Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականներն Անկարայում քննարկել են ռազմական կապերի ընդլայնման հարցեր


Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարներն Անկարայում, 22-ը հոկտեմբերի, 2024թ․
Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարներն Անկարայում, 22-ը հոկտեմբերի, 2024թ․

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարներ Ագիլ Գուրբանովը, Հիքմեթ Միրզոևը (Ցամաքային զորքերի հրամանատար) և Նամիգ Իսլամզադեն (Ռազմաօդային ուժերի հրամանատար) աշխատանքային այցով ժամանել են Թուրքիա։

Ըստ Բաքվի՝ Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարներն Անկարայում մասնակցում են պաշտպանության, ավիացիոն և տիեզերական արդյունաբերության SAHA EXPO 2024 միջազգային ցուցահանդեսին։

Ադրբեջանի բարձրաստիճան զինվորականները երեկ Անկարայում հանդիպել են Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և նախագահի աշխատակազմին կից ռազմարդյունաբերության կոմիտեի ղեկավար Հալուք Գյորգյունի հետ, քննարկել ադրբեջանաթուրքական ռազմական կապերի հետագա ընդլայնումը, ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական ոլորտներում համագործակցության ներկա վիճակը և զարգացման հեռանկարները։

2023-ի հունիսին հայտարարվեց, որ Թուրքիան և Ադրբեջանը օդային տարածքի կառավարման համատեղ համակարգ են ներդնում։ HAKIM կոչվող համակարգի գործարկումից հետո թուրքական և ադրբեջանական ռազմաօդային ուժերը կվերահսկեն Էգեյան և Կասպից ծովերի միջև գտնվող ողջ տարածքը։ Այս նախագծով երկու երկրների ռազմաօդային ուժերը նաև հնարավորություն են ստանում համատեղ գործողություններ իրականացնել, վերահսկել Ադրբեջանի օդային տարածք։

Իսկ ավելի վաղ՝ 2021-ի հունիսին, Ադրբեջանն ու Թուրքիան Շուշիում փաստաթուղթ ստորագրեցին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ այն բարձրագույն մակարդակի է հասցնում Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը: Հռչակագիրը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG