Ծրագրվածից շուրջ 300 միլիոն դոլար պակաս՝ պետական բյուջեում. այս տարվա առաջին կեսին Հայաստանում նախատեսվածից 10 տոկոսով ավելի քիչ հարկ է հավաքվել, ու եթե մեկ տարի առաջ իշխանությունները գերակատարված պլաններով էին հպարտանում, հիմա արդեն ծախսերի վերանայման մասին են խոսում:
«Առաջին եռամսյակի բյուջետային եկամուտները գերակատարվել են շուրջ 14 միլիարդ դրամով», - նախորդ տարի հայտարարել է վարչապետ Փաշինյանը:
Ֆինանսների նախարարն անցած ամիս «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում նշել է. - «Որոնք են այն նախաձեռնությունները, որ ստացվել են, արժի շարունակել, և որոնք են, որ արժի վերանայել»:
Մինչ գործադիրը հաշվարկներով է զբաղված, փորձագետները բացատրում են՝ ռուս-ուկրաինական պատերազմից հետո շեշտակի տնտեսական աճի կառուցվածքն է պատճառը, որ թերակատարումներ են լինում։ 2022-ից հետո գրանցվող ռեկորդային ցուցանիշները տնտեսության հիմքը չեն ամրացնում, աճում են այն ոլորտները, որոնցից շատ հարկեր չեն հավաքվում։
«Մեր տնտեսությունում տեղի են ունենում կառուցվածքային տեղաշարժեր, որոնք չեն բարձրացնում տնտեսության կենսունակությունը, մինչդեռ հակառակը պետք է լիներ, պետք է աջակցություն ցուցաբերվի այնպիսի փոփոխությունների, որոնց հիմքում տնտեսական աճի պոտենցիալի ավելացումն է: Այսօր մենք, ըստ էության, դառնում ենք վերաատահանումային, սպասարկող տնտեսություն մի զգալի կտորով», - նշեց տնտեսագետը:
Տնտեսագետ Արմեն Քթոյանը օրինակ է բերում՝ Ռուսաստանի նկատմամբ սանկցիաներից հետո Հայաստանի տարածքով ոսկու վերաարտահանումն աճեց, տնտեսական ցուցանիշներում սա արտացոլվեց, բայց այս ոլորտը իր բնույթով շատ հարկեր չի վճարում:
«Տնտեսական ցուցանիշների վրա մեծ, նույնիսկ վճռական ներգործություն ունեն, բայց հարկային եկամուտներ գեներացնելու տեսանկյունից դրանց ներուժը բարձր չէ», - ընդգծեց նա:
Բյուջե 2024-ը հաստատելիս գործադիրը նախատեսել էր այս տարի ավելի քան 2.7 տրիլիոն դրամ հավաքել, ծախսել ավելի շատ՝ մոտ 3.3 տրիլիոն։ Պակասուրդը կկազմեր 483 միլիարդ։ Տարվա առաջին կեսին, սակայն, սպասվածից քիչ գումար բյուջե մտավ։
Ի՞նչ կանի կառավարությունը, կկրճատի՞ ծախսերը, թե՞ պետական պարտքը կմեծանա։ Ծախսերի բոլոր ուղղությունները կենսական են, ընդգծում է տնտեսագիտական համալսարանի վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանը, նրա կարծիքով, շատ կրճատումներ անել հնարավոր չէ:
«Մենք Արցախի մեր հայրենակիցների բռնի տեղահանմանը ականատես եղանք, որը հավելյալ ծախսային պարտավորություններ է, սոցիալական, պաշտպանական, կրթության ոլորտում, առողջապահության ոլորտում պարտավորություններ կան, այսինքն, ծախսեր կրճատելու մեծ ազատություն չկա: Մյուս կողմից էլ, այո, եկամուտ գեներացնելու առումով խնդիրներ ունենք», - ասաց Քթոյանը:
Իշխանությունները խոստացել են առաջիկա տարիներին մի շարք համակարգային բարեփոխումներ իրականացնել, դրանցից մեկը՝ առողջության համապարփակ ապահովագրության համակարգը արդեն պետք է մասնակի գործեր, ծրագիրը, սակայն, դեռ թղթի վրա է։ Ի վերջո, այս համակարգը ներդնելու համար կառավարությունը 25 տարի մարման ժամկետով 102 միլիոն եվրոյի նոր վարկ է վերցնում, որոշումը գործադիրի վերջին նիստում ընդունվեց։
Պակաս հարկեր հավաքելուն զուգահեռ կառավարության պարտքն առաջիկայում կմեծանա։ Այս ամիս հաստատվեց միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որի համաձայն բյուջեի դեֆիցիտն ավելի է աճելու։ Նոր կանխատեսումներով կառավարությունը ծրագրում է այս տարվա ընթացքում 2.6 տրիլիոն դրամ հավաքել, 2025-ին, մինչդեռ, նախատեսում են 3.5 տրիլիոնից շատ ծախսել։ Ֆինանսների նախարարության կանխատեսումներով մինչ 2027-ը գործադիրը ևս 7.5 միլիարդ դոլարի պարտք կկուտակի։ Այն այս պահին 12 միլիարդ դոլար է կազմում։