Երևանի բուսաբանական այգում հիմնադրվելու է Կյանքի պուրակ` Կենաց պուրակ, որտեղ արցախյան բոլոր պատերազմների բոլոր զոհերի կենդանությունն ու ներկայությունը խորհրդանշող ծառեր կտնկվեն: Հանրապետության հրապարակում Անկախության օրվան նվիրված միջոցառման ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պուրակի կուլմինացիան կլինի կենաց ծառը` մեր բոլոր նահատակներին և հայրենիքին տված նրանց կյանքը խորհրդանշող: Դա չի լինելու հուշակոթող, լինելու է կենաց պուրակ, որտեղ վազվզելու, աղմկելու, խաղալու են երեխաները, երիտասարդները ժամանց են ունենալու, մեծահասակները ճեմելու են ու զրուցելու, և այդ պուրակը լինելու է նրա մասին, որ ահա այդ բոլոր մարդկանց, Հայաստանի ու Արցախի ապրելու համար են զոհվել նրանք», - նշեց Փաշինյանը:
Նրա ներկայացմամբ` Հայաստանի ու Արցախի ապրելը, ինչպես նաև խաղաղ ու զարգացող հայոց պետականությունը պիտի դառնա այն հաղթանակը, որ «կերտեցին պատերազմում զոհվածները»:
Հայաստանի ղեկավարը ցույց տվեց ծառերը, որոնք հրապարակում էին` նշելով, որ պուրակում դրանք խորհրդանշելու են Հայաստանի Հանրապետության պատմության նոր դարաշրջանի, խաղաղ զարգացման դարաշրջանի մեկնարկը:
Հիշեցնենք` ապրիլին ադրբեջանական թանգարանների շարքը համալրվել էր ևս մեկով, որի նմանօրինակը աշխարհում ընդամենը մի քանիսն են, որոնք էլ բացվել են Ադոլֆ Հիտլերի, Սադդամ Հուսեյնի նախաձեռնությամբ` Բաքվի այսպես կոչված` «ռազմական ավարի պուրակը»:
Բաքվում բացված պատերազմի այդ թանգարանում բացի հայկական զինտեխնիկայից ցուցադրության են հանվել զոհված հայ զինծառայողների սաղավարտները, հագուստները, սպանված, վիրավոր, գերեվարված, կապկպված հայ զինվորների մանեկեններ։