«Որ տուն տան, «40+»-ն էլ պետք չէ». Արցախից տեղահանվածների ապագա աջակցությունն՝ անորոշ

Խրամորթից տեղահանված Անժելա Ղահրամանյանն ասում է՝ շատ է վախեցել, երբ լսել է, որ «ամեն ամսվա աջակցությունը հնարավոր է չլինի»։

«Կմեռնենք, պիտի արդեն դրսում քնենք՝ ավտոների մեջ», - նշում է նա։

Իր ու եղբոր ընտանիքները՝ 12 հոգի, ապրում են Արմավիրի Գայ գյուղում վարձակալած տանը, ամեն ամիս 200 հազար դրամ են տալիս տանտիրոջը։ Մնում են այստեղ, որովհետև ամեն ամիս ամեն անձի հաշվով շուրջ 50 հազար դրամ են ստանում պետությունից։ Այս ծրագիրը տարեվերջին ավարտվում է։

«Չենք կարա մենք 200 հազար ամիսը տանք, չենք հասցնում, 12 շունչ ենք, 20 հացը բերում ենք, չի հերիքում», - ասում է նա։

Ծրագիրը շարունակելու գործադիրի նոր որոշում դեռ չկա, բայց կա նախագիծ, որ արդեն տեղադրվել է իրավական ակտերի առցանց հարթակում։ Եկող տարի ևս երեք ամիս ծրագիրը կշարունակվի, իսկ ապրիլից աջակցություն կստանան միայն տեղահանվածների հատուկ խմբեր։

«Անչափահաս երեխաներն են, առաջին, երկրորդ խմբի հաշմանդամներն են, 63 տարին լրացած անձինք և կերակրողը կորցրածն են», - ներկայացնում է Ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետ Արտակ Հարությունյաը։

Ապրիլից մինչև հունիս խոցելի այս խումբը կստանա 40 հազար դրամ, իսկ հետո մինչև տարեվերջ ամեն ամիս 30 հազար։

«Մյուսների համար այս պահին մտածում ենք այլ միջոցառումներ։ Հիմնականում այդտեղից դուրս են գալիս աշխատունակ անձինք», - հավելեց նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «66 տոկոս գոհունակություն, երբ բնակարանային ծրագիրը ձախողված է». Արցախի օմբուդսմենը տարակուսած է հարցման արդյունքներից


Ծրագրերը պիտի շարունակվեն բոլոր տեղահանվածների համար, քանի դեռ նրանք անտուն են, շեշտում է Արցախի օմբուդսմենը։

«Կառավարությունն ինքը գիտակցում է, որ երկարաժամկետ բնակարանային ապահովման ծրագիրը ձախողվել է, այն տեսքով, որով հիմա առաջարկվում է, ընդունելի չէ Արցախից բռնի տեղահանված անձանց համար, և եթե չեմ սխալվում, նաև վերջերս սոցապնախարարը Ազգային ժողովում լրագրողների հարցերին ի պատասխան ասաց, որ որոշարկի լավարկումներ են իրականացվում։ Տեսնենք, թե ինչ կլինեն դրանք», - ասաց Գեղամ Ստեփանյանը։


Նա հիշեցնում է՝ բնակարանով ապահովելու ծրագիրն ի սկզբանե իրենք ոչ էֆեկտիվ են գնահատել ու պնդել, որ պիտի փոփոխվի, բայց հաշվի առնող չեղավ, և որպես հետևանք այժմ ընդամենը մի քանի տասնյակ հաստատված դիմում կա։

Բնակարանային ծրագրից բացի, գործարկվել էր նաև զբաղվածության ծրագիր։ Այստեղ էլ, ըստ Ստեփանյանի, մեծ արդյունքներ չկան՝ ընդամենը 1560 արցախցի է այդ ծրագրին մասնակցել։

Տեղահանվածները ամենամսյա աջակցության կարիք չէին ունենա, եթե գործադիրի այս երկու ծրագրերը արդյունավետ լինեին, Արցախի օմբուդսմենը չգիտի՝ պատասխանատուները չցանկացան, թե չկարողացան հարց լուծող առաջարկներ ներկայացնել արցախցիներին։ Նրանք երեք ամիսը մեկ աջակցությունից զրկվելու ռիսկի առջև են հայտնվում։

Անժելա Ղահրամանյանն էլ ասում է. - «Որ տուն տան, սկի 40+-ը պետք չի մեզ, գոնե մի դոմիկ էլ լինի, էլի կապրեինք էստեղ»։

Անժելան ասում է՝ տան վարձակալության գումարն է հարցը, թե չէ՝ գործ փորձում են գտնել։ Եղբորորդիներից մեկը տաքսի է վարում, մյուսը օրը հինգ հազար դրամով ջերմոց մաքրելու էր գնացել, ինքը խանութում մաքրուհի էր, հիմա ժանգյալով հաց է թխում, որ շուկա հասցնի։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.