Մարությանն առաջարկում է բոյկոտել փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող հանրային տրանսպորտի սակագները

Բոյկոտել փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող հանրային տրանսպորտի սակագները, առաջարկում է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, իսկ բոյկոտի ձևը Մարությանը քաղաքացիների հետ է քննարկում, զուգահեռ ստորագրահավաքը շարունակում:

«Բացարձակ ոչ մի հաշվարկ չկա այս ամեն ինչի տակ դրված։ Հայտարարում են, ասում են՝ 144 դրամ է միջինում տոմսը, աշխարհում մաթեմատիկոս չկա, որը կարող է այս հաշվարկը տալ, որովհետև չունենք չունեն ելակետային տվյալները», - ասաց Մարությանը:

Քաղաքացիներն իրենց տարբերակն ունեն. - «Ստորագրեցի, որովհետև անարդար է, որ 100 դրամից ավելի վճարենք, նախ, թոշակի գումարը չեն ավելացնում...»:

«Ես միայն մի դեպքում փաթեթից կօգտվեի ու կգտնեի, որ ճիշտ որոշում է, եթե մեր հարևան երկրի նման էդ փաթեթի գումարը, որը չեն օգտագործել, գնա մյուս ամիս, ոնց որ մյուս քաղաքակիրթ երկրներում: Այնպես որ ես փետրվարի 1-ից ոչ մի կոպեկ տրանսպորտին չեմ վճարելու», - ասաց մեկ այլ քաղաքացի:

Երևանցիների մտադրությանը քաղաքապետ Տիգրան Ավինյանը մի քանի լրատվամիջոցի հետ զրույցում արդեն արձագանքել է. - «Ամեն մարդ իրավունք ունի անել այն, ինչ ինքը ճիշտ է համարում, բայց Երևանի քաղաքապետարանն էլ ունի պարտավորություն իր պատասխանատվության ներքո ծառայությունները մատուցել պատշաճ որակով, եթե մենք ուզում ենք Երևան քաղաքում ունենալ բարվոք տրանսպորտային համակարգ, որն օր օրի զարգանում է, փոխվում, համապատասխան քայլերը պետք է ձեռնարկվեն: Երևանի քաղաքապետարանը չի կարող խորշել նույնիսկ դժվարին որոշումներից»:

Միասնական տրանսպորտային համակարգին Մարությանը կողմ է, ասում է՝ Ավինյանի թիմի նախագիծը մեկ կետով է ընդամենն ուզում լրացնել՝ բոլոր փաթեթների հետ պահպանել նաև մեկ երթի համար 100 դրամ սակագինը, նախագիծն էլ արդեն ներկայացրել են ավագանու քննարկմանը, օրենքը սահմանում է, որ այն առավելագույնը 4 ամսվա ընթացքում պետք է քննարկվի:

«Ինչպես տեսնում եք, բնակչության մեծամասնությունն օգտվում է մեկ ուղևորությունը 100 դրամ տարբերակից: Թող մի հատ հայտարարեն, թե այսօրվա դրությամբ քանի՞ հոգի է գնել այդ փաթեթներից, չեն հայտարարում, որովհետև կա՛մ շատ փոքր քանակ է, կա՛մ ընդհանրապես չկա», - ասաց Հայկ Մարությանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փետրվարի 1-ից տրանսպորտը կթանկանա. երևանցիների քանի տոկոսը կկարողանա վճարել

Նախին քաղաքապետը կրկին դիմեց նախկին թիմակցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հիշեցրեց՝ հանրային տրանսպորտի խնդիրը սոցիալական է. - «2018 թվականին նա հենց սոցիալական անարդարության դեմ պայքարի այդ ալիքի վրա եկավ և դարձավ երկրի ղեկավար։ 100 հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոց սոցիալական խնդիրների պատճառով»:

Մինչդեռ քաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահացրել է՝ ամենը քննարկված է վարչապետ Փաշինյանի հետ. - «Կարծում եմ՝ վարչապետն իր դիրքորոշումը կհայտնի»:

Վարչապետի պատասխանին Մարությանը դեռ սպասում է՝ դիմել է, բայց պատասխան չի ստացել, սակայն վստահեցնում է՝ իր պայքարը 2026-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ չէ։ Սոցիալական այս պայքարը կարո՞ղ է ընդհանուր իշխանափոխության պահանջի վերածվի, Մարության արձագանքեց՝ պայքարը սոցիալական է, ոչ թե կուսակցական:

«Իշխանությունը, եթե իրանք չլինեին, այս հարցը չէր առաջանա: Այսինքն, եթե մենք ուզում ենք բոլոր հարցերը միանգամից լուծենք, այսինքն՝ առնվազն սխալ ուղղությամբ չգնա, իհարկե, իշխանափոխություն պետք է լինի, բայց բազմիցս ասել եմ, որ իշխանափոխություն պետք է լինի ընտրությունների միջոցով», - ընդգծեց նա:

Մարությանի ակցիային այսօր միացավ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, ստորագրեց ու ասաց՝ այս պահին որպես անհատ է միացել. - «Վստահ եմ, որ մեր կուսակցության բազմաթիվ մարդիկ նույն կարծիքին են, և շատ հնարավոր է, որ մենք նաև կուսակցությամբ որոշում ընդունենք»:

Հանրային տրանսպորտին քաղաքացիները ժամերով են սպասում, վճարման սարքերը պատշաճ չեն աշխատում, թոշակներն ու աշխատավարձերը չեն բարձրանում, բայց սակագին են բարձրացնում, սա երևանցիների արձանագրումն է:

Փետրվարի 1-ից գործելու է 90 րոպեանոց 300 դրամանոց տոմսից մինչև տարեկան 90 հազար դրամանոց փաթեթներ: