Մատչելիության հղումներ

Հայաստանի տնտեսական ներուժը 23 թվականին ավելացել է. ֆիննախարար


«Պատճառը նրա, որ 2024 թվականին թոշակները չեն բարձրանալու, պայմանավորված է մեր ծախսային առաջնահերթություններով», - այսօր հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Չնայած պետության ռեկորդային մեծ հարկային մուտքերին՝ Հայաստանի գրեթե կես միլիոն կենսաթոշակառուներն այս տարի պետք է եղածով բավարարվեն, ավելացում նախատեսված չէ: Ֆինանսների նախարարի համոզմամբ՝ պետք չէ ստանձնել պարտավորություններ, որոնք գուցե չկարողանան կատարել:

«Այսինքն, եթե մենք հիմա թոշակները բարձրացնենք էնքան, ինչքան մենք բոլորս երազում ենք, և հետո հանկարծ մի օր չկարողանանք էդ թոշակները վճարել, դա կլինի շատ մեծ աղետ մեր երկրի համար», - ասաց նախարարը:

Նախորդ տարիներին կենսաթոշակներն ընդհանուր 6 հազար դրամով բարձրացան, բայց զուգահեռ Հայաստանը գնաճի մեծ ալիքի տակ հայտնվեց։ 2020-ից ի վեր կյանքը թանկացել է ավելի քան 16 տոկոսով, թոշակները, մինչդեռ, այդ չափով չեն ավելացել ։Սա, սակայն, չի խանգարում, որ իշխանություններն ավելացումը պատմական որակեն:

Նոր ավելացում պետք է սպասել հաջորդ տարի, տեղեկացնում է Վահե Հովհաննիսյանը. - «25 և 26 թվականներին ունենալու ենք թոշակների բարձրացում, բայց քանի որ մեր ընդհանուր քաղաքականությունը նաև ստվերի կրճատման ուղղությամբ, նաև մեր մյուս քաղաքականություններին օժանդակելու համար, մենք մտածում ենք, որ ապագա բարձրացումները կամ դրանց մի մասը հնարավոր է իրականանան քեշբեքի տոկոսի բարձրացման ձևով»:

Կառավարության մյուս անդամների նման՝ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն էլ ամփոփիչ ասուլիսում ներկայացրեց 2023-ին կատարված աշխատանքը, առաջիկա անելիքները, հետո պատասխանեց լրագրողների հարցերին:

«Հայաստանի տնտեսական ներուժը 23 թվականին ավելացել է, և պետական պարտքը, նախնական տվյալներով, կլինի մոտավորապես 48.4 տոկոս մակարդակի վրա», - հայտարարեց Հովհաննիսյանը:

Իշխանությունները հայտարարել են՝ առողջապահական ապահովագրության համակարգն այս տարվա երկրորդ կեսից կգործարկվի։ Ծրագրում են փուլ առ փուլ ներդնել։

2024-ի երկրորդ կեսը սարերի հետևում չէ, համապատասխան որոշումներն ու օրենսդրական փոփոխություններն, այնինչ, դեռ չկան։

Մասնագետները խորհուրդ են տալիս խոշոր բարեփոխմանն ընդառաջ տասը չափել, նոր կտրել, գնահատումները զգուշությամբ իրականացնել՝ հարկաբյուջետային համակարգի վրա հնարավոր բացասական հետևանքները նվազագույնի հասցնելու համար։

«Ազատության» հարցին՝ հետևո՞ւմ է պետությունն այս սկզբունքին, նախարարն արձագանքեց. - «Այն հանգամանքը, որ դետալները դեռևս հայտնի չեն, դա վկայում է նրա մասին, որ Կառավարությունը տաս անգամ չափում է, նոր ինչ-որ մի բան անում է: Ես շատ մեծ հույս ունեմ, որ մեկ-երկու ամսվա ընթացքում մենք արդեն կունենանք վերջնական հավասարակշռված մոդել, որը նաև հանրությանը կներկայացվի»:

Սեփականատիրոջ փոփոխության փուլում գտվող «ՄՏՍ-Հայաստան»-ն օրերս տեղեկացրեց՝ մտադիր են բաժնեմասերի 20 տոկոսն անհատույց փոխանցել պետությանը: Վերջին երկու տարում սա արդեն երրորդ դեպքն է, երբ խոշոր ընկերությունը հայտարարում է Կառավարությանը բաժնեմասեր փոխանցելու մասին՝ նախորդը «Լիդիան Արմենիա»-ն ու Զանգեզուրի պղնձամոլիբդենայինն էին։

Ինչպե՞ս են նման գործարքներ տեղի ունենում, պետության ուղիղ մասնակցությունն այս բիզնեսներին չի՞ հակասում Հայաստանի տնտեսական մոդելին։ Թեմայի վերաբերյալ հարցերը շատ են։ Տնտեսական վերլուծություններ ու հաշվարկներ իրականացրե՞լ է գործադիրը. ֆինանսների նախարարն արձագանքում է՝ Հայաստանը մասնավոր ընկերություններում պետության մասնակցության վերաբերյալ ռազմավարություն դեռևս չունի, տնտեսագիտական այս սկզբունքային հարցերի պատասխանը նոր են սկսել փնտրել. - «Ո՞րն է այն ռազմավարությունը, որը մենք պետք է ունենանք պետական ձեռնարկություններ ունենալու մեջ: Եվ սա ոչ միայն կվերաբերի ձեր նշածին, այլ ընդհանրապես՝ մենք որտե՞ղ ենք ուզում մասնակցություն ունենանք, և այդ մասնակցությունը ի՞նչ նպատակ է հետապնդում»:

Հետագա որոշումները կախված կլինեն իրենց եզրահանգումներից. - «Վստահեցնում եմ ձեզ, որ պետությունը չի զբաղվում, ռեկետով չի զբաղվում, այսպես ասեմ, պետական ռեկետով չենք զբաղվում և չենք խլում որևէ բան որևէ մեկից: Բայց ես համաձայն եմ ձեզ հետ, որ եթե հանրությունը տեղյակ չի, կամ ներդրողները տեղյակ չեն, թե ինչպես է տեղի ունենում ամեն ինչ, այստեղ կարող են որոշակի խնդիրներ առաջանալ ներդրումային միջավայրի հետ կապված, և մենք այստեղ պետք է շատ զգույշ լինենք», - ասաց Հովհաննիսյանը:

Մինչ այդ, նախարարի խոսքով, այս ամենը կարելի է ըստ ճաշակի մեկնաբանել։

XS
SM
MD
LG