Մատչելիության հղումներ

Նախատեսվում է Թուրքիայի ԶԼՄ-ների այց Հայաստան, կներկայացվի «Խաղաղության խաչմերուկ»-ը


Նախատեսվում է Թուրքիայի մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների այց Հայաստան, խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ հայտնեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Նրանց կներկայացվի Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։

Բացի այդ, ծրագիրը կքննարկվի նաև իրանցի գործընկերների հետ, որոնք քառօրյա այցով կլինեն Հայաստանում։

Հարությունյանի խոսքով՝ «Խաղաղության խաչմերուկի» առաջխաղացման համար այս տարի կամ հաջորդ տարվա սկզբին նախատեսում են ամբողջ տարածաշրջանից տարբեր փորձագիտական կենտրոնների ներկայացուցիչների հավաք Հայաստանում։

«Թեպետ բուն թեման «Խաղաղության խաչմերուկ»-ը չի լինելու, բայց նաև դա է արծարծվելու, և առաջիկայում մենք ունենալու ենք իրանցի գործընկերների չորսօրյա փորձագիտական այց Հայաստան, որտեղ նաև քննարկվելու է «Խաղաղության խաչմերուկ»-ը։

Նախատեսում ենք նաև Թուրքիայի մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների այց, որտեղ նաև «Խաղաղության խաչմերուկ»-ը կներկայացվի», - ասաց Արայիկ Հարությունյանը։

Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծով Հայաստանի հետ Թուրքիայի ու Ադրբեջանի սահմանները բացվում են, արևելքից արևմուտք ճանապարհն անցնում է Հայաստանի տարածքով։ Եթե այս նախագիծն իրականություն դառնա, պաշտոնական Երևանի հաշվարկով՝ կստեղծվեն ենթակառուցվածքներ, փոխադարձ տնտեսական կախվածություն, ինչն էլ խաղաղություն երաշխիք կլինի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG