Մատչելիության հղումներ

Նոր քրեական հետապնդում է հարուցվել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի նկատմամբ


Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետախուզվող փեսային արդեն քանի տարի չհայտնաբերող իրավապահները նոր քրեական հետապնդում են հարուցել՝ դեռ 2018 թվականին հարուցված քրեական գործի երեք հոդվածներին ավելացնելով ևս 13-ը։ Դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Սամվել Հակոբյանի փոխանցմամբ՝ պետության կրած վնասը կազմում է 350 միլիոն դոլար։

«2009 թվականից հանցավոր գործունեությամբ, այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակությամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու, առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու և դրանց արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմամբ զբաղվելու նպատակով ստեղծել և ղեկավարել է հանցավոր կազմակերպություն», - նշեց Հակոբյանը:

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին ներկայացված ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու հոդվածներին ավելացել է մի նոր պատկառելի ցանկ, որում 76 դրվագ կա։

«Շահադիտական դրդումներով, այսինքն, իր կամ այլ անձի համար գույքային օգուտ ստանալու կամ գույքային ծախսերից կամ պարտավորություններից խուսափելու մղումով՝ ձեռնամուխ է եղել ապօրինի եղանակով Հայաստանի Հանրապետությունում տնտեսական գործունեություն ծավալող խոշոր ձեռնարկատիրական կազմակերպությունների կառավարմանը մասնակցելուն, կազմակերպություններից ստացված անօրինական եկամուտների ստացմանը, բաժնեմասերի կամ փայաբաժնի կամ նյութական այլ միջոցների հափշտակությանը», - ներկայացրեց Սամվել Հակոբյանը:

Ըստ դատախազ Հակոբյանի, նախկին նախագահի փեսայի՝ ապօրինի գործունեության ոլորտը լայն է ու բազմազան՝ հյուրանոցային, հանքարդյունաբերության բիզնեսից մինչև լրատվամիջոցներում փայ մտնել ու սեփականաշնորհել։

«2011 թվականի ապրիլի 25-ին օֆշորային կազմակերպություններից մեկի անվամբ Հայաստանի Հանրապետությունում հիմնադրել է «Սթորք ինվեսթմենք հոլդինգ» փակ բաժնետիրական ընկերությունը, որում անցկացված խորհրդակցությունների միջոցով ստեղծել են ստվերային կառավարում: Էդ ընկերությունում ընդգրկվել են հանցավոր կազմակերպության վստահելի մասնակիցները մանրակրկիտ ու երկարատև պլանավորվել են հանցավոր կազմակերպության հետագա գործողությունները», - նշեց նա:

Այս նոր հոդվածների մասին հայտնի չէ, թե ինչ է մտածում Մինասյանը։ Նրա փաստաբանի հետ կապ հաստատել «Ազատությանը» դեռ չի հաջողվում։ Բայց հայտնի է նրա դիրքորոշումը նախկին մեղադրանքների վերաբերյալ։ Փաստաբան Ամրամ Մակինյանն անցած տարիներին մի քանի անգամ «Ազատությանն» ասել էր՝ պաշտպանյալը մեղքը չի ընդունում, իսկ մեղադրանքները սին են և հորինված են համարում։

«Առնվազն ամիսներ շարունակ ակնհայտ պայմաններում պարոն Մինասյանի նկատմամբ իրականացվող քրեաքաղաքական հետապնդման արդյունքն այն է, որ պարոն Մինասյանի նկատմամբ այս պահի դրությամբ էլ կալանավորման որոշում առկա չէ: Մեղադրանքները բացարձակ հիմնազուրկ են, ես ասացի, գնահատականներ տվեցի, դրանք ցանկությունների արձանագրում են А4 ֆորմատի վրա», - նշել է Մակինյանը:

Հայաստանի իրավապահների կողմից որոնվող 46-ամյա Մինասյանը մինչև 2021 թվականն իր խոհանոցից պարբերաբար քննադատում էր իշխանություններին, ներկայացնում, իր բնորոշմամբ, իշխանությունների ստերը։ 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նախկին դեսպանը պասիվացավ սոցցանցերում։

Դատախազությունը չի բացահայտում՝ Ինտերպոլի կողմից Մինասյանի նկատմամբ հետախուզումը դադարեցնելուց հետո ի՞նչ է արել նրան գտնելու համար

Գլխավոր դատախազությունը մինչև հիմա չի բացատրում, թե Ինտերպոլի կողմից Մինասյանի նկատմամբ հետախուզումը դադարեցնելուց հետո ի՞նչ է արել նրան գտնելու համար։

2022 թվականին դատախազությունը լրատվամիջոցներից էր տեղեկացել, որ արդեն մի քանի ամիս է, ինչ Ինտերպոլը դադարեցրել է ծանր հոդվածներով մեղադրվող Մինասյանի հետախուզումը։ Այն ժամանակ պարզվել էր միայն, որ հենց Մինասյանն էր դիմել միջազգային որոնողական կառույցին իրեն որոնվողների ցանկից հանելու համար, Ինտերպոլն էլ բավարարել էր դիմումը։

Այս դեպքերից անցել է 2 տարի, բայց իրավապահներն այդպես էլ չմանրամասնեցին, թե ինչպես ավարտվեց Ինտերպոլի հետ իրենց աշխատանքը և ի վերջո՝ ինչ փաստարկներ էր Ինտերպոլին բերել Մինասյանը՝ համոզելով դադարեցնել հետախուզումը։

Վարչապետ Փաշինյանը դեռ 2020 թվականին էր պնդել, թե Մինասյանը պետք պատասխանատվության ենթարկվի թալանի համար. - «Բա էդ լրատվամիջոցները ինչո՞վ ա ֆինանսավորել Միքայել Մինասյանը։ Երբ որ ասում ենք Սերժ Սարգսյանի կոռումպացված գործունեության մասին, նկատի ունենք, որ ինքը գնացել անձամբ ստեղ-ընդեղ փայ ա մտե՞լ... Հանքարդյունաբերությունից սկսած, էներգետիկայից սկսած, լրատվական դաշտից սկսած, գովազդային դաշտից սկսած»:

Դատախազ Հակոբյանը հավաստիացնում է՝ Մինասյանի գործով վաղեմության ժամկետները չեն անցել, դեռ տասը տարի կա։ Այս նոր հոդվածներով ապացույցները պատրաստվում են ուղարկել Ինտերպոլին։ Իսկ ինչո՞ւ նորից թարմացրին այս գործը, երբ նույնիսկ Մինասյանին հայտնաբերելու հարցում արդյունք չունեն. դատախազի պնդմամբ՝ քննչական գործողությունները երբեք էլ չեն դադարել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG