Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հայկական 16 ընկերության է արգելել միրգ-բանջարեղեն արտահանել ռուսական շուկա


Ռուսաստանը հայկական 16 ընկերության է արգելել միրգ-բանջարեղեն արտահանել ռուսական շուկա, հաստատում է Սննդի անվտանգության տեսչությունը։ «Ռոսսելխոզնադզորը» պնդել էր, թե ապրիլից հունիս ներմուծված պտուղ-բանջարեղենում թունաքիմիկատների քանակը թույլատրելիից ավելին է եղել։ Թե որ ընկերությունների արտահանած միրգ-բանջարեղենն է, հայկական կողմը անուններ չի նշում։

«Ռոսսելխոզնադզորը» երեք օր առաջ է տեղեկացրել, մամուլում արտահոսքից մեկ օր անց սննդի տեսչությունն արձագանքեց դրան։ Այսօր հաղորդագրություն են տարածել, թե հայ-ռուսական կառույցների միջև բանակցություններ են սկսվել Եվրասիական տնտեսական միության ընդհանուր գործընթացների տրամաբանությամբ խնդիրը կարգավորելու համար։

«Այն խնդիրները, որոնք հայտնաբերել է «Ռոսսելխոզնադզոր»-ը, կարգավորվում են ԵԱՏՄ անդամ-երկրների միջև սննդամթերքի շրջանառությունը կանոնակարգող իրավական ակտերով՝ սննդամթերքի շրջանառության համար նախատեսված համապատասխանության գնահատման միջոցով, որն իրականացվում է հավատարմագրված լաբորատորիաների կամ գնահատող մարմինների կողմից՝ տնտեսավարողի ընտրությամբ», - ասված է հաղորդագրության մեջ։

Միրգ-բանջարեղենի արտահանման այս ակտիվ փուլում ինչո՞ւ Ռուսաստանը սահմանափակեց մոտ երկու տասնյակ ընկերությունների ապրանքը, արդյոք հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման պատճառո՞վ է, և Ռուսաստանը պատժո՞ւմ է Հայաստանին։ «Ռոսսելխոզնադզորը» բացի սննդի վերահսկման մարմին լինելուց, նաև հայտնի է որպես ռուսական քաղաքականության տնտեսական մահակ։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը չի բացառում, որ քաղաքական բաղադրիչ կա, բայց միայն այդ պատճառով չէ։

«Պետական պատկան մարմինները, որոնք պարտավոր են և ռուսական կողմի հետ փոխհարաբերությունները միշտ արդյունավետ կարգավորել, և նաև ներքին վերահսկողություն արդյունավետ սահմանել, սա էլ է կարևոր, այստեղ ակնհայտ է, որ ի վերջո ո՞ւմ պիտի մեղադրանք, առաջին հերթին մեր պետության ներկայացուցիչներին, որոնք ձախողում են այդ պրոցեսները։ Այս էլ որերորդ անգամ մարդկանց փաստի առջև են կանգնեցնում», - ասաց նա։

Սննդի տեսչությունից բացատրում են, թե իրենք խնդրին անդրադառնում են միայն ահազանգի դեպքում։ Իսկ ապրանքի ստուգումը կատարվում է հավատարմագրված լաբորատորիայում, և տնտեսվարողն է որոշում՝ իր արտահանած սննդամթերքն ինչ մասով ստուգեն։ Պատգամավոր Ավետիսյանը կարծում է, որ եթե հայ-ռուսական հարաբերությունները գործընկերային լինեին, այս խնդիրներն էլ անաղմուկ ու արագ կլուծվեին։ Ըստ նրա՝ բացի պատշաճ վերահսկողության բացակայությունից, քաղաքական ու դիվանագիտական նկատառումներով են տնտեսվարողները բախվում այս հարցին։

«Այստեղ նաև, ինչ խոսք, կա գործընկերային ոչ արդյունավետ իրավիճակ։ Ակնհայտ է, որովհետև այն խնդիրները, որոնք առաջանում են, կարելի է շատ հանգիստ և ավելի հեշտ կերպով լուծել, եթե լինեին գործընկերային փոխշահավետության սկզբունքի հիման վրա», - նկատեց նա։

Ռուսաստանն անցած տարի էլ սահմանափակեց Հայաստանից արտահանվող կաթնամթերքի մուտքը հայտնաբերված խնդիրների հիմնավորմամբ։

Հայաստանից միրգ-բանջարեղենի արտահանման 90 տոկոսից ավելին Ռուսաստանի ուղղությամբ է։ Սննդի անվտանգության տեսչությունը վստահեցնում է՝ իրավիճակը կարգավորելու ուղղությամբ քայլեր են անում. բացի հավատարմագրման գործընթացից, առաջիկայում նախատեսվում է կիրառել պարբերական լաբորատոր հսկողության միջոցներ և նոր մեխանիզմներ նման խնդիրները բացառելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG