Ստամբուլում նախատեսված է Միրզոյան-Բայրամով հանդիպում, «Ազատությանը» հայտնեց Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը։
Ինչպես տարբեր այլ հարթակներում, Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք է բերվել երկկողմ պայմանավորվածություն Ստամբուլում երկու երկրների ԱԳ նախարարների միջև հանդիպման անցկացման վերաբերյալ, ասաց ԱԳՆ խոսնակը։
Ստամբուլում այսօր ընթանում է «3+3» խորհրդակցական հարթակի հանդիպումը։ Ադրբեջանի արտգործնախարարն այսօր այստեղ ևս ներկայացրել է Բաքվի պահանջը Հայաստանին Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ։
«Տարածաշրջանում կայուն խաղաղության համար Հայաստանը պետք է փոփոխի Սահմանադրությունը», - ասել է Բայրամովը։
Արարատ Միրզոյանն իր ելույթում առավելապես շեշտադրել է տարածաշրջանի ապաշրջափակման կարևորությունը՝ բոլոր պետությունների ինքնիշխանության և իրավազորության հարգմամբ։
«Մենք Ադրբեջանին առաջարկել ենք մեր երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման և մաքսային ընթացակարգերի պարզեցման և երկու երկրների ինքնիշխանության և իրավասության լիարժեք հարգմամբ անվտանգության որոշ լրացուցիչ մեխանիզմներ ապահովելու եղանակներ», - նշել է Հայաստանի ԱԳ նախարարը:
- Արտգործնախարարները նախորդ անգամ հանդիպել էին Նյու Յորքում՝ ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ:
- Այս ամսվա սկզբին Մոսկվայում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին ընդառաջ կայացած ԱԳ նախարարների խորհրդի նիստին նախարարները մասնակցում էին, առանձին հանդիպում, սակայն, չկայացավ։
- «3+3»-ի 3-րդ հանդիպումը մեկնարկել է կեսօրին. ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած տարածաշրջանային համագործակցության այս ձևաչափին հարավկովկասյան երեք երկրներից միայն Վրաստանը չի մասնակցում։ Ընդգրկված են նաև Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան։