Պապիկյանը Ֆրանսիայի ԶՈւ նախարարի հետ հանդիպմանը կարևորել է «ձեռքբերվելիք նոր պայմանավորվածությունները»

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի հետ:

Նախարարները, ըստ ՊՆ-ի, քննարկել են պաշտպանության բնագավառում երկու երկրների միջև համագործակցության ներկայիս ընթացքը:

Սուրեն Պապիկյանը կարևորել է ինչպես Սեբաստիան Լըկորնյուի հետ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների «անշեղորեն իրականացման ընթացքը, այնպես էլ այս հանդիպման ընթացքում համագործակցության վերաբերյալ ձեռքբերվելիք նոր պայմանավորվածությունները», հաղորդում է ռազմական գերատեսչությունը: Սակայն, չի նշվում, թե ինչ նոր պայմանավորվածությունների մասին է խոսքը։

Կողմերը հաստատել են, որ համագործակցությունը դրվել է երկարաժամկետ և ինստիտուցիոնալ հիմքերի վրա: Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Լըկորնյուն հաստատել է համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը:

Նախարար Պապիկյանը դեկտեմբերի 15-ին է մեկնել Ֆրանսիա։

Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանն ու Փարիզը ռազմավարական խորհրդակցություններ էին անցկացրել, ստորագրել պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը, պաշտպանական ոլորտում «համագործակցության զարգացման ավելի բարձր նշաձող սահմանել»։ Սակայն, չէր հաղորդվել, թե խոսքն ինչի մասին է։

Նախորդ տարի Երևանն ու Փարիզը ստորագրեցին ռազմական մատակարարումների պայմանագիր. հաղորդվեց, որ Ֆրանսիան Երևանին կմատակարարի երեք GM200 ռադարներ, Mistral հրթիռներ: Ֆրանսիական կողմը հայտնել էր, որ Հայաստանին կօգնի նաև Զինված ուժերի բարեփոխումների հարցում:

Ռազմական ոլորտում 2023-ին սկսված գործակցության արդյունքում Ֆրանսիան Հայաստանին նաև 24 «Բաստիոն» զրահամեքենա է տրամադրել։ Դեռևս չի հաղորդվում՝ արդյոք Փարիզը Երևանին փոխանցել է երեք GM200 ռադարներն ու Mistral հրթիռները:

Երևանում ամիսներ առաջ Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ Փարիզը շարունակելու է պաշտպանության բնագավառում Հայաստանին աջակցությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պապիկյանն ու Մակրոնի ռազմական գծով խորհրդականը պաշտպանական համագործակցությունն են քննարկել