը չի նվազում:

«Մյուս տարվա համար առնվազն, եթե այս լավ սցենարով գնանք, ու բացասական որևէ բան չպատահի, առնվազն 2.5 մլրդ դոլարով մեր պետական պարտքն ավելանալու է և կհատի 15 մլրդ դոլարի շեմը», - նկատեց Թադևոս Ավետիսյանը։

«Խնդիրներ շատ մեծ չկան, որովհետև, երբ իրականացվում են մակրոտնտեսական կանխատեսումներ, դրանց զուգահեռ նշվում են ռիսկերի մասին, որոնք կարող են տարվա ընթացքում ի հայտ գալ: Դրանցից որոշները, որոնք մենք նախորդ տարի նշել էինք, առարկայացել են», - հավելեց Գարիկ Պետրոսյանը։

Կենտրոնական բանկի կանխատեսումներով՝ դրամն արժեզրկվելու է, ինչը ուղիղ հարվածելու է արտաքին պարտքի սպասարկմանը, իսկ 2025թ. Կառավարությունը պետք է ընդհանուր առմամբ 2.3 մլրդ դոլարի տոկոսավճար և մայր գումար վճարի։ Սրան զուգահեռ միայն այս տարի հարկահավաքությունը սպասվածից 10 տոկոս պակաս է եղել: Պետբյուջեի պակասուրդի համար պետությունը կրկին պարտք է վերցնում. ստացվում է պարտք պարտքը փակելու համար: Ընդհանուր առմամբ 2025 թվականին, նախնական հաշվարկով, պետբյուջեի 11.5 տոկոսն ուղղվելու է արտաքին պարտքի սպասարկմանը:

Ամբողջական տարբերակը՝ «Ազատության» ռադիոռեպորտաժում.

Your browser doesn’t support HTML5

Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել է