«No entry» (մուտքն արգելված է). ինչո՞ւ է «Փյունիկ»-ի ֆուտբոլիստների բաց դեմքերով պաստառն այս գրությամբ հայտնվել ակումբի պատերին: Նրանք, ի դեպ, անչափահաս են։
«Փյունիկ»-ից արձագանքում են՝ ֆուտբոլային մեկ այլ ակումբ՝ «Նոա»-ն դուրս է եկել «որսի» ու չնայած մերժումներին՝ շարունակում է անհանգստացնել իրենց ֆուտբոլիստներին, նրանցից մի քանիսին էլ արդեն իր ակումբ է տարել: «Նոա»-ից արձագանքում են՝ անօրինական ոչինչ չեն արել։
«Որևէ կետում «Նոա»-ն չի խախտել գործող կանոնակարգերը և որևէ մեկի իրավունքը», - ասաց «Նոա» ֆուտբոլային ակումբի զարգացման տնօրեն Աննա Օհանյանը։
Անչափահաս ֆուտբոլիստների զայրացած ծնողներն իրենց բողոքը դատարան են տանելու. - «Առանց մեր համաձայնության մեր անչափահաս երեխաների նկարն են փակցնում։ Դա ուղղակի խայտառակություն է ու հանրային տարածքում, որտեղ բազմաթիվ երեխաներ են այցելում ֆուտբոլի, ծնողներ և ֆուտբոլով հետաքրքրվող այլ մարդիկ»։
«Փյունիկ»-ից «Նոա» գնացած երեխաների բաց դեմքերով նկարներն օրեր շարունակ փակցված են եղել ակումբի բոլոր տեսանելի հատվածներում, անգամ հենց մուտքի մոտ։ Երեկ, սակայն, պահպանվել էր միայն ներսի մուտքերից մեկին փակցված պաստառը։ Նկարները հրապարակելուց հետո «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը Ռադիո Վանի եթերում իր ակումբը լքած պատանիներին «դավաճաններ» է անվանել. - «Այդ 5 երեխաները, որ գնացին «Փյունիկ»-ից, ես չգիտեմ՝ կդառնան արդյոք ֆուտբոլիստներ, թե ոչ, բայց իրենց կյանքի առաջին դավաճանությունն արդեն գործել են, դավաճանել են իրենց ընկերներին, ակումբն ու գնացին։ Մեզ մոտ այդպես են ընկալում նրանց արարքը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչպես վրացիները հաջողեցին, ինչ խնդիրներ կան հայկական ֆուտբոլում, հնարավո՞ր է Մխիթարյանի վերադարձը հավաքականԾնողներին նաև այս խոսքերն են հունից հանել, տարակուսած են՝ ֆուտբոլային աշխարհում մարզիկների տեղափոխությունը նորություն չէ, ինչո՞ւ է «Փյունիկ»-ի սեփականատերը նախ իրենց երեխաներին «Փյունիկ»-ի համար անցանկալի անձ որակել, հետո վիրավորել։
Ծնողներից Ներսես Մովսիսյանը պատմում է՝ լուսանկարի տղաները հավաքականի կազմում կարևոր խաղի են մասնակցել, համացանցում տարածված լուսանկարները տեսել են խաղից մեկ օր առաջ ու խոշոր պարտություն կրել՝ 8։0 հաշվով։
«Իրենք միտումնավոր կամ կարող է ոչ միտումնավոր փակցրել են, որի մասին երեխաները իմացել են, ու 4 երեխաները առաջին օրը խաղացել են Լեհաստանի հետ, շատ անհաջող խաղ է ստացվել մեր թիմի համար, ու ես գտնում եմ, որ հոգեբանորեն ազդել է այս նկարն իրենց վրա», - շեշտեց նա։
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Կարեն Դոխոյանը տարիների իր փորձից է ասում՝ չի հիշում նման դեպք, երբ թիրախում երեխաները կլինեին. - «Գալիս է ինչ-որ մի ժամանակաշրջան, երբ երեխան կամ ծնողը հասկանում է, որ հիմա ինչ-ինչ պատճառներով պետք չի, որ իր կրթությունը շարունակի «Փյունիկ» ակումբում։ Ի՞նչ դուրս է գալիս, որ այդ որոշումը սեփականատերը սխալ է կարծում և իրավունք ունի՞ անվանել երեխաներին այդ բառերով»։
Թեև ավելի քան 2 շաբաթ է, ինչ այս թեման սպորտային մամուլի էջերում է, ու թեժ քննարկումներ են նաև համացացնում, «Փյունիկ» սպորտային ակումբը միայն երեկ հայտարարեց, թե ակադեմիայի նախկին սաներին վիրավորելու միտում չեն ունեցել։
«Եթե որևէ մեկը սա ընկալում է որպես վիրավորանք, ներողություն ենք խնդրում»,- նշված է պարզաբանման տեքստում:
Ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանն էլ «Ազատության» հետ զրույցում կրկնեց այս խոսքերը. - «Մեր նպատակն էր ապահովել ակումբի ու մեր մյուս երեխաների անվտանգությունը, մենք որևէ մեկին նեղացնելու կամ վիրավորելու նպատակ չունենք։ Եթե այդ հարցազրույցում ես ինչ-որ բան այնպես չեմ ասել, ներողություն եմ հայցում, թեև իրականում ես երևի այնքան էլ ճիշտ չեմ արտահայտվել, պարզապես իրականությունն այն է, որ հենց մեր ակումբում են իրենց որպես այդպիսին ընդունում։ Ես ուղղակի այդ ինֆորմացիան եմ փոխանցել»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Որոշել եմ վաճառքի հանել «Փյունիկ»-ը». ֆուտբոլային ակումբի նախագահԻսկ ինչո՞ւ են նկարները փակցվել ակումբի սպորտբազայի պատերին, ինչո՞ւ բոլորը չեն հանվում, «Ազատության» հարցին ակումբի սեփականատերն այսպես արձագանքեց՝ անվտանգության նկատառումներով է արվել։
«Մենք ուղղակի … նկարը, որ այս երեխեքին անցած տարի ունեին իրավունք, այս տարի իրավունք չունեն։ Ճիշտն ասած՝ շատը անում ենք ոչ թե այդ երեխեքին մի բանով վիրավորելու համար, այլ նրա համար, որ ապահովեմ անվտանգությունը այն երեխաների, որ մնացել են», - հավելեց նա։
«Օրինակ՝ «Նոա»-ի երկրորդ թիմը, որտեղ ընդգրկված են նոր փոխադրված երեխաները նաև, խաղեր կարող է անցկացնել «Փյունիկ»-ի տարածքում «Փյունիկ»-ի երկրորդ թիմի հետ, և այս պաշտոնական խաղերին չեն կարող նրանք արգելել երեխաների մուտքը։ Ստացվում է, որ սա պարզապես դեմոնստրատիվ մի ակցիա է ցուցադրելու, թե ինչ է սպասվում այն երեխաներին, որոնք հանկարծ կարող է որոշեն տեղափոխվել «Նոա», - ասաց Աննա Օհանյանը։
Մեր երեխաներն այդ ի՞նչ պիտի անեն, ի՞նչ անվտանգության մասին է խոսքը, հարցնում են ծնողները։ Իսկ «Նոա»-ի դիմումի հիման վրա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեն վարույթ է ընդունել: Թե արդյոք պատիժ կսահմանեն, առայժմ պարզ չէ։
«Նոա» ֆուտբոլային ակումբի զարգացման տնօրենն «Ազատությանը» նաև ասաց՝ իրենց դիմել են «Փյունիկ»-ից իրենց մոտ տեղափոխված անչափահաս ֆուտբոլիստների ծնողները, տղաներից մեկն անգամ Օհանյանին մի սքրին շոթ է ուղարկել, որտեղ «Փյունիկ»-ի հիմնադիրը գրառումերից մեկում կրկնել է նույն բառերն, ինչն ասել էր Ռադիո Վանի եթերում։
««Փյունիկ»-ի սեփականատերը մտել է իր էջ և բարկացած էմոջիներ է տեղադրել նրա բոլոր վերջին գրառումների տակ», - հավելեց Աննա Օհանյանը։
«Փյունիկ»-ի սեփականատերն էլ շարունակում է դժգոհել, ասում է՝ «Նոա»-ն ագրեսիվ քաղաքականություն է վարում, օգտվում է, որ ֆուտբոլիստների տեղափոխման համար փոխհատուցման վճարները ցածր են, մուծում է այդ գումարն ու բոլոր թիմերի ուժեղներին իր մոտ տանում: Պնդում է՝ «Նոա»-ն կսպանի Հայաստանի մանկապատանեկան ֆուտբոլը:
Ըստ Արթուր Սողոմոնյանի՝ իրենք հայկական մի քանի ակումբների հետ «ջենթլմենական պայմանավորվածություն» ունեն, որ մեկը մյուսից ֆուտբոլիստ չտանի, իսկ եթե անգամ խաղացողները ինքնուրույն են փորձում գնալ տարբեր ակումբներ, չեն ընդունում նրանց, մինչև չեն ունենում այդ ակումբի համաձայնությունը. - «Եթե մենք դրա դեմը չառնենք, դա կբերի նրան, որ ոչ ոք չի ուզենա փող ներդնել մանկապատենական ֆուտբոլում»։
«Նոա»-ի ներկայացուցիչ Աննա Օհանյանն ասում է՝ ակումբն այս առումով այլ դիրքորոշում ունի. - «Մենք կարծում ենք, որ միայն բարձր մրցակցության դեպքում է, որ հնարավոր է զարգացնել մանկապատանեկան ֆուտբոլը, լրացուցիչ մոտիվացիա ստեղծել ակումբների համար, որ ապահովեն լավագույն պայմաններ իրենց ֆուտբոլիստների համար»։
Անչափահաս տղաների ծնողները բացի դատարան դիմելուց, հույս ունեն, որ ֆուտբոլային միջազգային կառույցները նույնպես կարձագանքեն այս միջադեպին: «Նոա» ակումբից պնդում են՝ մինչև վերջ սատարելու են երեխաներին։ «Նոա»-ն նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ է դիմել։
Օրեր շարունակ լռող այս կառույցից միայն այսօր հայտարարությամբ հանդես եկան։ Պաշտպանն ընդգծել է, որ «պետությունը պարտավոր է գործուն քայլեր ձեռնարկել երեխաների նկատմամբ վատ և ոչ զգայուն վերաբերմունքը, բռնության ցանկացած դրսևորման, այդ թվում՝ հոգեբանական բռնության դրսևորումները, անձնական տվյալների պաշտպանության ոլորտում նրանց իրավունքների խախտման դեպքերը բացառելու ուղղությամբ»։