Մեծսեպասարցի Մյասնիկ պապն անհանգիստ է՝ մի քանի օր է լուր չունի Կուրսկի մոտ ապրող հարազատից

Մեծսեպասարցի Մյասնիկ պապն անհանգիստ է՝ քանի օր է լուր չունի Կուրսկում ռազմական գործողություններին մոտ ապրող հարազատից։ Սկզբում լսել են, որ տարհանվել են, հետո ազգականը ետ է գնացել, թե տուն ու տեղ, անասուններն են այնտեղ մնացել։ Դրանից հետո այդ բարեկամի հետ կապվել չեն կարողանում։

Հայաստանի արտգործնախարարությունից հայտնեցին, թե երեկվա դրությամբ Կուրսկում տուժածների կամ զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների կամ հայերի առկայության մասին այս պահին տվյալներ չունեն։

Մեծ Սեպասարից տասնյակ ընտանիքներ դեռ խորհրդային տարիներին են հաստատվել Կուրսկի մարզում, որտեղ մեկ շաբաթից ավելի է մարտեր են ընթանում։ Մոտ հինգ հազար հայ է այնտեղ ապրում։ 83-ամյա տղամարդն ասում է՝ իրենց տոհմի մեծ մասը Կուրսկ քաղաքում է՝ ապրում են, աշխատում, տուն ու տեղ են դրել։ Հենց մարզկենտրոնում ապրող հարազատների հետ ամեն օր խոսում է։ Այսօր էլ մեր ներկայությամբ զանգահարեց: Առաջինը կրակոցների մասին է հարցնում։

Ազգականը պատմեց, որ թեև հենց Կուրսկ քաղաքում իրավիճակը հանգիստ է, բայց ամեն դեպքում ապահովության համար երեխաներին առաջիկա օրերին կտարհանի, եթե վտանգավոր դառնա, տարհանվելու մասին ինքն էլ կմտածի։

Մեծսեպասարցի Պետրոս Մելիքյանի ազգականներն էլ են Կուրսկում։ Անձամբ ինքը չի խոսել, բայց եղբորորդին պարբերաբար կապի մեջ է նրանց հետ։

Մեծ Սեպասարից նաև Ուկրաինայում ապրողներ կան։ Պատերազմը համագյուղացիներին ճակատի երկու կողմում է թողել, մտահոգվում են գյուղի տարեցներն ու հիշում՝ ժամանակին եղբայրական, հիմա թշնամական հարաբերություններ ունեն, որից խաղաղ բնակիչներն են տուժում։

Ավելի մանրամասն՝ «Ազատության» ռեպորտաժում.