«Մինչև մեր պաշտոնավարման վերջին օրը կաշխատենք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»․ Պատել

ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վենդետ Պատել, արխիվ

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը շարունակում է կենսական նշանակություն ունեցող ոլորտ մնալ Վաշինգտոնի և անձամբ պետքարտուղարի համար, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վենդետ Պատելը։

Հարցին, թե ԱՄՆ-ը հիասթափված չէ՞, որ այդ ուղղությամբ ԱՄՆ ջանքերն արդյունք չեն տվել, Պատելը պատասխանել է՝ չեն կենտրոնանում հիասթափությունների վրա, այլ պարզապես շարունակում են աշխատել։

«Պետքարտուղար Բլինքենն է ասել՝ ոլորտներ կան, որոնք տքնաջան աշխատանք են պահանջում մինչև արդյունքի հասնելը։ Սա շարունակում է կենսական նշանակություն ունեցող ոլորտ մնալ այս վարչակազմի և պետքարտուղարի համար, և մենք կշարունակենք աշխատել մինչև մեր պաշտոնավարման վերջին օրը», - ասել է Պատելը։

Վաշինգտոնն ավելի վաղ հայտարարել է, որ ցանկանում է տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը և կողմերին մղում է այդ համաձայնագրի ստորագրմանը, Վաշինգտոնը նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մի քանի հանդիպումներ է անցկացրել։

Մինչ Երևանը վստահեցնում է, որ հայ-ադրբեջանական նոր էսկալացիայի որևէ հիմք չկա, խոսում է խաղաղության պայմանագիրն արագորեն ստորագրելու հնարավորություններից, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Երևանին մեղադրում է խաղաղությանը խոչընդոտելու համար, կրկին պնդում, որ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, խնդրահարույց համարում զենք գնելու հայկական կողմի փորձերը, բարձրացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Բաքուն չեն համաձայնեցրել հայցերից ձեռնպահ մնալու և սահմանին այլ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու կետերը. Ալիև