Կուրսկի մարզից ավելի քան 112 հազար մարդ է տարհանվել․ ՌԴ օմբուդսմեն

Պատերազմի պատճառով Կուրսկի մարզի սահմանամերձ շրջաններից ավելի քան 112 հազար մարդ է տարհանվել, հոկտեմբերի 14-ին "Аргументы и Факты"-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան։

Մոսկալկովայի խոսքով՝ նրանք այժմ ապրում են ժամանակավոր կացարաններում, բժշկական և սոցիալական հաստատություններում և մանկական ճամբարներում, այդ թվում՝ ավելի քան 3,5 հազար երեխա։

Մոսկալկովան նաև հայտնել է, որ ավելի քան հազար հարցում է ստացել Կուրսկի շրջանում անհայտ կորածների մասին՝ ուկրաինական բանակի՝ 2024-ի օգոստոսին տարածաշրջան մտնելուց ի վեր։

Օմբուդսմենը նամակ է ուղարկել իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Լուբինեցին՝ խնդրելով հայտնել Կուրսկից «բռնի կերպով իրենց տներից հեռացվածների» թիվը։

Ավելի վաղ Կուրսկի մարզի նահանգապետ Ալեքսեյ Սմիրնովը հայտնել է, որ երկ ուկրաինական բանակը դուրս է եկել ռուսական գյուղերից, տեղում հայտնաբերվել է 268 մարդ, որոնցից 118-ը որոնվում էին հարազատների պահանջով։ Բացի այդ, որոշ անհայտ կորածներ գտնվել են Ռուսաստանի ժամանակավոր կալանավայրերում, հարազատների մոտ և պարզապես այլ բնակեցված վայրերում:

Ուկրաինային սահմանակից Կուրսկի շրջանն ուկրաինացի զինվորականների կողմից պարբերաբար գնդակոծության է ենթարկվում Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման սկզբից: Օգոստոսին ուկրաինական բանակը հարձակում սկսեց տարածաշրջանում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները վերահսկողության տակ են վերցրել 1250 քառակուսի կիլոմետր տարածք՝ 92 բնակավայրերով։ Դրանց մի մասը հետագայում ազատագրվել է ռուսական բանակի կողմից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պոկրովսկի, Կուրսկի ուղղություններում իրավիճակը լարված է մնում