Ռուսական շուկա հայկական միրգ-բանջարեղեն արտահանելու արգելքի հետ կապված հայ-ռուսական բանակցություններն ավարտվել են, սակայն ռուսական կողմը չի վերացրել արգելքը։ 16 ընկերության մուտքը ռուսական շուկա շարունակում է սահմանափակվել։
«Ոչ, արգելքը դեռ վերացված չէ, քանի որ մենք պետք է այդ կազմակերպությունների հետ սկսված ուսումնասիրությունների, ստուգումների մասին տեղեկացնենք իրենց», - ասաց Սննդի տեսչության հանրային իրազեկման բաժնի պետ Անուշ Հարությունյանը:
«Ռոսսելխոզնադզորը» հուլիսի կեսին է Հայաստանի գործընկերներին տեղեկացրել՝ ապրիլից հունիս Ռուսաստան ներմուծված պտուղ-բանջարեղենում թունաքիմիկատների քանակը թույլատրելիից ավելին է եղել, այդ պատճառով են արգելել։
Ե՞րբ այդ ընկերությունները կկարողանան իրենց ապրանքը ռուսական շուկա հասցնել, ժամկետներ չեն նշում։ Շուտ չի լինի, ասում է Սննդի տեսչության հանրային իրազեկման բաժնի պետ Անուշ Հարությունյանը. - «Երկար գործընթաց է, րոպեական հնարավոր չէ անել ու ասել, որ ստուգեցինք ու հասկացանք՝ ինչի մասին է խոսքը»:
Ընկերությունների ցանկը համառորեն կողմերը չեն հրապարակում։ Սննդի տեսչությունից միայն նշում են, որ 16 արտահանողից 3-ն են միայն արտադրող, 9-ը քաղաքացիներ են, 1-ը անհատ ձեռնարկատեր, որ տարբեր տնտեսություններից հավաքում են բերքն ու արտահանում, 6-ն էլ կազմակերպություններ են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՍԱՏՄ-ն հաստատում է, որ «Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է որոշ հայկական ընկերությունների արտադրանքը Ռուսաստան«Այս պահին մենք երեք արտադրողի մոտ, բնականաբար, անմիջապես սկսել ենք իրենց արտադրանքում ստուգումները անել, բայց մնացածի հետ արդեն լուրջ ուսումնասիրությունների խնդիր կա: Մենք պետք է հասկանանք, թե իրենք որ տնտեսություններից են հավաքել, իրենք պետք է ցուցեն, այսինքն սա գործընթաց է, որ պետք է արվի, իսկ դա արագ չի արվում», - նշեց Հարությունյանը:
Ռուսական կողմն է հրապարակել՝ ինչ են պայմանավորվել քննարկումների ընթացքում։ Ռուս մասնագետները օգոստոսի վերջին Հայաստան կգան Ռուսաստան ներմուծվող ապրանքների արտադրության, վերամշակման, պահպանման և փոխադրման վայրերում համատեղ ստուգում իրականացնելու համար։ Փոխադարձ այցելություն կլինի։
«Ռուսական կողմը հայ գործընկերներին հրավիրել է այցելել «Ռոսսելխոզնադզորի» ենթակայության լաբորատորիաներ՝ ծանոթանալու բուսական մթերքներում թունաքիմիկատների մնացորդների պարունակության մոնիտորինգի համակարգին», - ասված է հաղորդագրությունում։
Ըստ «Ռոսսելխոզնազոր»-ի՝ այս տարվա հուլիսի դրությամբ Հայաստանից ռուսական շուկա է ներկրվել մոտ 74 հազար տոննա միրգ և բանջարեղեն, այնքան, որքան 2023-ի նույն ժամանակահատվածում։ Ամենաշատը ծիրանն է՝ մոտ 29 հազար տոննա, մոտ 13 հազար տոննա խնձոր է արտահանվել, շուրջ 8 հազար լոլիկ ու մոտ 6 հազար տոննա պղպեղ։
Հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման ֆոնին այս քայլը Հայաստանում քննարկվում է նաև քաղաքական տեսանկյունից՝ որպես պատիժ դաշնակցի նկատմամբ։
Ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանն էլ քաղաքական մոտիվը չէր բացառել։ «Ազատության» հետ զրույցում ասել էր՝ եթե հարաբերությունները գործընկերային լինեին, այսպիսի հարցերը կլուծվեին անաղմուկ և առանց սանկցիաների։ Ըստ պատգամավորի՝ այս սահմանափակումները հայաստանյան տնտեսվարողների համար ծանր բեռ են։ Հայաստանից միրգ-բանջարեղենի գերակշիռ մասը արտահանվում է ռուսական շուկա։
Արդյոք հաշվարկե՞լ են 16 ընկերության մուտքը սահմանափակելը ինչ հետևանքի կհասցնի, որքա՞ն են տուժելու։
«Չէ, որովհետև մենք է այդ տոննայի հաշվարկը որպես այդպիսին չենք էլ պահում, դա կարելի է հարկային մարմիններից իմանալ և վնաս որպես այդպիսին՝ ինչքան է գնացել կամ ինչքան հիմա այլևս չի գնա, հնարավոր չէ ասել», - նշեց Սննդի տեսչության հանրային իրազեկման բաժնի պետը:
Ռուսաստանն անցած տարի էլ մի շարք ընկերությունների կաթնամթերքն էր արգելել ներմուծել հայտնաբերված խախտումների հիմնավորմամբ։ Սա էլ քննարկվեց որպես երկրների դիվանագիտական սրված հարաբերությունների հետևանք։ Առավել ևս որ «Ռոսսելխոզնադզոր»-ը բացի սննդի վերահսկման մարմին լինելուց, նաև հայտնի է որպես ռուսական քաղաքականության տնտեսական մահակ։