Մատչելիության հղումներ

Մեր ծրագիրը չիրականացվեց, որովհետև աննախադեպ միջոցներ էին կիրառվել. Գառնիկ Դանիելյան


«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ասում է, որ շարժումը հունիսի 12-ին իր ծրագրածը չկարողացավ իրականացնել աննախադեպ ուժի կիրառման պատճառով։

«Ազատության» հարցին, թե ուժի մեջ է արդյոք կարճ ժամանակում փողոցով իշխանափոխության ծրագիրը, նա պատասխանեց. - «Երբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը արդեն Կիրանցից եկավ, ամսի 9-ին մենք հանրահավաք արեցինք, բազմամարդ հանրահավաք էր, մենք հույս ունեինք, որ կարճ ժամանակահատվածում կարող ենք հեռացնել իշխանություններին, բայց մի քանի օր հետո սկսեցին շարժման այն մարդկանց, որոնք մասնակցում են այդ հանրահավաքներին, իդենտիֆիկացնել, կանչել տարբեր տիպի գերատեսչություններ՝ ԱԱԾ, ոստիկանություն, քննչական բաժանմունքներ, տարբեր խմբերի առանձնացնել, պետական գերատեսչությունների աշխատողներին առանձին սպառնալիքներով հանդես գալ և աշխատեցին շարժումը որոշակի առումով թուլացնելու ուղղությամբ։

Այդ առումով արագ հաջողության հասնելու մեր նպատակը չեղավ, մի քիչ ավելի երկարաժամկետ տևեց այդ ընթացքը»։

Ինչ վերաբերում է հունիսի 12-ին, երբ ոստիկանությունը հատուկ միջոց կիրառեց խորհրդարանի հարակից տարածքում՝ Բաղրամյան-Դեմիրճյան հատվածում, ապա Գառնիկ Դանիելյանը նշեց՝ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը չէր պատկերացնում, որ խաղաղ ցուցարարների վրա այդ տիպի ճնշումներ կլինեն։

«Այն, որ կիրառեցին այդ հատուկ միջոցները, անկեղծ ասած, իր համար անսպասելի էին նման տիպի վայրագությունները։ Այն, ինչ որ մենք մտածում էինք, որ պետք է այդ օրը լինի, ցավոք սրտի, ուժի կիրառմամբ այդ ամբողջ ծրագիրը, որ ամբողջությամբ մենք մտածել էինք, չիրականացվեց, չիրականացվեց նրա համար, որովհետև աննախադեպ միջոցներ էին կիրառվել», - ասաց պատգամավորը։

Ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել տեսանյութում

XS
SM
MD
LG