Եվրահանձնաժողովի փոխնախագահը Հայաստանում է՝ մեկնարկելու վիզաների ազատականացման երկխոսությունը

Մեկնարկել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասի այցը Հայաստան՝ վիզաների ազատականացման շուրջ քաղաքական մակարդակով երկխոսություն սկսելու։

X-ի իր միկրոբլոգում Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը լուսանկար է հրապարակել, գրելով. - «Ուրախ եմ ողջունել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասին Հայաստանում` Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների համար՝ Հայաստան-Եվրամիություն գործընկերությունն ամրապնդելու և վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու նպատակով»։

Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ էլ նշվում է, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ քաղաքական մակարդակով վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկն ազդանշան է Եվրամիությանը և նրա անդամ երկրներին ԵՄ-ի և ՀՀ-ի միջև առանց այն էլ ամուր գործընկերությունը խորացնելու վճռականության մասին։

«Ինչպես ցույց է տվել երրորդ երկրների փորձը, Հայաստանի հետ այս երկխոսությունը բազմամյա գործընթաց է լինելու, որը կիրականացվի ԵՄ անդամ երկրների հետ շատ սերտ համագործակցությամբ՝ վերահսկելու բարեփոխումների առաջընթացը և զարգացումները», - նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Եվրահանձնաժողովը նկատում է, որ երկխոսության նպատակն է վերացնել ԵՄ-ում կարճատև մնալու համար Հայաստանի քաղաքացիների համար վիզայի պահանջը, երբ ՀՀ իշխանությունները զգալի բարեփոխումներ իրականացնեն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ճամփորդական փաստաթղթերի անվտանգությունը, սահմանը, միգրացիան, ապաստանի կառավարումը, հասարակական կարգն ու անվտանգությունը, ազատ տեղաշարժի հետ կապված հիմնարար իրավունքները:

Եվրամիությունը անդամ բոլոր երկրների դեսպանների մակարդակով հուլիսի 17-ին հավանություն էր տվել Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու Եվրահանձնաժողովի առաջարկին։

Վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու և Խաղաղության հիմնադրամից Հայաստանին օգնելու որոշումներն ընդունվեցին Երևանի ու Բրյուսելի միջև վերջին շրջանում սերտացած բանակցությունների ֆոնին։

Վիզաների ազատականացումը նման է Եվրամիության մյուս գործընթացներին՝ շատ մանրակրկիտ, մեծապես տեխնոկրատական գործընթաց է, նաև քաղաքական, քանի որ որոշումը պետք է հաստատվի անդամ պետությունների կողմից, «Ազատությանը» տված հարցազրույցում ասել էր ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին Երևանում կմասնակցի Եվրահանձնաժողովի փոխնախագահը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չնայած վիզային՝ մուտքի արգելք Բուլղարիայում, մի քանի օր մեկուսարանում հայաստանցիների համար

Սրան նախորդել էին իշխանությունների, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստ է մոտենալ Եվրամիությանն այնքան, որքան Բրյուսելը հնարավոր համարի, ապա արտգործնախարար Արարատ Միրզոյանն էր ասել՝ Հայաստանը քննարկում է Եվրամիությանն անդամակցության հնարավորությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուր են հասել ՀՀ-ԵՄ քննարկումները՝ անվտանգությունից մինչև վիզաների ազատականացում. Մանրամասներ Բրյուսելից