Մատչելիության հղումներ

Կենաց պուրակը կխորհրդանշի «կենսունակություն և Արցախի ու Հայաստանի միասնությունը»


Armenia -- Pine trees in Republic Square. 21Sept.,2021
Armenia -- Pine trees in Republic Square. 21Sept.,2021

Բուսաբանական այգու անխնամ, չոռոգվող ու պարբերաբար հրդեհվող տարածքում է հիմնադրվելու արցախի բոլոր պատերազմներում զոհված տղաների պուրակը, որի մասին երեկ խոսեց Նիկոլ Փաշինյանը։

«Որոշում ենք կայացրել Երևանի բուսաբանական այգում հիմնադրել Կյանքի պուրակը, Կենաց պուրակը, որտեղ արցախյան բոլոր պատերազմների բոլոր զոհերի կենդանությունն ու ներկայությունը խորհրդանշող ծառեր կտնկվեն», - երեկ Հանրապետության հրապարակում հայտարարել էր նա։

Բուսաբանական այգու տնօրեն Անահի Ղուկասյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց. - «Տարածքը զբաղեցնում է մոտ 28-30 հեկտար։ Դա ռեկրեացիոն տարածք է, որտեղ աճում են չորադիմացկուն բույսեր։ Տարածքը չի ջրվում արդեն տասնյակ տարիներ, քանի որ ջուրը այստեղ չի հասնում, և հրդեհները միշտ սկսվում են էս տարածքից»։
Ղուկասյանն ասում է, որ տարածքը խորհրդային տարիներից հանգստի գոտի է համարվել, ջրի բացակայության պատճառով հիմա այստեղ դեղնած խոտ է ու առանց ջրի դիմացող ծառեր՝ դժնիկ, պիստակենի, հացենի, ցախակեռաս։

Պուրակի գաղափարի մասին երեկ Անկախության 30-ամյակի հանդիսության ժամանակ հայտարարվեց, սակայն նախագծի քննարկումը քաղաքապետարանում տարեսկզբից է սկսվել։

Քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանի տեղեկացմամբ, սա քաղաքացիական նախաձեռնություն էր, որն իրականություն դարձնելու համար քաղաքապետի որոշմամբ աշխատանքային խումբ էր ձևավորվել. - «Որոշակի պահից կառավարությունը որոշեց, հաշվի առնելով ծրագրի համազգային նշանակությունը և մեծ սիմվոլիզմը, որ պետական միջոցներով կֆինանսավորվի ծրագիրը»։

Առայժմ հստակ չէ, թե որքան փող է ծախսելու կառավարությունը այս նպատակի համար։

Կարեն խաչատրյանը գաղափարի նախաձեռնողներից է։ Նրա որդին՝ ժամկետային զինծառայող Դավիթ Խաչատրյանը Ջաբրայիլում է զոհվել հոկտեմբերի 4 ին։ Մարմինը գտել են 4 ամիս անց։

«Իմ նման շատ ծնողներ չկարողացան հրաժեշտ տալ իրենց զավակներին։ Ոնց որ կարոտը... էդ միտքը փորձեցինք վերածել ծառերի միջոցով, որպեսզի միայն Եռաբլուրը չլինի, ինչ-որ մի կենդանի բան լինի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կարեն Խաչատրյանը։

Հանձնաժողովի քննարկումներին զոհված զինծառայողի հայրն էլ է մասնակցել։ Ասում է, որ երկար են հարմար վայր փնտրել պուրակի համար՝ Հաղթանակի զբոսայգի, Դալմայի այգիներ... ի վերջո որոշվել է Բուսաբանական այգու անխնամ տասնյակ հեկտարները կենդանացնել. - «Ինքը իմ ենթադրությամբ, կդառնա Խաղաղության պուրակ։ Թող դառնա Խաղաղության պուրակ, որ էլ սենց արհավիրքներ չլինեն»։

Քաղաքապետի խոսնակը շեշտում է, որ առևտրի որևէ կետ կամ քարե կառուցվածք չի նախատեսվում։ 12 հազար ծառ, հիմնականում արևելյան սոսի, կամ որ նույնն է՝ չինարի կամ տնջրի ծառ. - «Բացի նրանից, որ շատ գեղեցիկ և որակով ծառատեսակ է, նաև իր մեջ շատ սիմվոլիզմ է պարունակում՝ խորհրդանշելով երկարակեցություն, կենսունակություն։ Նաև Արցախում հայտնի ծառատեսակ է, և էդ առումով խորհրդանշում է Արցախի և Մայր Հայաստանի միասնությունը»։

Մի քանի օրից պատերազմի տարելիցի օրերին այստեղ խորհրդանշանական սոսի կտնկվի, սակայն պուրակի հիմնադրամն գործը կտևի մի քանի տարի։

Նախ պետք է ոոռգման ցանց անցկացնել, ասում է բուսաբանության ինստիտոտի տնօրենը. - «Հետո էլ կարիք կլինի խնամքի։ Շատ մեծ ֆինանսավորման հետ կապված գործ է»։

Անկախության օրվա հանդիսության ժամանակ հրապարակում 400 սոսիներ էին տեղադրվել, դրանք ներկրվել էին Իտալիայից, թեպետ Հայաստանի Շիկահողի արգելոցում սոսիների պուրակ կա։ Բուսաբանության ինստիտուտում ենթադրում են, որ ձևավորման համար նույնանման տնկիներ էին պետք։ Այս իտալականները առաջիկայում կտեղափոխվեն բուսաբանական այգի, կվերատնկենք այգում, կխնամենք, մինչև գա Կենաց պուրակում ծառատունկ անելու օրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG