«Կյանքի պուրակ»-ի շինարարությունը բուսաբանականում. Ավինյանը հերքում է առողջ ծառեր հատելու, ռեստորան կառուցելու քննադատությունը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր առավոտից շրջայցի էր բուսաբանական այգում՝ քաղաքապետարանի հասցեին հնչող քննադատութունների ֆոնին, թե «այգում առողջ ծառեր են հատվել, կայանատեղի ու ռեստորան է կառուցվում»:

Տիգրան Ավինյանն այս դժգոհությունները չընդունեց, ասաց՝ այգում Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակին նվիրված «Կյանքի պուրակ» է կառուցվում: Թե քանի՞ ծառ է հատվել, հստակ թիվ չմտաբերեց:

«Այգիների բարեկարգման շրջանակներում շատ դեպքերում չորացած ծառերը կտրվում են, ու նոր ծառեր տնկվում են», - ասաց նա։

Իսկ կայանատեղի և ռեստորան լինելո՞ւ է, հարցին քաղաքապետը պատասխանեց. - «Պարկինգ վստահաբար նախատեսված է, ռեստորանային հատված ես, անկեղծ ասած, չեմ տեսել նախագծում, և նման բան չի նախատեսվում»։

Հարցին, թե հեծանվուղիներ քանդվե՞լ են, ասաց. - «Մարդիկ մեկ-մեկ շատ բաներ ցանկանում են տեսնել, որոնք գոյություն չունեն։ Այս հատվածը բարեկարգված չի եղել։ Եթե ամեն դեպքում 50 հեկտար նախագծվող տարածքի մասին է խոսվում, կարող է 3 հատ նստարան էլ է եղել, և դրանք հեռացվել են, բայց եթե 50 հա տարածք է կառուցապատվում, եկեք մի փոքր ըմբռնումով մոտենանք»։

Բուսաբանության ինստիտուտի 40 տարվա աշխատակից Անահիտ Ղուկասյանը, որն այսօր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է, հույս ունի, որ «Կյանքի պուրակ»-ի կառուցումից հետո այգին իսկապես կկանաչի: Նեղսրտեց՝ տարիներ շարունակ այգու այն հատվածը, որտեղ «Կյանքի պուրակ»-ը պետք է կառուցվի, չի ջրվել, ջուր չէր հասնում:

Այդուհանդերձ, քանի՞ ծառ է հատվել պուրակը կառուցելու համար, հետաքրքրվեց «Ազատություն»-ը:

«Տարեցտարի այստեղ լինում էին հրդեհներ։ Ծառերը, ինչպես տեսնում եք, չորացել էին։ Հատվել են ոչ թե հազարավոր ծառեր, այլ հատվել են չորացած ծառերը, չորացած ճյուղերը։ Մեկ-մեկ լինում էր, որ ծառը խանգարում էր ինչ-որ բանի, կարող է մի հատ ծառ հեռացվել է, բայց մեծ մասը չորացած ծառեր էին», - ասաց նա։

80 հեկտարանոց այգու շուրջ 50 հեկտար ամայի տարածքում է կառուցվելու «Կյանքի պուրակ»-ը, կառավարությունը պետբյուջեից 4.6 մլրդ դրամ է տրամադրել: Այսօր, երբ Ավինյանը ծանոթանում էր աշխատանքների ընթացքին, կառուցապատողը որոշ խնդիրներ նշեց։

«Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ քարը մինչև վերջին միլիմետրը կքննարկենք, կանաչի վերաբերյալ քննարկում չկա...բոլոր մեր նախագծերում այդպես է՝ կանաչի էն ամենավերջում մի բան կտնկենք...», - ասաց քաղաքապետը։

«Կանաչի վերաբերյալ քննարկում չկա այս պահին, որովհետև ուրիշ գործողություններ ենք անում», - ասաց կառուցապատողի ներկայացուցիչը։

Կառավարության Իտալիայից բերած սոսիները նախատեսված հատվածում տնկել-չտնկելը դեռ քննարկվում է: Կառուցապատողն ու կանաչապատման ՀՈԱԿ-ի տնօրենն ասացին՝ հողը կարծր է:

Ավինյանը վստահեցնում է՝ չնայած որոշ հապաղումների՝ ծրագիրը 2026-ին կավարտվի, ինչպես որ կառավարությունն էր նախատեսել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանի բուսաբանական այգում հիմնադրվելու է Կյանքի պուրակ` ի հիշատակ արցախյան պատերազմների զոհերի
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կենաց պուրակը կխորհրդանշի «կենսունակություն և Արցախի ու Հայաստանի միասնությունը»

«Կյանքի պուրակ»-ի նախագիծը սկզբում քաղաքացիական նախաձեռնություն է եղել, հետո նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որտեղ մասնագետներից բացի, նաև արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն են:

Քրիստինա Վարդանյանը մտավախություն ունի, թե կանաչապատման սխալներն այգում էլ կլինեն

Քրիստինա Վարդանյանը խմբի համակարգողներից էր, այժմ, սակայն, աշխատանքներին դրսից է հետևում, քանի որ հեռացել է քաղաքապետարանից Հայկ Մարությանի պաշտոնանկ լինելուց հետո: Ասում է՝ իրենք էսքիզ էին ներկայացրել, թե ինչպես են պատկերացնում պուրակի կառուցումը: ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Վարդանյանը, որը նաև որպես ավագանու ընդդիմադիր անդամ է մշտապես խոսում Երևանի կանաչապատման խնդիրներից, մտավախություն ունի, թե մայրաքաղաքի կանաչապատման սխալներն այգում էլ կլինեն:

«Հաշվի առնելով այն խնդիրները, որոնց հետ բախվում ենք Երևան քաղաքում, բույսերի ընտրանում հետ կապված, փողոցներում տնկվող ծառատեսակների ընտրության, բույսերի փոխհարաբերության մասով, ես շատ մեծ վերապահումներ ունեմ և չեմ կարող ազատ ասել, որ այո, ես շատ հանգիստ եմ, որ ամեն ինչ լինելու է՝ ինչպես հարկն է», - նկատեց նա։