Մատչելիության հղումներ

Երևանի 76 երթուղիները նախատեսվածից մոտ 30 տոկոսով պակաս շարժակազմեր են սպասարկում

Լրացված

Երևանի քաղաքային նոր ավտոբուսները, արխիվ
Երևանի քաղաքային նոր ավտոբուսները, արխիվ

Երևանի 76 երթուղիներում փաստացի սպասարկել է ընդհանուր թվով 3 հազար 205 շարժակազմ՝ նախատեսված 4 հազար 541-ի փոխարեն, 1 336-ով կամ 29.5 տոկոսով պակաս: Երևանի քաղաքապետարանի այս տարվա առաջին գործակարգավարական խորհրդակցությունը հանրային տրանսպորտի 30 տոկոս թերակատարման մասին զեկույցով մեկնարկեց: «Երևանի ավտոբուս»-ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանը պատճառաբանեց՝ հունվարի 1-ից շահագործման հանձնված նոր 171 ավտոբուսների վարորդների պակաս կա, D կարգ ունեցող վարորդների են հրավիրում աշխատանքի:

Հիմնավորումը բարկացրեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին. չէ՞ որ այս պահին վարորդի 225 թափուր հաստիք կա:

«Հաստիքացուցակը առաջարկեիք շուտ, հերթագրեիք մարդկանց շուտ, 600 հոգի հերթագրեիք, 340-ին հունվարի 3-ից գործի ընդունեիք։ Մենք նոյեմբերից ավտոբուսները փաստացի ունենք, մենք գիտենք, որ հունվարից կոնկրետ ինչ ուղղություններով ինչ գծեր ենք փոխարինելու։ Ինչի՞ պիտի էլի քաղաքապետարանով բոլորով ավտոբուսի վարորդ սկսենք փնտրել», - ասաց Ավինյանը:

Այսօր քաղաքապետը դժգոհում էր վարորդների հավաքագրման գործընթացից, մինչդեռ նախորդ տարվա դեկտեմբերին, երբ վարորդների գործադուլին հաջորդեց 32 հոգու աշխատանքից ազատումը, քաղաքային իշխանությունը զիջման չգնաց, վստահ պնդում էին՝ վարորդների խնդիր չունեն, ավելին՝ այդ պահին էլ CV-ների պակաս չէին զգում և որոշ ազատված վարորդների հենց իրենց բազայում եղած անձանցով էին փոխարինել:

«Մեզ մոտ կան մի շարք աշխատանքային CV-ներ, տարբեր մարդիկ այս ընթացում պարբերաբար դիմել են, ժամանակ է եղել, որ վարորդի կարիք չեն ունեցել, որովհետև նոր շարժակազմեր չենք ունեցել, բայց քանի որ արդեն ունենք 171 նոր ավտոբուսներ, որոնք արդեն եկող տարվանից երթուղի են դուրս գալու, մենք այս ընթացքում և պարբերաբար այդ հայտարարությունները տալիս ենք, որպեսզի ընթացքում եթե վարորդներ որոշեն դուրս գան աշխատանքից կամ տեղափոխվեն մեկ այլ աշխատավայր, մենք որևիցե տեսակ խնդիր չունենանք վարորդի», - հայտարարել էր քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը:

Փաստացի ավտոբուսները եկել են, վարորդները ոչ, իսկ Հայաստանում Ավինյանն է հիշեցնում՝ D կարգ ունեցող 50 հազար վարորդ կա։ Մարդիկ հունվար ամսվա ընթացքում պիտի միասնական տոմսային համակարգի ներդրմամբ լավ որակ տեսնեին, ի՞նչ են տեսնում՝ փոխարինված գծերում ժամերով սպասում են. սա այսօր Երևանի քաղաքապետի արձանագրումն էր:

Այս ամենին գումարվում է անսարք ավտոբուսների չնվազող թիվը։ Այս շաբաթ, օրինակ, 40 մեքենա երթուղի դուրս չի եկել։ Սակայն, հանրային տրանսպորտի խնդիրները մարդկանց երկար կանգառներում սպասելով չեն ավարտվում, զուգահեռ շարունակվում են չլուծված մնալ վճարման խնդիրները։

Հանրային տրանսպորտից դժգոհության ալիքը հենց Երևանի քաղաքապետարանի ստացած զանգերն են հաստատում։ Հունվարի 7-10-ն օրական 1250 հեռախոսազանգ է եղել նախկին 650-ի փոխարեն, որոնց 50 տոկոսը տրանսպորտային խնդիրների մասին է եղել՝ զեղչերից ու արտոնություններից օգտվել հնարավոր չի լինում։

«Թվայնացված բազա ոչ բոլորի մասով կա, այսինքն՝ այն անձինք, ովքեր «Զինապահ» հիմնադրամից ստանում են աջակցություն, իրենց տվյլաները մենք ստանում ենք, իսկ մնացածին, որոնց թղային է իրենց վիճակի հաստատումը, հորդորում ենք օնլայն եղանակով, էլի կարող են դիմումային կարգով ներկայացնել», - քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։

Այս խնդիրներով հանդերձ փետրվարի 1-ից քաղաքացին այլ սակագներով կօգտվի միասնական տրանսպորտային համակարգից: Քաղաքային իշխանությունը սակագների փոփոխությունը թանկացում չի որակում՝ մեկ անգամ չէ, որ քաղաքապետն ու իր թիմն ասել են այդ մասին:

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

XS
SM
MD
LG