Դեկտեմբերի 15-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Այս մասին հաղորդում է ռազմական գերատեսչությունը առանց մանրամասների։
Օրեր առաջ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին ու Պապիկյանը քննարկել էին պաշտպանության բնագավառում երկու երկրների համագործակցության օրակարգային հարցերն ու առաջիկա անելիքները:
Այս շաբաթվա ընթացքում Երևանն ու Փարիզը ռազմավարական խորհրդակցություններ էին անցկացրել, ստորագրել պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը, պաշտպանական ոլորտում «համագործակցության զարգացման ավելի բարձր նշաձող սահմանել»։ Սակայն, չէր հաղորդվել, թե խոսքն ինչի մասին է։
Նախորդ տարի Երևանն ու Փարիզը ստորագրեցին ռազմական մատակարարումների պայմանագիր. հաղորդվեց, որ Ֆրանսիան Երևանին կմատակարարի երեք GM200 ռադարներ, Mistral հրթիռներ: Ֆրանսիական կողմը հայտնել էր, որ Հայաստանին կօգնի նաև Զինված ուժերի բարեփոխումների հարցում:
Ռազմական ոլորտում 2023-ին սկսված գործակցության արդյունքում Ֆրանսիան Հայաստանին նաև 24 «Բաստիոն» զրահամեքենա է տրամադրել։ Դեռևս չի հաղորդվում՝ արդյոք Փարիզը Երևանին փոխանցել է երեք GM200 ռադարներն ու Mistral հրթիռները:
Երևանում ամիսներ առաջ Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ Փարիզը շարունակելու է պաշտպանության բնագավառում Հայաստանին աջակցությունը։