Ինչո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի երբեմնի գիտաշխատող, մասնագիտությամբ պատմաբան արտգործնախարարը հայտարարում, թե Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը Արտգործնախարարության օրակարգը չէ, և որ Ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի թիվ մեկ առաջնահերթությունը չէ։
«Ցավոք սրտի, աշխատելով թանգարանում, այդքան էլ լավ չի ըմբռնել ցեղասպանություն եզրույթի էությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը:
Այն, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այլևս Հայաստանի թիվ մեկ առաջնահերթություններից չէ, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարեց այս շաբաթ խորհրդարանում:
«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարց օրակարգի վրա Արտգործնախարարության գոյություն ունի՞, թե՞ ոչ», - ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանի այս հարցին Արարատ Միրզոյանը պատասխանեց. - «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շուրջ, ինչպես կարող եք ենթադրել նրանից, որ ես առաջնահերթությունները թվարկելիս առանձին դրան չանդրադարձա, դա մեր թիվ մեկ առաջնահերթությունը չի, և պատմության անցքերը ողբերգական, Հայոց ցեղասպանությունը ուսումնասիրելը կամ այդ մասին, դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելը անշուշտ Արտաքին գործերի նախարարության օրակարգը չի»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչո՞ւ Թուրքիան ավելի քան 2 տարի չի բացում ցամաքային սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների համարՑեղասպանագետ Սուրեն Մանուկյանը զարմացել է արտգործնախարարի այս հայտարարությունից: Նա ընդգծում է՝ նախ երբևէ Հայոց ցեղասպանությունը նախարարության ուսումնասիրության հարցը չի եղել. նախարարությունները ոչ թե գիտական ուսումնաիրություններ են անում, այլ օգտվում են արդեն իսկ առկա հետազոտություններից և դրանք կիրառում Հայաստանի քաղաքականությունը տարբեր ոլորտներում առաջ տանելու համար:
«Իսկ Հայոց ցեղասպանության միջագային ճանաչումը Հայաստանի առաջնահերթություններից մեկն է, ընդհանրապես մեր պետության հիմնադիր փաստաթղթերի մեջ ամրագրված երևույթ է, եղելություն է: Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրով Հայաստանի Հանրապետությունը հանձն է առնում շարունակել և աջակցել, նպաստել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։ Այն հայտարարությունը, որ անում է Արարատ Միրզոյանը, հակասում է մեր Անվտանգության հայեցակարգին, և Կառավարության ծրագրին, որով ընտրվել է իրենց կուսակցությունը», - ընդգծեց ցեղասպանագետը:
Սուրեն Մանուկյանը հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ է այդ դեպքում արտգործնախարարը դեմ գնում Հայաստանի հիմնարար փաստաթղթերին. - «Ուրեմն պետք է լիներ կա՛մ ուժեղ արտաքին ճնշում դրսից, կա՛մ Թուրքիայի կողմից ճնշում, խոստում, չգիտեմ... Մի փոքրիկ զիջում է, որ դրա դիմաց ինչ-որ չափով գոնե ճանապարհը բացվի, ես չեմ հավատում, որ ամբողջությամբ կբացվի, բայց գոնե Թուրքիան կատարի այն խոստումը, որ ժամանակին, սրանից երկու տարի առաջ հայտարարել է, չէ՞, գոնե երրորդ երկրի քաղաքացիների համար մուտքը թույլատրվի»։
«Ի վերջո, այս իշխանությունները պատրաստվում են ընտրությունների: Հաջորդ ընտրություններից առաջ իրենց ընտրողներին պետք է գոնե որոշակի ինչ-որ արտաքին քաղաքական հաջողություններ, չէ՞, ցույց տան: Վերջին հաշվով, որ նայում եմ, բոլոր նախանշած կետերում տանուլ են տվել՝ Արցախի հարցը տապալել են, Արցախը հայաթափվել է, Թուրքիայի հետ սահմանը չեն բացել, թեև խոստացել են, ու դա էլ նախընտրական խոստումներում եղել է: Ի վերջո, իրենց, ըստ երևույթին, պետք է ինչ-որ գոնե մի փոքրիկ արտաքին քաղաքական հաջողություն, որը հետո կարողանան ցույց տան իրենց ընտրողներին», - ասաց ցեղասպանագետը:
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը «երկար տարիներ զսպել է Թուրքիայի ագրեսիվ գործողությունները»
Թե ինչ նպատակով է արտգործնախարար Արարատ Միրզոյանը շեշտում, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի թիվ մեկ առաջնահերթությունը չէ, հարցի մի կողմն է։ Ցեղասպանագետին մտահոգում է մեկ այլ հանգամանք՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, ըստ նրա, երկար տարիներ զսպել է Թուրքիայի ագրեսիվ գործողությունները Հայաստանի նկատմամբ. - «Հայաստանի համար մի տեսակ, այսպես, անվտանգության բարձիկ էր ապահովում Թուրքիայի հետ հարաբերություններում: Եթե մենք դա հանում ենք ընդհանրապես այս քննարկումներից, ապա Թուրքիան ընդհանրապես, այլ, այսպես, զսպող միջոցներ Թուրքիայի նկատմամբ մենք չունենք: Եվ այդ պարագայում է, որ Թուրքիան միշտ կարևոր է համարել այդ թեման միջազգային քննարկումներից հանելը»:
Մանուկյանը շեշտում է՝ ցեղասպանությունը պարզապես պատմական դեպք չէ, քաղաքական հանցագործություն է և պահանջում է նաև քաղաքական գնահատական ու իրավական հետևանք։ Եվ այս առումով պատահական չէ, որ Թուրքիան փորձում է հարցը տանել պատմաբանների տիրույթ՝ պնդելով, թե այն չպետք է խառնել քաղաքականության հետ։
«Մենք տեսնում ենք, որ Թուրքիան տարիներ շարունակ միշտ փորձել է այդ դաշտը տեղափոխել այն դաշտ, որը, ցավոք սրտի, մենք այսօր լսում ենք մեր պաշտոնյաների շուրթերից», - նշեց ցեղասպանագետը:
Եթե Հայաստանը հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, միևնույն է, ըստ գիտնականի, թեման միջազգային քաղաքականության մեջ մնալու է, քանի որ այն միայն հայերին չի վերաբերում՝ 1.5 միլիոն հայերի ցեղասպանությունը մարդկությա՛ն դեմ կատարված հանցագործություն է:
Հայոց ցեղասպանությունը նաև կմնա գիտնականների ուշադրության կենտրոնում՝ անկախ նրանից՝ Հայաստանի իշխանությունը դրա միջազգային ճանաչումից կհրաժարվի, թե՝ ոչ։
«Ես գոնե հույս ունեմ, որ այդ թեման ուղղակի չի արգելվի Հայաստանում, ինչպես դա Խորհրդային Միության ժամանակ էր: Խորհրդային Միության ժամանակ մինչև 1965 թիվը թեման ուղղակի արգելված էր, դու չէիր կարող դրանով զբաղվել: Ես հույս ունեմ, որ մենք գոնե դրան չենք հասնի, որ այդ թեման արգելվի Հայաստանում, և, համենայն դեպս, մենք կշարունակենք այդ թեմայով զբաղվել», - ասաց Սուրեն Մանուկյանը: