Թեև «Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին» օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարանում դեռ չի քննարկվել, այսօր աշխատանքային այցով Դավոսում գտնվող Հայաստանի վարչապետը հայտնեց՝ մեծ հավանականությամբ Ազգային ժողովն այն կընդունի:
«Եվրաքվե»-ի ներկայացրած ու կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը խորհրդարանի Եվրաինտեգրման հանձնաժողովը վաղն արտահերթ նիստում է քննարկելու: Փաշինյանն այսօր Դավոսի տնտեսական ֆորումի պանելային քննարկմանը բացատրեց՝ օրինագծի ընդունումը իրավաբանորեն նշանակում է՝ Հայաստանի կառավարությունը սկսում է Եվրամիությանն ավելի ու ավելի մերձենալու գործընթացը։ Իսկ Եվրամիությանը մոտ լինելու ցանկությունը, Փաշինյանի խոսքով, պայմանավորված է նրանով, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է:
Your browser doesn’t support HTML5
Դավոսում Փաշինյանը խոսել է «խաղաղության խաչմերուկ» ծրագրից
ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցրած և դժգոհությունների պատճառով կառույցի հետ համագործակցությունը դադարեցրած կառավարության ղեկավարը Դավոսում ևս պնդեց՝ Հայաստանը բալանսավորված և բալանսավորող արտաքին քաղաքականություն է վարում: Նշեց՝ Եվրամիության հետ մոտենալու որոշման մասին խոսում են Իրանի, Ռուսաստանի, տարածաշրջանի մյուս երկրների հետ:
«Կարծում եմ՝ սա առաջ շարժվելու միակ պրագմատիկ ճանապարհն է, բայց չմոռանալով բալանսների մասին, որովհետև բալանսից շեղվելը կարող է առաջ բերել շատ ծանր հետևանքներ անվտանգության և կայունության համար, ոչ միայն կոնկրետ երկրի, այլ տարածաշրջանի և գլոբալ կայունության համար, որովհետև որևէ երկրում, նույնիսկ փոքր, ապակայունությունը կարող է լինել շղթայական։ Այդ իսկ պատճառով, կարծում եմ, բալանսավորելը և բալանսավորված լինելն ամենակարևոր առաջադրանքն է», - ընդգծել է Փաշինյանը։
Շարունակելով ԵՄ-ի հետ համագործակցության թեման՝ Հայաստանի վարչապետը հույս հայնտեց, որ հնարավորինս շուտ կավարտեն վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները, կարևորեց դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանի սահմաններին: Ասաց՝ հույս ունեն նաև տնտեսական կապերը խորացնել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը կարող է երկարաձգվել երկու տարով«Բայց մյուս կողմից մենք ուզում ենք տնտեսապես մոտ լինել նաև մեր տարածաշրջանային երկրների հետ։ Որովհետև, դժբախտաբար, մեր անկախության հենց սկզբից գտնվել ենք տնտեսական մեկուսացման մեջ, որովհետև մեր սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ էին և շարունակում են փակ մնալ», - ասել է Նիկոլ Փաշինյանը։
Որպեսզի փոխվի իրավիճակը, Փաշինյանը կարևորեց կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացումը, որն ասաց՝ ուղիղ կապ ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հետ. - «Հաճախ մարդիկ ինձ հարցնում են՝ արդյոք ես լավատե՞ս, թե՞ վատատես եմ այս հարցում։ Պետք է ասեմ, որ ես ո՛չ լավատես եմ, ո՛չ վատատես։ Ես պրագմատիկ եմ և կարծում եմ, որ պետք է աշխատենք այնքան, մինչև խնդիրը լուծվի»:
Հայաստանի վարչապետն այդ ճանապարհին ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը: