Մատչելիության հղումներ

Ռուսաստանն արգելք է դնում Հայաստանից ներմուծվող միրգ-բանջարեղենի վրա


Ռուսաստանից Հայաստան նամակ են ուղարկել, թե հուլիսի կեսից չեն ընդունելու հայկական միրգ-բանջարեղենը։ «Ռոսսելխոզնադզոր»-ը նամակում բացատրում է, որ ապրիլից հունիս ներմուծված պտուղ-բանջարեղենում թունաքիմիկատների քանակը թույլատրելիից ավելին է եղել։

Ըստ ռուսական կողմի՝ մեկ ամիս առաջ տեղեկացրել են խնդրի մասին ու հորդորել ծառայողական քննություն նշանակել, տեղեկացնել վտանգավոր ապրանքների մատակարարումը կանխելու ուղղությամբ արված աշխատանքների մասին։

«Այդ գրության հիման վրա ինչ-որ ուսումնասիրություն արել են, չէ՞ որ կարող էին հայտնաբերել վտանգ, ու այդ վտանգը մնար մեր երկրի ներսում։ Գոնե պետք էր չէ՞ մարդկանց իրազեկել, որ այսպիսի խնդիր կա», - «Ազատության» հետ զրույցում նկատեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանը։

Սննդի անվտանգության տեսչությունից այս նամակին, որ երեկվանից համացանցում քննարկվում է, դեռ չեն արձագանքել։ «Ազատության» հարցերին էլ հրաժարվում են պատասխանել։ Լրատվամիջոցներում հայտնված նամակում նշվում է, որ այն 18 էջանոց հավելված ունի, որտեղ նկարագրված են բացահայտված խախտումներն ու ընկերությունների ցանկը։

Հայաստանից արտահանող ընկերությունների ամբո՞ղջ ցանկն է, թե՞ մի մասն է՝ պաշտոնապես դեռ չեն հայտնում։ Համացանցում այս հարցը քննարկվում է, թե հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման հետևանքն է՝ Ռուսաստանը պատժում է Հայաստանին։

Պիպոյանը կարծում է՝ կառավարության անգործության հետևանքն է

Բաբկեն Պիպոյանը, որ նախկինում աշխատել է Սննդի անվտանգության տեսչությունում, կարծում է՝ կառավարության անգործության հետևանքն է։

«Գոյություն ունի սննդի ռիսկերի գնահատում։ Երբ գործադիրն այս ամբողջ օղակը չի աշխատեցնում, մենք ունենում ենք այն, ինչ ունենք։ Չափորոշիչների ուղղությամբ պետք է աշխատանք տարվի, որը չի տարվել, դա արդեն ագրարային քաղաքականությունն է, որը չեմ ասի՝ միայն սննդի անվտանգության լիազոր մարմնի խնդիրն է, կասեմ՝ Էկոնոմիկայի նախարարությանն է։ Որ մի քիչ ավելի շատ խորանամ, կասեմ գյուղնախարարություն չունենալունն է՝ գործադիրին», - նշեց նա։

Բաբկեն Պիպոյանը տեղեկություններ ունի, որ ոչ բոլոր ընկերությունների արտահանած ապրանքն են արգելել։ «Ազատություն»-ը զրուցեց մի քանի ընկերության ներկայացուցիչների հետ, ասացին՝ պաշտոնական տեղեկություն չունեն, իրենք էլ համացանցում են տեսել նամակը։

Եթե այս սահմանափակումը եղավ, մեր գյուղացիական տնտեսությունների վիճակը էլ ավելի կվատթարացնի. Պարսյան

Քանի դեռ Սննդի անվտանգության տեսչությունը լուռ է, տնտեսագետներն էլ են դժվարանում հստակ կանխատեսում անել, թե Մոսկվայի այս արգելքը ինչ ծավալի վնաս կարող է պատճառել։

«Եթե այս սահմանափակումը եղավ, սա մեր գյուղացիական տնտեսությունների վիճակը էլ ավելի կվատթարացնի, ապրանքը կմնա ներքին շուկայում, նրանք ստիպված են ավելի էժան իրենց ապրանքը վաճառել», - նշեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Ըստ նրա՝ Հայաստանից միրգ-բանջարեղենի արտահանման 90 տոկոսից ավելին Ռուսաստանի ուղղությամբ է։ Տնտեսագետի կանխատեսումներով՝ եթե միրգ-բանջարեղենի այս ակտիվ սեզոնին շարունակվի արտահանման արգելքը, գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողները ֆինանսական լուրջ վնաս կկրեն։

«Շատ ավելի քիչ քանակությամբ Բելառուս է գնում և ԵԱՏՄ մյուս երկրներ։ Եվրոպա մենք չենք կարող մտցնել մեր գյուղմթերքը, թարմ մթերքը, քանի որ մեր մթերքը չի համապատասխանում եվրոպական ստանդարտներին։ Մնում է միայն Ռուսաստանի Դաշնությունը, այսինքն՝ վարկերը, որոնք վերցրել են այս կամ այն մթերքն աճեցնելու համար, չեն կարողանալու տալ։ Հիմա պետությունը պետք է մտածի՝ վարկերը ոնց է փակում, ինչ փոխհատուցման մեխանիզմներ է նախատեսում», - շեշտեց նա։

Տնտեսագետ Պարսյանը դժվարանում է ուղիղ ասել՝ սա քաղաքական պատճառով է, թե ոչ։ Անցած տարի էլ ռուսական կողմը սահմանափակել էր կաթնամթերքի արտահանումը բացահայտած խախտումների հիմնավորմամբ։ Դիվանագիտական հարաբերությունների սրման փուլում կարող են սրվել տնտեսական հարցերը, բայց դա չի նշանակում, որ դրա համար հիմք չկա, ասում է Պարսյանը. - «Եթե քաղաքական հարաբերությունները լավ են լինում, սերտ աշխատանքային հարաբերություններ են լինում, դա կարելի է լուծել ընդամենը մեկ զանգով»։

Արդյոք Ռուսաստանի արգելքը քաղաքական պատճառո՞վ է, իշխանական պատգամավոր, ԱԺ տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը հորդորեց դիմել Սննդի տեսչությանը, որտեղից մինչև օրվա վերջ այդպես էլ արձագանք չեղավ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG