«Ազատությունը» զրուցել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին պաշտպան, մարզիչ, «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական Ռոբերտ Արզումանյանի հետ:
Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«Ազատություն». - Եվրոպայի առաջնությունում մեր հարևան Վրաստանի 1/8-րդ դուրս գալը մեծ հաջողություն էր, Վրաստանի պատմության ամենաերջանիկ օրերից մեկն էր, Հայաստանում հարևանների այդ հաջողությամբ ուրախացան, զուգահեռ քննարկվում է մի հարց՝ ինչո՞ւ վրացիները կարողացան, իսկ մենք՝ ոչ։
Ռոբերտ Արզումանյան. - Մենք չհայտնվեցինք, իսկ Վրաստանի հավաքականը հայտնվեց, գիտեք՝ դեպքեր եղել են, որ հայտնվել են, օրինակ, Լատվիայի նման հավաքականներ, որոնց հայտնվելը ես համարում եմ ինչ-որ մի տեղ պատահական, բայց Վրաստանի ազգային հավաքականի հայտնվելը Եվրոպայի հիմնական փուլում, չեմ գտնում, որ դա պատահականություն էր։ Նրանք եկել, հասել էին այս կետին և իրենց աշխատանքի արդյունքում արժանիորեն հայտնվեցին Եվրոպայի առաջնության հիմնական փուլում։ Ինչո՞ւ, որովհետև արդեն 10 տարուց ավելի է՝ վրացական ֆուտբոլում տեղի են ունենում փոփոխություններ, ես դա համարում եմ նաև հեղափոխություններ։ Եթե նայենք Վրաստանի ազգային հավաքականի կազմը, այնտեղ չկար մեկ ֆուտբոլիստ, ով այժմ խաղում է Վրաստանի ներքին առաջնությունում։ Բոլորը խաղում են արտասահմանյան ակումբներում։ Բայց, այդ ֆուտբոլիստների 95 տոկոսը Վրաստանում ծնված, Վրաստանի ֆուտբոլի դպրոցն ավարտած ֆուտբոլիստներ էին։ Դա, արդեն իսկ գնահատականն է, որ վրացական ֆուտբոլում տեղի են ունենում գործընթացներ։ Հենց տարբերությունն էլ դա է, որ մեր ֆուտբոլում ոչ այդքան արագ ու ոչ այդքան ցանկալի տեմպերով են տեղի ունենում փոփոխությունները։
Մանրամասները՝ տեսանյութում.