Մի քանի տարվա ապարդյուն հետախուզումից հետո Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին կդատեն հեռակա. դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը:
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի նկատմամբ այս տարվա օգոստոսից նոր քրեական հետապնդում է հարուցվել: Նախկին բարձրաստիճան պաշտոնյան անցնում է 76 դրվագով: Ըստ մեղադրանքի՝ առանձնապես խոշոր չափով խարդախություն կատարելու, կաշառք տալու, հակամրցակցային գործունեության, փողերի լվացման և այլ հանցագործությունների համար Մինասյանը ստեղծել և ղեկավարել է հանցավոր կազմակերպություն: Պետությանը 350 մլն դոլար վնաս է հասցրել:
Միքայել Մինասյանի փաստաբան Ամրամ Մակինյանն այսօր հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ, «Ազատությանն» ասաց՝ դատախազության որևէ գործողություն չի մեկնաբանում՝ ոչ մեղադրանքների, ոչ էլ հեռակա դատավարության հետ կապված:
Հայաստանի համար հեռավար դատավարությունը նորություն է՝ մինչև 2022 թվականը օրենքը նման հնարավորություն չէր տալիս: Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի խոսքով՝ Հայաստանն այն վերցրել է Եվրոպական դատարանի պրակտիկայից:
«Եվրոպական կոնվեցիայիով թույլատվում է դա, բայց որպես մեծ բացառություն, որովհետև ընդհանրապես հեռակա դատավարությունը համարվում է նահանջ հիմնական կանոնից», - «Ազատության» հետ զրույցում նշեց նա։
Մեղադրյալի բացակայությամբ դատաքննության կարգը սահմանում է քրեական դատավարության օրենսգիրքը:
Միջազգային իրավունքի մասնագետը հեռավա դատավարությունը ռիսկային է համարում, քանի որ դատարանը պետք է համոզված լինի, որ մեղադրյալը խուսափում է դատաքննությանը ներկա լինելուց, այլ ոչ թե այլ պատճառով չի կարող ներկայանալ նիստերին, իսկ արդարադատության շահը գերկա է, և պաշտպանի ներկայությամբ կարող է դատը շարունակվել: Ի՞նչ կլինի, եթե պաշտպանը չներկայանա. դատավորը հանրային պաշտպան կնշանակի՝ նման նախադեպ հայաստանյան դատական համակարգն ունի:
Հեռավար դատավարության ամենաբարդ մասը մեղադրյալի պատշաճ ծանոցումն ապահովելու օրենսդրական պահանջն ապահովելն է:
«Ինչպե՞ս համոզվել, որ մեղադրյալը գիտի, որ պատրաստվում են իրականացնել դատավարություն, բայց խուսափում է: Նախ պետք է համոզվել, որ հետախուզման մեջ է գտնվում։ Սա հեշտ է։ Բայց, դատավորը պետք է համոզվի, որ մեղադրյալը տեղյակ է։ Դրա պրակտիկա չունենք դեռ, ոչ էլ նախադեպային իրավունք, սա պետք է դեռ տարիների ընթացքում մեկնաբանվի», - ասաց նա, շարունակելով, - «Սովորաբար փաստերով են հիմնավորում, եթե հանրային դեմք է, անընդհատ լրտավիջոցները գրում են, անձն էլ հետևում է և հանրային տիույթում է»։
Դատելով դատախազության հաղորդագրությունից՝ հեռակա դատավարության մասին ծանուցվել է նախկին դեսպանի փաստաբանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միքայել Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման և փողերի լվացման մեջ. նա հետախուզման մեջ է
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նոր քրեական հետապնդում է հարուցվել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի նկատմամբ
Հայաստանի իրավապահների կողմից որոնվող 46-ամյա Մինասյանը մինչև 2021-ն իր խոհանոցից պարբերաբար քննադատում էր իշխանություններին, ներկայացնում, իր բնորոշմամբ, իշխանությունների ստերը։ 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նախկին դեսպանը պասիվացավ սոցցանցերում։ Այժմ էլ հայտնի չէ, թե ինչ է նա մտածում ամռանը հարուցված նոր քրեական հետապնդման մասին։ Բայց հայտնի է նրա դիրքորոշումը նախկին մեղադրանքների վերաբերյալ։ Փաստաբան Ամրամ Մակինյանն անցած տարիներին մի քանի անգամ «Ազատությանն» ասել էր՝ պաշտպանյալը մեղքը չի ընդունում, իսկ մեղադրանքները սին և հորինված են:
Ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու և ևս 13 հոդվածով մեղադրվող Մինասյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել 2020թ. մարտից: Սակայն, 2022 թվականին հայտնի դարձավ, որ Ինտերպոլը դադարեցրել է նրա հետախուզումը։ Դեռ այն ժամանակ պարզվել էր միայն, որ հենց Մինասյանն էր դիմել միջազգային որոնողական կառույցին իրեն որոնվողների ցանկից հանելու համար, Ինտերպոլն էլ բավարարել էր դիմումը։
Այս դեպքերից անցել է ավելի քան 2 տարի, բայց իրավապահներն այդպես էլ չմանրամասնեցին, թե ինչպես ավարտվեց Ինտերպոլի հետ իրենց աշխատանքը, և ի վերջո ինչ փաստարկներ էր Ինտերպոլին բերել Մինասյանը՝ համոզելով դադարեցնել հետախուզումը։ Պարզ չէ նաև, թե ինչ է արվել այս երկու տարվա ընթացքում՝ ծանր հանցանքների համար մեղադրվող նախկին դեսպանին հայտնաբերելու համար: