Ոչ միայն Հայաստանին է ԵՄ-ն պետք, այլև հակառակը. «Եվրաքվե»-ի ներկայացուցիչ Զեյնալյան

«Եվրաքվե» նախաձեռության հավաքած մոտ 60 հազար ստորագրությունից ավելի քան 52 հազարը նույնականացված է. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նիստով հաստատեց: Հանձնաժողովը ստուգմանը մոտ մեկ ամիս տրամադրեց։

Մոտ 7 հազար ձայն պակասել է, սակայն ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի փոխանցմամբ՝ բավարար է, որ «Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը խորհրդարանի օրակարգ մտնի: Արդեն նախաձեռնությունն է որոշում առաջ գնալ, թե ոչ, ասաց Հովակիմյանը։

Արտակ Զեյնալյան

Նախաձեռնող խումբը վճռական է, նախագիծը ներկայացնելու է օրենսդիր մարմին, ասաց »Եվրաքվե»-ի նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը. - «Խնդիրն հետևյալն է, որ ԱԺ-ն ավելի արձագանքող լինի և հաստատի այս նախագիծը։ Այս նախագիծը նպաստելու է Հայաստանի ինչպես արտաքին քաղաքական, այնպես էլ ներաքաղաքական խնդիրների լուծմանը»։

Իշխանությունը, ըստ Զեյնալյանի, ԵՄ ընտանիքի անդամ դառնալու քայլեր անում է, սակայն հարց է՝ որքանով է այն բավարարում հանրությանը: Նախաձեռնությանը կողմ քվեարկելով՝ իշխանությունը հստակ ուղերձ կտա Եվրամիությանը, որ Հայաստանը վճռական է ԵՄ անդամակցության հարցում, կարծում է նա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու ԵՄ-ն բանակցություններ են վարում «Նոր գործընկերության օրակարգ»-ի շուրջ. Միրզոյան

«Նախագահ Բայդեի փոխարինումը նախագահ Թրամփով ամենավտանգավոր ժամանակահատվածներից է, որ Հայաստանը կարող է ենթարկվել տաք հարձակման Ադրբեջանի կողմից, ուստի այս նախաձեռնությունը լրացուցիչ պաշտպանիչ բուֆեր կարող է հանդիսանալ, որ նման բան տեղի չունենա», - ասաց նախաձեռնող խմբի ներկայացուցիչը:

Ոչ միայն Հայաստանին է Եվրոպական միությունը պետք, այլև հակառակը, վստահ է Զեյնալյանը: Նրա համոզմամբ՝ գրեթե ամեն ամիս ԵՄ-ից Հայաստանին ուղղված դրական ազդակներ են լինում: Չնայած «Եվրաքվե»-ի անդամների այս լավատեսությանը, պաշտոնական Բրյուսելը մինչ օրս Եվրամիության Հայաստանի անդամակցության մասին որևէ ակնարկ չի արել։

«Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը կընդունվի, թե ոչ, արդեն խորհրդարանի որոշելիքն է։ Ընդդիմադիր խմբակցություններն արդեն ասել են՝ ճիշտ չեն համարում օրենսդրական մակարդակով երկրի արտաքին քաղաքականության ազատությունների սահմանափակումը՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը Բաքվին առաջարկել է ԵՄ դիտորդներին հեռացնել սահմանազատված հատվածներից

Իշխող մեծամանությունն էլ հստակ չի ասում՝ ինչպես կքվեարկի, սակայն վարչապետ Փաշինյանն իր վերջին հարցազրույցում նկատել էր՝ այս հարցն ինքն է օրակարգ բերել ու ԵՄ բարձր ամբիոններից:

«Եվրաքվե»-ի նախագիծը խորհրդարանը հավանաբար գալիք տարի կքննարկի։ Եթե Ազգային ժողովը նախագիծը մերժի, նախաձեռնության անդամները պետք է 300 հազար ստորագրություն հավաքեն, որից հետո հարցը կդրվի հանրաքվեի: