Ուկրաինան և Լեհաստանը ծրագրում են ստեղծել արևելաեվրոպական գազային հանգույց՝ Ռուսաստանը շրջանցելով Եվրոպա վառելիք մատակարարելու համար, հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի փոխնախարար Նիկոլայ Կոլեսնիկը։
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման հնգամյա պայմանագրի ժամկետը լրանում է դեկտեմբերի 31-ին։ Ըստ Կոլեսնիկի՝ ուկրաինական ստորգետնյա գազի պահեստարանները և լեհական հեղուկ գազի տերմինալները կարող են նոր բիզնես մոդել ստեղծել՝ փոխարինելու ռուսական գազի տարանցումը։
Պաշտոնյան նշել է, որ Ուկրաինան արդեն դիմել է իր գործընկերներին համապատասխան փաստաթղթերը ստորագրելու առաջարկով։ Կոլեսնիկը նաև ասել է, որ ակնկալում է երկարաժամկետ և միջնաժամկետ պայմանագրեր «Միացյալ Նահանգների բիզնես մոդելների նման»:
«Դա կօգնի Ուկրաինային և Լեհաստանին կուտակել այնքան գազ, որքան անհրաժեշտ է ամբողջ Արևելյան Եվրոպային», - պարզաբանել է նա:
Այսօր ավելի ուշ Պուտինը հայտարարել է, թե արդեն հասկանալի է, որ Ուկրաինայի տարածքով գազի տարանցման նոր պայմանագիր չի լինի, սակայն «Գազպրոմը» դա կհաղթահարի։
Կիևը և Վարշավան դեռևս 2024 թվականի մարտին իրենց գազի շուկաների միջև համագործակցության հուշագիր են ստորագրել՝ դրանք ինտեգրելու նպատակով։ Օգոստոսին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ «Գազպրոմի» հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո Կիևը իր եվրոպացի գործընկերների խնդրանքով կարող է գազ տեղափոխել «այլ ընկերություններից»։ Ավելի ուշ նրա գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստ է ցանկացած այլ երկրի գազ մատակարարել, բացի ռուսականից, օրինակ՝ Ադրբեջանից կամ Ղազախստանից։
Այս շաբաթ՝ դեկտեմբերի 17-ին, ԵՄ առաջատար գազային ընկերությունները՝ Հունգարիայից, Սլովակիայից, Ավստրիայից և Իտալիայից, հայտարարեցին, որ «Գազպրոմի» հետ պայմանագրի ավարտը կարող է «բարդացնել գազի մատակարարումը» և «հանգեցնել եվրոպացի սպառողների գների բարձրացմանը»: Նրանք դիմել են Եվրահանձնաժողովի նախագահին՝ խնդրելով փորձել երկարաձգել Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման մասին համաձայնագիրը։ Ռուսաստանը հայտարարել էր պայմանագիրը երկարաձգելու պատրաստակամության մասին, սակայն Ուկրաինան հրաժարվում է շարունակել համագործակցությունը «Գազպրոմի» հետ։
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո եվրոպական երկրները նպատակ են սահմանել մինչև 2027 թվականը հրաժարվել ռուսական գազից։