Երևանը պատրաստակամ է ավարտին հասցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման և առանց արհեստական ձգձգումների ստորագրման աշխատանքները, նախօրեին Մալթայում, Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Միրզոյանը Մալթայում է ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։
Միրզոյանն ու Բոչորիշվիլին վերահաստատել են այս տարվա հունվարին երկու երկրների միջև հռչակված ռազմավարական գործընկերությամբ սահմանված ուղղություններով համատեղ ակտիվ աշխատանքի պատրաստակամությունը՝ միտված երկու հարևան երկրների ժողովուրդների բարեկեցության և տարածաշրջանում կայունության ապահովմանը:
Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հռչակագիրը ստորագրվել է այս տարվա հունվարի վերջին, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Վրաստանում էր։ Թե ինչ է ենթադրում այս համագործակցությունը ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Իրակլի Ղարիբաշվիլին այն ժամանակ չմանրամասնեցին, սակայն պնդեցին, թե օրը պատմական է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եթե լինի շահագրգռվածություն, Թբիլիսին պատրաստ է ակտիվ մասնակցել Երևանի և Բաքվի միջև բանակցություններին․ ԿոբախիձեՄիրզոյանը նաև հանդիպել է Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կրկին վերահաստատել է պատմական հնարավորությունն օգտագործելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պայմանագրի՝ սեղմ ժամկետներում ստորագրման հարցում Երևանի դիրքորոշումը:
Ընդգծվել է տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման և հաղորդակցության ուղիների ցանցի ընդլայնման կարևորությունը՝ որպես կայունության և տնտեսական փոխշահավետ համագործակցության զարգացման գրավական։
Միրզոյանն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգին և դրա իրականացման պարագայում ընձեռնվող հնարավորություններին։
Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծով Հայաստանի հետ Թուրքիայի ու Ադրբեջանի սահմանները բացվում են, արևելքից արևմուտք ճանապարհն անցնում է Հայաստանի տարածքով։ Եթե այս նախագիծն իրականություն դառնա, պաշտոնական Երևանի հաշվարկով՝ կստեղծվեն ենթակառուցվածքներ, փոխադարձ տնտեսական կախվածություն, ինչն էլ խաղաղություն երաշխիք կլինի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ադրբեջանը մտահոգված է, որ նախագիծը Հայաստանին միլիարդավոր օգուտներ կբերի»․ ինչու «Խաղաղության խաչմերուկն» իրականություն չի դառնում