Ռուսաստանն ակտիվորեն աշխատում է «3+3» հարթակը լիարժեք կազմակերեպության ձևափոխելու ուղղությամբ, այսօր հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «Հայաստան-Ռուսաստան» երկրորդ ֆորումի ժամանակ։
Ըստ նրա՝ ձևաչափը կարևոր դեր ունի տարածաշրջանի բոլոր երկրների շահերը համադրելու հարցում։
«3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։ Վրաստանը հայտարարել է, որ հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։
Պաշտոնյանի խոսքով՝ Մոսկվան «չի խուսափում նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը»։
Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, թե Մոսկվան հավատարիմ է Հայաստանի հետ պայմանավորվածությունների ամբողջ փաթեթին և չի հրաժարվում ռազմաքաղաքական պարտավորություններից՝ շեշտելով՝ Ռուսաստանը տարիներ շարունակ անվտանգության ճարտարապետությունն է ձևավորել Հարավային Կովկասում և որ «Ռուսաստանի դերն այս հարցում միշտ պահանջված կլինի՝ հաշվի առնելով տարածաշրջանում և ամբողջ աշխարհում արագ զարգացող իրավիճակը»։
«Այս թեմայի շուրջ պատրաստ ենք Երևանի հետ անկեղծ և առարկայական խոսակցության», - հայտարարել է Միխայիլ Գալուզինը։
Երևանը բազմիցս է հայտարարել՝ Ռուսաստանը չի կատարել Հայաստանի հանդեպ իր պարտավարությունները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայ-ադրբեջանական հարաբերությունների սրումը ավելի շատ կախված է Ռուսաստանից, քան Ադրբեջանից. ԱԽ քարտուղար