Լատվիայի դեմ խաղում վերջապես հաջողվեց հնարավորություններն իրացնել. ֆուտբոլային մեկնաբան

Ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանի կարծիքով՝ Լատվիայի դեմ նախօրեին կայացած խաղում Հայաստանի ազգային հավաքականի ներուժի գոնե մի մասը երևաց։

Հավաքականը մրցակցի հարկի տակ 2։1 հաշվով առավելության հասավ Լատվիայի ընտրանու նկատմամբ՝ հաղթանակով ավարտելով ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլը։

«Կարծում եմ՝ մեր հավաքականի ուժեղ կողմը հարձակման գիծն է, և մենք անցած խաղերում տեսնում էինք, որ ստեղծում էին պահեր, բայց չէինք իրացնում՝ երկու խաղում 43 հարված ու ոչ մի գոլ։ Դրանով առանձնացավ այս խաղը, որ վերջապես հաջողվեց հնարավորություններն իրացնել՝ Սելարյանի ու Սպերցյանի կոմբինացիան, ինչպես նաև շատ ուրախալի էր Միրանյանի առաջին գոլը հավաքականում», - «Ազատությանն» ասաց Արման Աբելյանը։

Երեկ գոլերի հեղինակներ դարձան Էդուարդ Սպերցյանը, որը մուտք գործեց ազգային ընտրանու պատմության լավագույն ռմբարկուների տասնյակ, և Արթուր Միրանյանը, որը հավաքականի կազմում իր առաջին գնդակը խփեց:

Ազգային հավաքականը 6 մրցափուլերի արդյունքում գրանցեց 2 հաղթանակ, 1 ոչ-ոքի և 3 պարտություն։ Այսպիսով Հայաստանի հավաքականը C դիվիզիոնի չորրորդ խմբում երկրորդ տեղում է՝ նվաճելով Ազգերի լիգայի փլեյ օֆֆի ուղեգիր և կպայքարի B դիվիզիոն դուրս գալու համար։

Հավաքականը վերջին երկու խաղերում գլխավորում էր գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանը։

«Տղաները կարողացան այն հանձնարարությունը, որ կար, կատարել, արդյունքներն էլ գոլերն էին ու հաղթանակը», - ասուլիսին ասաց նա։

Ֆեդերացիայից ավելի վաղ հայտնել էին, որ այս խաղերից հետո միայն կնշանակվի գլխավոր մարզիչ։

Ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանն ընդգծեց՝ պետք է երիտասարդ լինի, հավակնոտ, ոչ իր կարիերայի մարիամուտին. «Նաև կարևոր է, որ մարզիչը իմանա՝ ուր է գալիս, ոչ թե Պետրակովի պես դժգոհի կազմից»։

Ֆուտբոլի ֆեդերացիայից ավելի վաղ հայտնել են, որ ակտիվ բանակցում են թեկնածուների հետ, բայց անուններ չեն տալիս։