Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը սեպտեմբերի 9-ին կայցելի Հայաստան։ Հանձնաժողովի հաղորդմամբ՝ նա Երևանում մասնակցելու է Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին:
Եվրոպացի պաշտոնյան հանդիպումներ կունենա նախագահի, վարչապետի, փոխվարչապետի, արտգործնախարարի հետ։
Եվրամիությունը անդամ բոլոր երկրների դեսպանների մակարդակով հուլիսի 17-ին հավանություն էր տվել Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու Եվրահանձնաժողովի առաջարկին։
Վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու և Խաղաղության հիմնադրամից Հայաստանին օգնելու որոշումներն ընդունվեցին Երևանի ու Բրյուսելի միջև վերջին շրջանում սերտացած բանակցությունների ֆոնին։