Նոյեմբերի 9-ի փաստաթղթից դուրս չգալը հազվագյուտ հարցերից է, որ Փաշինյանը ճիշտ է. Զուրաբյան

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից Հայաստանի ստորագրությունը հետ չվերցնելը՝ հակառակ հնչող կոչերին, ըստ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի, «հազվագյուտ հարցերից է», որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է:

«Մի փաստաթուղթ, որը միակ քաղաքական մի գիր է, որով կարգավորվում է զինադադարը, այսինքն՝ այդ հայտարարությունն է, որ այսօր պահում է Ադրբեջանին և Հայաստանին զինադադարի վիճակի մեջ, եթե դու դրանից դուրս ես գալիս, դրան անմիջապես կհետևեն մեղադրանքները, որ Հայաստանը պաշտոնապես դուրս է եկել զինադադարից, և, բնականաբար, դրանից Ադրբեջանը կուզի օգտվել, էլ չասած այն երկրների մասին, որոնք կարող է և սատարեն այդ պլաններին», - ընդգծեց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցության փոխնախագահը:

«Եթե դուրս չես գալիս, նշանակում է՝ պետք է կատարես նաև 9-րդ կետը», - այս դիտարկմանը Զուրաբյանն արձագանքեց. - «Հենց այդ է՝ Նիկոլ Փաշինյանը մեզ բերել է կատարյալ փակուղի, այսինքն՝ ինքը ճիշտ է, որ դուրս գալը ծանր հետևանքներ կունենա, բայց եկեք հասկանանք՝ իսկ ի՞նչ կարելի է անել, և եթե այլընտրանքները պակասում են, ո՞վ է մեզ բերել էս վիճակի մեջ»:

«Նոյեմբերի 9-ի այդ փաստաթուղթը փոխադարձ մի փաստաթուղթ էր Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ Ռուսաստանի մասնակցությամբ, որում երկու երկրներն էլ համաձայնում էին տարածքային ամբողջականության և ինքնիշխանության որոշակի սահմանափակումների: Հիմա որ ետին թվով ասում են՝ «բա մենք ո՞նց գնանք տարածքային ամբողջականությունը, մեր ինքնիշխանությունը սահմանափակելու հարցին», Ադրբեջանը, ստորագրելով այդ փաստաթուղթը, տասն անգամ ավելի մեծ խախտմանն էր համաձայնել իր տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանության սահմանափակմանը, քան Հայաստանը», - պնդեց ՀԱԿ փոխնախագահը՝ մանրամասնելով. - «Որովհետև եթե դա իրագործվեր ամբողջական իր ֆորմատով, դա նշանակելու էր, որ Ադրբեջանը զիջում էր վերահսկողությունը 5-կիլոմետրանոց Լաչինի միջանցքի նկատմամբ ռուսների խաղաղապահ զորքերին և զիջում էր իր վերահսկողությունը՝ որպես, ասենք, միջազգայնորեն ճանաչված իր տարածքի նկատմամբ, զիջում էր իր վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի գոնե էն մնացած մասի վրա»:

«Գիտե՞ք, էս տրամաբանությանը ոչ մի տեղ չի տեղավորվում, ասում են՝ «դե մենք հո չենք կարող համաձայնել մեր ինքնիշխանության պակասեցմանը կամ սահմանափակմանը»: Դու մերժեցիր այն, ինչ որ դու պիտի զիջեիր, և էդտեղ Ադրբեջանը դրեց հարցը՝ ռուսների հետ միասին, որ «էդ դեպքում, եթե դու չես կատարում քո մասը», Ադրբեջանը ասում է՝ «իսկ ես ինչի՞ պիտի կատարեմ իմ մասը»: Եվ երկու տարի սպառնալուց հետո, որ ինքը Լաչինի ճանապարհը փակելու է, նա իրականում իրագործեց՝ շատ կեղտոտ սցենարներով, եթե հիշում եք, իրավապաշտպանների իբր թե բերելով էնտեղ, անունը դնելով, չգիտեմ, էկոլոգիայի համար պայքար՝ դա կարևոր չի, դա արդեն դեմագոգիա էր, բայց Ալիևը իրագործեց այն սպառնալիքը, որ ինքը երկու տարի շարունակ հնչեցրել էր», - հայտարարեց Լևոն Զուրաբյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանը պետք է հետ կանչի ստորագրությունը նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Տիգրան ԳրիգորյանԵրևանը Բաքվին «առաջարկել է ապաշրջափակման ծրագիր՝ նկարագրելով թե՛ անվտանգային, թե՛ ծառայությունների մատուցման կարգը»Օվերչուկը ենթակառուցվածքների ապաշրջափակումը դարձյալ կապում է նոյեմբերի 9-ի հայտարարության հետ Նոյեմբերի 9-ի հայտարարության շուրջ կողմերը շարունակում են մեղադրանքներ փոխանակել. վարչապետը պնդում է՝ չի հրաժարվում 9-րդ կետիցՀայաստանը պատրաստ է երաշխավորել անվտանգությունը Ադրբեջանի և Նախիջևանի միջև, ինչպես գրված է 9-րդ կետում. Փաշինյան