Պաշտպանության նախարարությունում այսօր կայացել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական պաշտպանական խորհրդակցություններ, հայտնում է ՊՆ-ն։ Ապա ստորագրվել է երկու երկրների պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի քանի տասնյակ միջոցառումներ զինված ուժերի կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում:
Հայաստանի ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանն ու Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության միջազգային համագործակցության և ռազմավարության գլխավոր վարչության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի ու բազմակողմ համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Էսկորսիան, ըստ հաղորդագրության, հաստատել են վերջին շրջանում ակտիվ համագործակցության ռազմավարական նշանակությունը և սահմանել են համագործակցության զարգացման ավելի բարձր նշաձող: Թե որն է այդ նշաձողը, չի հաղորդվում։
Գերատեսչությունը նշում է, որ զինվորականները կարևորել են համագործակցությունը պաշտպանական պլանավորման, ռազմական կրթության ու վարժանքների, խորհրդատվական աջակցության, տարբեր զորատեսակների պատրաստության, ռազմատեխնիկական և այլ ուղղություններով:
Ալեքսանդր Էսկորսիայի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը: Նրանք
քննարկել են ՀՀ ԶՈւ կերպափոխման գործընթացի առաջնահերթությունները և այդ շրջանակում Ֆրանսիայի հետ համագործակցության ընթացքը: Էդվարդ Ասրյանը գոհունակություն է հայտնել համագործակցության եղած մակարդակից և հույս հայտնել, որ այն կշարունակի զարգանալ:
«Կողմերը խորհրդակցությունների ընթացքում կարծիքներ են փոխանակել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ», - նշում է ՊՆ-ն:
2023 թվականին Հայաստանը և Ֆրանսիան ռազմական ոլորտում համագործակցության պայմանագիր կնքեցին, որով Փարիզը, մասնավորապես, GM-200 հակաօդային պաշտպանության համակարգեր է վաճառում Երևանին։ Ֆրանսիան Հայաստանին նաև Bastion զրահամեքենաներ մատակարարեց։
Սեպտեմբերին արտգործնախարար Միրզոյանը Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում, Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Հայաստան ու Ֆրանսիան շարժվում են ռազմավարական բնույթի հարաբերությունների կառուցման ուղղությամբ։