Մատչելիության հղումներ

Դոնբասում և Կուրսկի մարզում թեժ մարտերը շարունակվում են, Կիև է ժամանել ԵՀ նախագահը


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում ողջունում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, 20-ը սեպտեմբերի, 2024թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում ողջունում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, 20-ը սեպտեմբերի, 2024թ.

Ռուսական յոթ տասնյակ անօդաչուներ անցած ժամերին հարձակվել են ուկրաինական քաղաքների՝ Լվովի, Չերկասկի, Խարկովի, Սումիի վրա։ Սումիում ռուսական հարվածներից
առնվազն մեկ մարդ մահացել է, ևս 13-ը՝ վիրավորվել, հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունը։

Միաժամանակ, ռուսներն առաջ են շարժվում Դոնեցկի մարզում։ Երեկ պաշտպանության նախարարությունը հաղորդեց, թե ուկրաինական ևս մեկ բնակավայր է գրավել, Կիևը սա առայժմ չի հաստատել։ Ուկրաինական DeepState նախագծի համաձայն, սակայն, ռուս զինվորականներն առաջ են գնացել Նյու Յորկ, Իվանովսկոյե և Գալիցինովկա գյուղերի մոտ, ինչպես նաև Տորեցկ քաղաքի ուղղությամբ։

Թեժ մարտերը շարունակվում են նաև Ռուսաստանի տարածքում՝ Կուրսկի մարզում։ Ուկրաինացիների ներխուժումից մոտ երկու ամիս անց՝ այսօր, Մոսկվան ընդունել է, որ մի շարք բնակավայրեր դեռ մնում են ուկրաինական բանակի վերահսկողության տակ։ Թե երբ կկարողանա Ռուսաստանը դրանք ետ գրավել, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի մանրամասնել:

«Մեր զինվորականներն իրենց գործն անում են: Նրանք դա ավարտին կհասցնեն: Վերահսկողությունը կվերականգնվի: Բնականաբար, ռազմական պլանները չեն կարող հրապարակայնացվել: Անշուշտ, իրավիճակն այդ շրջաններում, որոնք ուկրաինացի զինյալների վերահսկողության տակ են, իսկապես ծայրահեղ է: Իրավիճակը կշտկվի ժամանակին», - հայտարարել է Պեսկովը:

Չդադարող ամենօրյա ռմբակոծությունների և թեժ մարտերի ֆոնին, եկող շաբաթ ՝ սեպտեմբերի 26-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սպիտակ տանը Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին կներկայացնի խաղաղության Կիևի պլանը։ Փաստաթղթի մանրամասները չեն հրապարակվել: Վերլուծաբանները, սակայն, թերահավատ են, թե դրանով հնարավոր է հակամարտությունը կարգավորել։

Պատերազմի ավարտի մասին խոսելը դեռ վաղ է, «Ազատության» "Настоящее время" ծրագրի եթերում ասում է քաղաքագետ Վլադիմիր Ֆեսենկոն:

«Այս խաղաղության պլանի նպատակն է ստիպել Ռուսաստանին նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Իսկ Ռուսաստանին կարելի է ստիպել միայն ուժով», - ընդգծում է քաղաքագետը:

Մինչ այդ, Կիև է ժամանել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ խոստանալով աջակցել Կիևին ցրտաշունչ ձմռան շեմին:

«Ես եկել եմ քննարկելու Եվրոպայի աջակցությունը՝ ձմռան նախապատրաստությունից մինչև պաշտպանություն, ԵՄ անդամակցության գործընթացից մինչև Մեծ յոթնյակի վարկերի առաջընթացը», - հայտարարել է ֆոն դեր Լայենը:

Երեկ էլ Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ կոչ անելով եվրոպական երեկրներին թույլ տալ, որ Ուկրաինան արևմտյան զենքով հարվածներ հասցնի Ռուսաստանի տարածքին։ Առանց դրա Կիևը չի կարող հասնել հաղթանակի, ընդգծում է փաստաթուղթը։ Բանաձևը նաև մտահոգություն է հայտնում ԵՄ երկրներից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ծավալների նվազման կապակցությամբ:

«Եթե սահմանափակումները չչեղարկվեն, Ուկրաինան չի կարողանա լիարժեք օգտվել ինքնապաշտպանության իր իրավունքից և խոցելի կմնա ռուսական հարձակումներից», - ասված է փաստաթղթում:

Եվրախորհրդարանի այս բանաձևը, սակայն, խորհրդատվական բնույթ ունի և պարտադիր չէ կատարման համար։ Չնայած Կիևի շարունակական խնդրանքներին՝ Արևմուտքը դեռևս կառավարությունների մակարդակով այս հարցում համաձայնություն չի տվել։

XS
SM
MD
LG