Ստամբուլում կայացած հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են շարունակել ջանքերը խաղաղության պայմանագրի վերջնականացման և սեղմ ժամկետներում կնքման ուղղությամբ, ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Պաշտոնական Երևանը վերջին շրջանում քանիցս պատրաստակամություն է հայտնել ստորագրել խաղաղության պայմանագիրն արդեն համաձայնեցված հոդվածներով, Բաքուն, սակայն, դեմ է արտահայտվել։
Արտգործնախարարության հաղորդագրության մեջ չի նշվում՝ արդյոք սրան անդրադարձ եղել է, թե ոչ։
Նախարարներն այսօր ավելի վաղ Ստամբուլում մասնակցում էին «3+3» խորհրդակցական հարթակի հանդիպմանը։ Ադրբեջանի արտգործնախարարն այստեղ ևս ներկայացրել էր Բաքվի պահանջը Հայաստանին Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ։
Արարատ Միրզոյանն իր ելույթում առավելապես շեշտադրել էր տարածաշրջանի ապաշրջափակման կարևորությունը՝ բոլոր պետությունների ինքնիշխանության և իրավազորության հարգմամբ։
«Մենք Ադրբեջանին առաջարկել ենք մեր երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման և մաքսային ընթացակարգերի պարզեցման և երկու երկրների ինքնիշխանության և իրավասության լիարժեք հարգմամբ անվտանգության որոշ լրացուցիչ մեխանիզմներ ապահովելու եղանակներ», - նշել էր Հայաստանի ԱԳ նախարարը:
Հոկտեմբերի 7-8-ը Մոսկվայում տեղի ունեցած ոչ ֆորմալ շփումների ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել էր, որ արտաքին գործերի նախարարները երկօրյա հանդիպում ունենան, համաձայնեցնեն խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված մեկ-երկու հոդվածները, ապա երկրների առաջնորդները նախքան Բաքվում կայանալիք COP-29-ը ստորագրեն պայմանագիրը:
COP29-ը՝ ՄԱԿ-ի կլիմայական համաժողովը, Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվելու է նոյեմբերի 11-22-ը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկում են «3+3»-ը՝ խաղաղ պայմանագրի համար. Լավրով