4 օր է՝ ձյան ու բքի պատճառով փակ է ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետը: Առատ տեղումների հետևանքով ճանապարհը երկու կողմից տեղ - տեղ անանցանելի է, ինչի հետևանքով հսկայական խցանումներ են առաջացել։
Ռուսաստանում Հայաստանի մաքսային կցորդ Վահան Հակոբյանն «Ազատությանն» այսօր ասաց՝ մարդատար մեքենաների համար երթևեկությունն արդեն բացվել է, 2-3 կմ ձգվող հերթն աստիճանաբար կնոսրանա:
«Շուտով արդեն կվերականգնվի անցակետերի աշխատանքը», - ասաց նա, - «Ռուսական կողմում ունենք մոտ 600 բեռնատար, վրացական կողմում՝ 300»։
Լարսը Հայաստանը Ռուսաստանին կապող ցամաքային միակ ճանապարհն է, որը հաճախ փակվում է՝ տարբեր պատճառներով՝ եղանակայինից մինչև տեխնիկական խնդիրներ ու ուժեղացված ստուգումներ: Բեռնատար մեքենաների համար ճանապարհն այսօր էլ չի բացվի։
Միջազգային բեռնափոխադրող «Սպիննակեր գրուպ»-ն իր 7 բեռնատարների վերադարձին է սպասում: Վրացական գինիներով բեռնված նրանց մեքենաները շուրջ 3 օր է՝ վրացական կողմում են մնացել։ Ընկերության մեքենաների երթերը համակարգող Նաիրի Գևորգյանն «Ազատությանն» ասաց՝ իրենց վարորդները սովոր են այդ խցանումներին, սա ամենամեղմն է, ամիսներով էլ են հերթերի մեջ մնացել։
«Բայց, ճանապարհին մեկ օր մնալն անգամ ֆինանսական լուրջ խնդիրներ է ստեղծում թե՛ բեռնատարների վարորդների, և թե՛ ընկերությունների համար»,- ասում է բեռնափոխադրող ընկերության ներկայացուցիչը, - «Շատերը վարկով են վերցրել մեքենաները, շատերի բանկերի հետ գրավ ունեն՝ պայմանավորվածություններ ունեն, ու ամեն օրը փող արժե»։
Կիլոմետրերով ձգվող հերթերում մարդիկ չեն անջատում մեքենաների շարժիչը, որ տաքանան, իսկ ոմանք վառելիքը ստիպված են խնայել: Ռուսաստանում Հայաստանի մաքսային կցորդը վստահեցնում է՝ Ռուսաստանի ԱԻՆ-ը աջակցում է մարդկանց. - «Մարդիկ կան, որ 2 գիշեր անցկացնում են հերթի մեջ, սպասում են՝ ճանապարհը բացվի, բնականաբար տաք թեյի, սննդի, վառելիք կարիք կունենան, բայց ՌԴ ԱԻՆ ծառայությունն ամեն ինչով ապահովում է այդ քաղաքացիներին»։