ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Հայաստանին 2000-ական եվրո վճարել 14 քաղաքացու

2014 թվականի երգչուհիներ Ինգա և Անուշ Արշակյանների մասնակցությամբ «Ֆեյսբուքյան ասուլիս»-ն ու դրան հաջորդած ոդիսականը պատճառ է դարձել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) պարտավորեցնի Հայաստանին 14 քաղաքացու 2000-ական եվրո վճարել նրանց խախտված իրավունքների փոխհատուցման համար։

ՄԻԵԴ-ն իր վճիռը հրապարակվել է նախօրեին, ըստ դրա՝ պետությունը չի պաշտպանել դիմումատուներին խտրականությունից, իսկ նրանց անձնական կյանքն՝ անհիմն միջամտությունից։

«Մենք դիմեցինք առաջին ատյանի դատարան, հետո չբավարարվեց մեր պահանջը, այնուհետև դիմեցինք վերաքննիչ դատարան, վճռաբեկ դատարան, սպառեցինք բոլոր ներպետական միջոցները ու ակնհայտ դարձավ, որ ներպետական դատական համակարգն էս խնդրին չի կարողանում պատշաճ լուծում տալ ու չի կարողանում պատշաճ պաշտպանել հայցվորներին ու նրանց իրավունքը», - ներկայացրեց փաստաբան Նվարդ Փիլիպոսյանը:

Դատական գործի նախաբանի մասին. «Եվրատեսիլ» մրցույթին տրանսգենդեր արտիստ Կոնչիտային տրված ցածր միավորներից հետո հայաստանյան ժյուրիի անդամ երգչուհի Անուշ Արշակյանը հարցազրույց էր տվել «Առավոտ»-ին ու ասել, թե «Կոնչիտային վերջին տեղերում եմ դրել՝ ներքին հակակրանքից դրդված»։ Հայտարարությունից հետո մեծ աղմուկ էր բարձրացել, ինչից հետո «Ազատություն»-ը երգչուհի քույրերին հրավիրել էր «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի, որի հարցերի էջում հարյուրավոր մարդիկ էին գրել՝ մի մասը մեղադրելով երգչուհիներին հոմոֆոբ լինելու մեջ։

Հաղորդումից հետո «Իրավունք» օրաթերթը կազմել էր Արշակյան քույրերին հարցեր ուղղած մարդկանց այսպես ասած «սև ցուցակ», վիրավորել, կոչ արել ընթերցողներին չհանդուրժել նրանց, ապա այլ հոդվածներում էլ անդրադարձել նրանցից ոմանց անձնական կյանքին և այլն։

Իրավապաշտպան Նվարդ Փիլիպոսյան

«Իրենք խտրականության են ենթարկվել և՛ իրենց ակտիվիստական գործունեության համար, և՛ իրենց ենթադրյալ սեռական կողմնորոշման համար, որն ակնհայտ է դառնում թերթի հոդվածագրի արտահայտություններից», - նշեց փաստաբանը:

Եվրոպական դատարան դիմած 14 անձանց ՄԻԵԴ-ում ներկայացրած Նվարդ Փիլիպոսյանի խոսքով՝ չնայած համառ ջանքերին, 10 տարի առաջ այդպես էլ չեն կարողացել Հայաստանի դատարանների միջոցով պարտավորեցնել «Իրավունք» օրաթերթին ու վերջինիս՝ անցյալ տարի կյանքից հեռացած խմբագիր Հովհաննես Գալաջյանին ներողություն խնդրել։

Հայաստանում դատարանը որոշել էր պաշտպանել «Իրավունք» օրաթերթի խոսքի ազատությունը ու անգամ պարտավորեցրել էր դատարան դիմած անձանց փոխհատուցել Գալաջյանի փաստաբանի ծախսերը։

ԼԳԲՏ համայնքի իրավապաշտպան Մամիկոն Հովսեփյանը Իրավունքի «սև ցուցակում» էր. - «14 հոգով փաստաբանների աջակցությամբ դիմում ուղարկեցինք Եվրադատարան ու 10 տարի անց դատարանը վերջապես որոշում կայացրեց, որ Հայաստանը կրկին ձախողել է, այսինքն, արդյունավետ չի քննել խտրականությանը վերաբերող գործը»:

Եվրոպական դատարանը, սակայն, համարել է, որ խոսքի ազատությունը կարող է սահմանափակվել, որ «չոտնահարվեն մյուսների իրավունքներն ու արժանապատվությունը»:

«Միանշանակ է, որ նորից դատարանն իր դիրքորոշումը պնդեց, որ եթե կա ատելության խոսք, մենք չենք կարող խոսել խոսքի ազատության մասին», - ընդգծեց Նվարդ Փիլիպոսյանը:

Հայաստանում դեռ չի ընդունվել խտրականության դեմ օրենք

Իրավապաշտպան Մամիկոն Հովսեփյան

Ինչ կլիներ եթե ոտնահարված արժանապատվությունը վերականգնելու դիմումով ոչ թե 2014-ին, այլ հիմա մի խումբ անձինք դիմեին դատարան ներկա իշխանությունների համակրանքը վայելող որևէ լրատվամիջոցի դեմ։ Իրավապաշտպան Մամիկոն Հովսեփյանի կարծիքով՝ իրավիճակը հնարավոր է, նույնը լիներ, կախված դատավորի անձնական մոտեցումից, քանի որ Հայաստանում արդեն 1 տասնամյակ քննարկվում է, բայց այդպես էլ չի ընդունվել խտրականության դեմ օրենք։

«Կազմակերպությունները տրամադրել են առաջարկություններ ու այդ առաջարկությունները սահուն ձևով մերժվում են, չեն ուզում, որ ունենանք լավագույն չափանիշներով օրենք, որը բոլորին կօգնի խտրականությունից զերծ մնալ», - ասաց Հովսեփյանը:

«Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագիծը կառավարություն, ապա Ազգային ժողով այդպես էլ չի հասել։ Արդարադատության նախարարությունից տեղեկացանք, որ նախագիծն առաջիկայում պետք է ուղարկվի կառավարություն, հստակ վերջնաժամկետ չկա։