Բագրատ սրբազանի շարժումը Բաղրամյան պողոտայից, հրապարակից տեղափոխվում է սուրբ Աննա եկեղեցու բակ, երկրորդ խաղակեսն է սկսվում, երեկ Բաղրամյանում ազդարարեց արքեպիսկոպոսը։ Ի՞սկ ինչ է սպասվում երկրորդ խաղակեսում։ Ըստ նրա՝ հավաքվելու են՝ ունենալու թե՛ գաղափարական զրույցներ, թե՛ տեղեկատվական փոխանցումներ։
Անհնազանդության ակցիաներից, հավաքներից վերադարձը եկեղեցու բակ ընդդիմադիր առաջնորդը նահանջ չի համարում. - «Մտքներովդ չանցնի, որ այս փուլը նահանջի փուլ է։ Սա վերակազմակերպվելու փուլ է»։
Փողոցային պայքարին ու հանրահավաքներին նախատեսո՞ւմ են վերադառնալ, սրբազանն այս անգամ ժամկետներ չնշեց։ Հրապարակ մտնելու առաջին օրը՝ մայիսի 9-ին մեկ ժամ 20 րոպե էր տվել Փաշինյանին իշխանությունից հեռանալու համար։ Մեկ ամիս անց 96 ժամում խոստացավ պայքարը տրամաբանական ավարտին հասցնել։ Պայքարի փուլը, որ վճռական էր կոչել, ավարտվեց հունիսի 12-ին՝ Ազգային ժողովի դիմաց՝ ոստիկանների ու ցուցարարների բախումներով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեր ծրագիրը չիրականացվեց, որովհետև աննախադեպ միջոցներ էին կիրառվել. Գառնիկ ԴանիելյանԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իշխանական պատգամավորները չներկայացան ընդդիմության հրավիրած արտահերթ նիստին. քվորում չապահովվեց
Քաղաքական ուժերի հետ հանդիպումները, քննարկումները շարունակվելու են, որ իշխանության դեմ պայքարն ավելի նպատակային ու կարգավորված լինի։ Հուժկու, թիրախավորված ու կտրուկ քայլեր է խոստանում ընդդիմության վարչապետի թեկնածուն, բայց էլի առանց հստակությունների։
Ի՞նչ նկատի ունի Բագրատ սրբազանը, երբ խոսում է պայքարը վերաձևակերպելու մասին, շարժմանն աջակցող ուժերից «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը պարզաբանում է։
«Եթե կարճ լինենք, շարժման նպատակը գործող իշխանության հեռացումն էր, որը տեղի չի ունեցել», - ասաց նա, շարունակելով, - «Որ ավելի արդյունավետ լինի պայքարը, որովհետև այս պահին ակնհայտ է, պետք է անկեղծ լինենք, որ ակնկալել, որ 1-2 օրվա ընթացքում հնարավոր է իշխանափոխություն, թե բնական է, որ … այսինքն՝ ավելի երկարաժամկետ պայքարի ճանապարհին ինչ ավելի արդյունավետ գործիքներ օգտագործվի»։
Իսկ ի՞նչ է տեղի ունեցել այս ընթացքում, որ կհամարի «առաջին խաղակեսի» հաջողություն, Մեսրոպ Առաքելյանն արձագանքեց. - «Շարժումն ի՞նչ կարևոր բան արձանագրեց, որ հասարակության մոտ կա տոտալ դժգոհություն իշխանության նկատմամբ, և հասարակությունն ուզում է և պատրաստ է փոփոխություններ իրականացնել»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հարձակում», «ահաբեկչություն». իշխանության և ընդդիմության գնահատականները խորհրդարանի մոտ դեպքերին
Վարչապետի թիմակիցները առաջին օրերից պնդում են՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մարում է, ու Փաշինյանի հրաժարականի պահանջը կեղծ է։
Բագրատ սրբազանին կհաջողվի՞ այս փուլում քաղաքական ուժերի լայն համախմբման հասնել. Մեսրոպ Առաքելյանը սա առաջնային չի համարում իշխանության հրաժարականին հասնելու համար։ Առանցքայինն, ըստ նրա, այն է, որ հաջողվի մարդկանց լայն զանգվածներ փողոց դուրս բերել։