Մատչելիության հղումներ

«Գազպրոմբանկը» և նրա վեց օտարերկրյա դուստր ձեռնարկությունները՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր ցուցակում


Ռուսաստանի երրորդ խոշոր բանկը՝ «Գազպրոմբանկը» և նրա վեց օտարերկրյա դուստր ձեռնարկությունները հինգշաբթի օրը հայտնվել էին ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր ցուցակում։ Այդ կերպ փորձ է արվում սահմանափակել Ռուսաստանի հնարավորությունը խուսափելու հազարավոր այլ պատժամիջոցներից, որոնք կիրառվել են Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր:

Մինչ այս «Գազպրոմբանկ»-ը Ռուսաստանի ամենախոշոր բանկն էր, որ դեռ ընդգրկված չէր պատժամիջոցների ցուցակում։ Բացի այս պատժամիջոցների տակ են հայտնվել նաև մի քանի տասնյակ քան այլ բանկեր և ֆինանսական կազմակերպություններ և 15 պաշտոնյաներ։

Նոր պատժամիջոցներից առաջ նախագահ Ջո Բայդենն այս շաբաթավերջին Ուկրաինային լիազորել էր օգտագործել ԱՄՆ-ի մատակարարած հրթիռները՝ Ռուսաստանի խորքում հարվածների համար։ Բացի այդ, չորեքշաբթի օրը Պենտագոնը հայտարարեց, որ Ուկրաինային կուղարկի առնվազն 275 միլիոն դոլարի նոր սպառազինություն, ներառյալ հակահետևակային ականներ։

Ամերիկյան Պատժամիջոցներն արգելում են ամերիկյան ընկերություններին և քաղաքացիներին սև ցուցակում ընդգրկված ռուսական ընկերությունների հետ բիզնես վարել, իսկ այդ ընկերությունների՝ Միացյալ Նահանգներում գտնվող գույքն ու ֆինանսական ակտիվները սառեցվում են։

Ավելի վաղ «Գազպրոմբանկ»-ի նկատմամբ պատժամիջոցներ էին կիրառել նաև Կանադան և Մեծ Բրիտանիան։ Գանձապետարանը նշում է, որ «Գազպրոմբանկ»-ը Ռուսաստանի համար միջոց է ֆինանսավորելու Ուկրաինայի դեմ պատերազմը, դրա միջոցով վճարվում են զինվորներն և փոխհատուցվում են մարտերում զոհված ռուս զինվորների ընտանիքները: «Գազպրոմբանկ»-ը դեր է խաղացել Եվրոպա ռուսական բնական գազի մատակարարումների պահպանման գործում՝ ընդունելով օտարերկրյա հաճախորդների վճարումները:

Պատժամիջոցների ավելի վաղ փուլերը խնայում էին ռուսական գազը, քանի որ Եվրոպայի տնտեսությունը կախված էր դրանից, սակայն Եվրոպան այժմ շատ ավելի քիչ է կախված ռուսական գազից, որը կազմում է ներմուծման մոտ 18 տոկոսը: Ռուսաստանը դադարեցրեց մատակարարումների մեծ մասը 2022 թվականին, ինչի հետևանքով Եվրոպան էներգետիկ ճգնաժամի մեջ հայտնվեց։ Եվրոպական կառավարություններն արդեն այլընտրանքային մատակարարումների ցանց են ապահովել հիմնականում՝ ԱՄՆ-ից և Կատարից բերված հեղուկ գազի հաշվին։

Ուկրաինան ասում է, որ տարեվերջին կդադարեցնի ռուսական գազի հոսքը Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա՝ Եվրոպա ներկրվող գազի մոտ 4 տոկոսը։ ԵՄ-ն ոչ պարտադիր նպատակ է սահմանել՝ դադարեցնել ռուսական գազի բոլոր ներմուծումները մինչև 2027 թվականը։

XS
SM
MD
LG