Դժվար է հավատալ, բայց փաստ է՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից, ավելի քան երկու տարի շարունակվող պատերազմից և աննախադեպ պատժամիջոցներից հետո ռուսական գազը շարունակում է Ուկրաինայի խողովակաշարերով հոսել դեպի Եվրոպա։
Դա չփոխվեց անգամ անցած օրերին, երբ Ուկրաինան, ներխուժելով Ռուսաստանի Կուրսկի շրջան, ըստ հաղորդումների, վերահսկողության տակ առավ նաև ռուսական Սուջա քաղաքի մոտ գտնվող գազի չափիչ կայանը։
Օգոստոսի 9-ից 11-ը «Ազատության» լրագրողներն արձանագրել էին, որ կայանի օբյեկտները ռազմական գործողություններից լրջորեն տուժել են, վնասվել է կայանի վարչական շենքը և սարքավորումների տարածքներից մեկը։
Ո՛չ Ուկրաինայի զինված ուժերը, ո՛չ ռուսական կողմը չեն մեկնաբանել արբանյակային պատկերները։
Ավելին՝ «Գազպրոմ»-ում հայատարել են, թե գազի տարանցումը Սուջայի տարածքով շարունակվում է նախկինի նման, ուղղակի գներն են բարձրացել։
ՍԵՐԳԵՅ ԿՈՒՊՐԻՅԱՆՈՎ՝ «Գազպրոմ»-ի պաշտոնական ներկայացուցիչ
«Սուջայի շրջանում տեղի ունեցած իրադարձությունները հանգեցրին ինչպես հեղուկ, այնպես էլ սեղմված գազի գների կտրուկ բարձրացման: Օգոստոսի 9-ին գրանցվել է բորսայի գների տարեկան ամենաբարձր ցուցանիշը։ Եվ միայն ամառ է: Հարց է առաջանում՝ ո՞ւմ է դա ձեռնտու»։
Օգոստոսի 9-ին ուկրաինական տելեգրամ ալիքներով տեսանյութ տարածվեց, որտեղ Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողները հայտարարում էին Սուջա քաղաքի գրավման մասին։
«Մենք Սուջայում ենք, քաղաքը վերահսկվում է Ուկրաինայի զինված ուժերի կողմից, քաղաքում հանգիստ է, բոլոր շենքերը անձեռնմխելի են»։
Զինվորների ետևում շինություն էր՝ «Գազպրոմ», Սուջայի մասնաճյուղ» գրությամբ։
Նույն օրը համացանցում տարածվեց մեկ այլ լուսանկար, որտեղ արդեն ուկարինացի զինվորականները կանգնած էին Ռուսաստանում հայտնի «Պյատերոչկա» մթերային խանութների ցանցի առջև։
ՄԻԽԱՅԻԼ ԿՐԻՏՈՒԽԻՆ՝ նավթի և գազի շուկայի վերլուծաբան
Օգոստոսի 12-ին արդեն ուկրաինական տեխնիկան նկատվեց Սուջայի արևելյան ծայրամասում, թեև չի բացառվում, որ գազի չափիչ կայանը դրանից ավելի վաղ է հայտնվել Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ, «Ազատության»-ն ասել է նավթի և գազի շուկայի վերլուծաբան Միխայիլ Կրիտուխինը։
«Գազի չափիչ կայանն Ուկրաինայի ռազմական հսկողության տակ է անցել ուկրաինացիների՝ սահմանն անցնելուն պես, քանի որ կայանը գտնվում է ոչ թե Սուջայում, այլ՝ երկու երկրների սահմանին: Կայանի աշխատանքը շարունակվում է։ Այնտեղ կան «Գազպրոմ»-ի աշխատակիցներ, որոնք վերահսկում են գազի հոսքը: Գլխավոր սպառողներն են Ավստրիան, մի փոքր բաժին հասնում է Իտալիա, Սլովակիա և Չեխիա»։
Ռուսաստան ուկրաինական ներխուժման և օրեր շարունակված ռազմական գործողությունների ֆոնին անցած շաբաթ գազի գինը կտրուկ բարձրացավ։ Շուկան նման դեպքերում ցավոտ է արձագանքում, ասում է Կրիտուխինը։
«Գազպրոմ»-ին այժմ մնացել է երկու երթուղի դեպի Եվրոպա․ մեկը՝ Թուրքական և Երկնագույն հոսքերը, որոնցով տարեկան մոտ 16 միլիարդ խորանարդ մետր գազ է մատակարարվում Սև ծովով դեպի Թուրքիա, իսկ հետո Թուրքիայից դեպի Բուլղարիա, Սերբիա, այնտեղից էլ Հունգարիա: Երկրորդն՝ այս ուկրաինական երթուղին է, որով նույնչափ՝ 16 միլիարդ խորանարդ մետր է մատակարարվում»։
Սուջայով անցնող խողովակաշարերով վառելիք են ստանում Ավստրիան, Սլովակիան և Հունգարիան, որոնք այս օրերին կրկնակի մտահոգությամբ են հետևում Ուկարինայի և Ռուսաստանի սահմանին շարունակվող զրագացումներին։ Եթե գազի այս հոսքը դադարի, ստիպված կլինեն նոր մատակարարներ գտնել։
Թեև Եվրամիությունը ծրագրում է մինչև 2027-ն ամբողջությամբ դադարեցնել ռուսական հանածո վառելիքի ներմուծումը, վերջին շրջանում այս հարցում կայուն առաջընթաց չի նկատվել։ Ավստրիան վերջին երկու տարում ռուսական գազի ներկրումը 80 տոկոսից ավելացրել է՝ հասցնելով մինչև 98 տոկոսի։ Մյուս կողմից, մի շարք երկրներ, օրինակ՝ Ռումինիան և Հունգարիան գազային գործարքներ են կնքել Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ, որոնք իրենց հերթին գազը Ռուսաստանից են ներկրում։