«Լիդիանը» «բանակցում է հայաստանյան բանկերի հետ» 150 միլիոն դոլարի ներդրման համար

Եվրասիական զարգացման բանկի ֆինասնավորման տապալումից հետո «Լիդիան Արմենիան» բանակցություններ է սկսել հայաստանյան առևտրային բանկերի հետ՝ 150 միլիոն դոլար ներդրում ներգրավելու համար։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր վստահեցրեց՝ տեղական բանկերը պատրաստ են նման չափի խոշոր ֆինանսավորում իրականացնել։

Բանակցություններն, ըստ նրա, մինչև տարեվերջ կավարտվեն։ Նախարարը, սակայն, չբացահայտեց, թե կոնկրետ որ բանկերի հետ է բանակցում «Լիդիանը»: Ամուլսարի ոսկու հանքը շահագործել պատրաստվող ընկերությունից նույնպես հրաժարվում են մանրամասներ հայտնել։

«Եթե այդ բանակցությունները հաջողությամբ գնան, բանկերը կֆինանսավորեն շահագործողներին», - ասաց նախարարը, սակայն, չթաքցնելով՝ կառավարությունը ռիսկեր է տեսել գործընթացում, այդ պատճառով էլ աուդիտ է պատվիրել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը կնվիրաբերվի Հայաստանին

«Լիդիանը» 2023-ին կնքված հուշագրով պարտավորվել է կառավարությանը տրամադրել իր կանոնադրական կապիտալի 12,5 տոկոսը։ Դրա փոխանցումը գործադիրին մի քանի անգամ հետաձգվել է։ «Կանենք այն ժամանակ, երբ կհաստատվի այդ գործընթացը», - ասաց Գևորգ Պապոյանը։

Հանքի շահագործման համար անհրաժեշտ 250 միլիոն դոլարից 100 միլիոնը պետք է Եվրասիական զարգացման բանկը ապահովեր, ևս 50-ը՝ տեղական բանկերը։ Դեռ 2023 թվականի մարտին այդ նպատակով ռուսական խոշոր կապիտալ ունեցող բանկը հուշագիր էր կնքել Հայաստանի կառավարության ու «Լիդիան Արմենիա» ընկերության հետ։ Թե ի՞նչ եղավ մոտ 2 տարի անց, որ բանկը հրաժարվեց ֆինանսավորել ծրագիրը, էկոնոմիկայի նախարարը չցանկացավ մեկնաբանել։ Եվրասիական զարգացման բանկն էլ չի պարզաբանում ֆինանսավորման տապալման պատճառները։ Այս որոշումը կայացրել էին Ամուլսարի հանքի նոր բնապահպանական փորձաքննությունը ստանալուց հետո։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ամուլսարի հանքավայրի գործարքից հետո բնապահպանների մտահոգությունները խորացել են

Բնապահպան, իրավաբան Նազելի Վարդանյանը չի բացառում՝ Եվրասիական զարգացման բանկի որոշման պատճառը դարձել է հենց ուսումնասիրությունը։ Դրա արդյունքը, սակայն, չի հրապարակվել. - «Իրենք հասկացան, որ վերադարձի հավանականությունը շատ քիչ է, որովհետև կան և՛ դատական գործեր, և՛ բնապահպանական ռիսկեր, որոնք չեն կառավարվում»։

Նազելի Վարդանյանը մեծ ռիսկեր է տեսնում նաև հայաստանյան բանկերի կողմից հավանական 150 միլիոն դրամի ներդրման մեջ։ «Ազատության» հետ զրույցում նա հիշեցրեց՝ միջազգային փորձագետներն են հաստատել՝ չեն կարող Ամուլսարի հանքի շահագործումն անվտանգ համարել։

Հարց է դեռ, թե հանքը շահագործելու համար անհրաժեշտ մյուս 100 միլիոն դոլարը որտեղից է ներգրավելու «Լիդիանը»։ Ընկերությունից դեռևս հրաժարվում են որևէ մեկնաբանությունից՝ խոստանալով հարցերին անդրադառնալ մոտ ժամանակներս։ Միայն պնդում են՝ Ամուլսարի արդյունահանման ծրագիրը չի տապալվել, բայց և չեն նշում՝ երբ կշահագործվի հանքը։ Նախարարն այսօր ասաց, եթե ամեն ինչ հաջող ընթանա, հանքը կշահագործվի արդեն 2025-ի աշնանից։

Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ տարիներ շարունակ բնապահպաններին էին բողոքում՝ ահազանգելով, որ այն լուրջ բնապահպանական վնասներ կհասցնի հարակից համայնքներին։ «Լիդիանը» բազմիցս անդրադարձել է այս մտահոգություններին՝ վստահեցնելով, որ հանքվայրը շահագործելիս պահպանելու են միջազգային ամենաբարձր չափանիշները։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

Your browser doesn’t support HTML5

«Լիդիանը» «բանակցում է հայաստանյան բանկերի հետ» 150 միլիոն դոլարի ներդրման համար