ՔՊ վարչության նիստում քննարկվել է «Գյումրիում առաջացած կառավարման ճգնաժամը»

Գյումրիի քաղաքապետարանի շենքը

«Քաղաքացիական պայմանագրի» վարչության երեկվա նիստում քննարկվել է, մասնավորապես, Գյումրիում առաջացած կառավարման ճգնաժամը, Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից տեսանյութ հրապարակել։

Փաշինյանն այլ մանրամասներ չի ներկայացրել։ Տեսանյութից պարզ է դառնում, որ նիստին ներկա է նաև «Քաղաքացիական պայմանագրի» Գյումրիի քաղաքապետի թեկնածուն Կարեն Սարուխանյանը։

Գյումրին առանց իշխանության է մնացել, երբ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ու նրա մերձավորների, այդ թվում՝ փոխքաղաքապետ Ջանոյանի դեմ գործի հարուցումից հետո իշխող «Բալասանյան» դաշինքը ողջ կազմով հրաժարական տվեց։

Գյումրիի ավագանիում «Բալասանյան» դաշինքից հետո ամենամեծ խմբակցությունը «Քաղաքացիական պայմանագիր»-ն ունի։ Նրանք արդեն հայտարարել են, որ արտահերթի են պատրաստվում, ու խոսում են նաև համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու սցենարով գնալու մասին։

Օրերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներին հայտնել էր, որ Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Կարեն Սարուխանյանն է լինելու։ Սարուխանյանն իշխող խմբակցության պատգամավոր է, ՔՊ տարածքային կառույցի ղեկավար։ Նախկինում ղեկավարել է Շիրակի մարզը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գյումրիի կառավարումը կոլապսի եզրին է, պնդում է ավագանու անկախ անդամը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կարեն Սարուխանյանը հերքում է, թե իր ու ՔՊ-ականների միջև վեճ ու ծեծկռտուք է եղել