«Լեռնանցքում ձյուն և մերկասառույց է». - արդեն շուրջ 7 օր է, գիշեր ու ցերեկ, Լարս մեկնող վարորդները սոցցանցերի փակ խմբերում տեսանյութեր են հրապարակում՝ պատմելով, թե ինչ իրավիճակ է ճանապարհներին: Պաշտոնական տվյալներով՝ ռուսական կողմից շուրջ 5 հազար մեքենա հերթում է, թե դրանցից քանիսն է հայկական, Ռուսաստանում Հայաստանի մաքսային կցորդ Վահան Հակոբյանն արդեն տևական ժամանակ է տեղեկություններ չի փոխանցում:
«Եղանակն իր հերթին է փակում ու բացում դեպի Լարս տանող ճանապարհները, արհեստական խոչընդոտներն՝ իրենց հերթին», - «Ազատությանը» պատմում է Լարսի ճանապարհներին տարիներ անցկացնող մի բեռնատարի վարորդ: Նրա խնդրանքով ձայնը փոխված է, անունն էլ չենք հրապարակում. - «Լարսում չորս գիծ կա, որ բեռնատարներն ենք անցում, և չորսում կա անձնագրային ռեժիմ, չի եղել էսքան ժամանակ, որ ես գնամ՝ չորսից գոնե երկուսն աշխատի, կամ հինգից, աշխատում ա միշտ մեկը, ու էդտեղ հերթ ա, էդ չորսս-հինգս ավտոմատ կերպով սպասում ենք, որ էդ մի պասպորտ կանտրոլը բոլորիս պեչատները խփի, որ հերթով անցնենք»
«Լարս մի ասա, մի քաղաքական անցուղի ասա», - պատմում է վարորդը: Ընդգծում է՝ եթե մամուլ էլ չկարդաս, Հայաստանը Ռուսաստանին կապող այս միակ ցամաքային ճանապարհով անցնելիս միանգամից կհասկանաս, թե այդ պահին ինչ հարաբերություններ ունեն Ռուսաստանն ու Հայաստանը. - «Տեսնում են՝ հայկական համարներով բեռնված մեքենա ա, կանգնացնում են, վերջ, պիտի էդ կաշառքը տաս: Ես, օրինակ, նկատել էի՝ երբ որ Հայաստան-Ռուսաստան տենց մի քիչ կոնֆլիկտային կամ տենց մի քիչ լարված իրավիճակ ա, ու չգիտես ինչի մեկ էլ սկսում են էնտեղի էդ ոստիկանները ու տրանսպորտնիկները, որս են հայտարարում հայ վարորդների նկատմամբ: Եթե բեռնատարի պետհամարանիշը մի քիչ տենց, այսպես ասած, գոլդ համարներ ա լինում, ասում ա՝ «զնաչիտ նաչալնիկ բագատիյ», ասում ա, «մի քիչ փողը շատ տուր»:
Ներկայանալ չցանկացող վարորդը պատմում է՝ երբ Երևանի ու Մոսկվայի հարաբերությունները բարիդրացիական են, ստուգումները հեշտ ու արագ են, երբ լարվածությունը բարձր է, իսկական փորձություններ են սկսվում. - «Ապրանքից քանի տեսակ ունենք՝ նմուշառում են վերցնում, ուղարկում են իբրև հետազոտության: Դա կարող ա տևի մի ամիս, կարող ա տևի 40 օր: Դրա համար օրը 1000 ռուբլի փող ենք տալիս ստայանկում կանգնելու համար, և դրան գումարած՝ իրանք մեքենան դասմոտր են անում, ամբողջ գռուզը դատարկում են, բառի բուն իմաստով, փողոցում՝ բաց երկնքի տակ, ոչ մի ծածկ չկա, որ էդ ապրանքը չփչանա՝ անձրև ա գալի, ձուն ա գալի, կամ, վերջը, փոշի ա՝ սննդի հետ ա գործը, ու ոչ մի դասմոտր չի իրականացվում. ուղղակի ոնց որ դիտմամբ էդ պադդոններով բեռնված ապրանքը հանում են շարում են դուրս, հետո մտցնում են ներս, ու դրա համար ապրանքի տերը հավելյալ գումար ա տալի՝ կոնկրետ 120 հազար ռուբլի»:
Եղել են դեպքեր, երբ Հայաստանից Ռուսաստան իրենց հասցրած բեռները սուպերմարկետները բավականին դժվարությամբ են ընդունել, թեև, ըստ «Ազատության» զրուցակցի, նախնական պայմանավորվածությամբ են ապրանքը խանութ հասցրել:
Լարսի ճանապարհին՝ հատկապես ռուսական կողմում, հերթերը շրջանցելու տարբերակներ գիտեն վարորդները, կլորիկ գումարներ են վճարում քաղաքացիական հագուստով մարդկանց, որոնք, նրանց նկարագրմամբ, տարածքում ասես տիրոջ իրավունքով են շրջում:
«Եթե ունի ավել գումար, որ պատրաստ ա վճարի, էդ վարորդը էլ չի սպասում հերթին օրերով՝ 2000 ռուբլի, Չմիի ստայանկից դուրս են գալի, մինչև վերևի ստայանկեն՝ Չմիից հետո մի հատ էլ ստայանկա կա: Դա ինչ-որ մեկի հովանու ներքո են անում», - պատմեց վարորդը:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարությունը դեռ մեկ տարի առաջ էր հայտարարել՝ հավանաբար 2025-ի վերջին պատրաստ կլինեն շուրջ 23 կմ երկարությամբ ասֆալտբետոնե երկշերտ ճանապարհը, հինգ կամուրջ ու հինգ թունել: Դրանք, վրացական կողմի հավաստմամբ, կկրճատեն վարորդների ճանապարհը՝ եթե հիմա վարորդները Թբիլիսիից Ստեփանծմինդա են հասնում 2.5 ժամում, ապա դրանք շահագործման հանձնելուց հետո 1 ժամ 45 րոպե կտևի ճանապարհը: «Ազատության» զրուցակից բեռնատարի վարորդն անհամբեր սպասում է, որ այդ ճանապարհը շահագործվի, ասում է՝ թեկուզ տարբերությունը շատ չէ, բայց հերթերում քիչ կմնան. -«Որ հիմա ձյուն ա ու չեն կարողանում սարը բարձրանան, բացի դրանից՝ ձնհալք ա լինում, ձյունը թափվում ա ճանապարհներին, դա էլ ա խոչընդոտ հանդիսանում, էդ ճանապարհը որ լինի, արդեն էդ սարը չենք բարձրանա»:
Այսօր էլ եռօյա չոր սնունդը պատրաստած՝ ճանապարհ է ընկել, որ բեռը Լարսով Ռուսաստան հասցնի: Ընկերները վրացական ու ռուսական կողմերից մի կերպ են կապի դուրս գալիս, հեռախոսներն անհասանելի են, զգուշացնում են՝ ձյունը չի դադարում, դժվարանցանելի ու տեղ-տեղ էլ անանցանելի է ճանապարհը նաև Հայաստանի որոշ հատվածներում: