Մատչելիության հղումներ

Գյումրիում ձերբակալվել, ապա ազատ են արձակվել ՔՊ-ի անդամ Պարգև Գևորգյանն ու Կարեն Սարուխանյանի մորեղբոր որդին


Օրերս Գյումրիում թմրամիջոցներ պահելու ու օգտագործելով կասկածանքով ձերբակալվել, ապա ազատ են արձակվել ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Պարգև Գևորգյանն ու իշխանական պատգամավոր Կարեն Սարուխանյանի մորեղբոր որդին՝ Վարուժ Խոջումյանը։

Ըստ ներքին գործերի նախարարության՝ նրանց ձերբակալել ու ներկայացրել են Քննչական կոմիտե։ Քննչական կոմիտեից ողջ օրվա ընթացքում այդպես էլ չհայտնեցին՝ ինչ գործողություններ են արել, արդյոք մեղադրանք առաջադրելո՞ւ են բերման ենթարկվածներին, թե՝ ոչ։

Բերման ենթարկված ավագանու ՔՊ-ական անդամը 3 ամիս առաջ է մանդատը ստացել։ Հեռախոսազանգերին չի պատասխանում։ Ֆեյսբուքյան գրառմամբ Պարգև Գևորգյանը հաստատել է, որ ձերբակալվել է, ապա պնդել, թե կարճ ժամանակ անց ազատ է արձակվել, քանի որ կասկածը չի հիմնավորվել։ Ավագանու անդամը «ստահոդ» է անվանում լրատվամիջոցների լուրերն ու պնդում, թե դրանք քաղաքական ենթատեքստ ունեն և նախընտրական Գյումրիում փորձում են վարկաբեկել իրեն ու իր թիմակից Կարեն Սարուխանյանին։

Վերջինս առաջիկա արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուն է լինելու։ Սարուխանյանը «Ազատության»-ը պատմեց, թե ինչ է իրեն հայտնի իր թիմակցի ու մորեղբոր որդու ձերբակալության մասին:

«Պարգև Գևորգյանն ավագանու անդամ է, ինքը իր մեքենայով է եղել, ինքը վարորդ է եղել և Վարուժ Խոջումյանը եղել է իր հետ, ուժեղացված ծառայության շրջանակներում ստուգումներ են իրականացնում, մենք տեղյակ ենք, որ բոլոր տեղերը դա կա, պարբերական բնույթ է կրում, ուսումնասիրություն են կատարել, ստուգումներ իրականցրել և որոշ կասկածներով տարել են ոստիկանության բաժին։ Ոստիկանության բաժնում Պարգև Գևորգյանի մոտ հստակ արձանագրվել է, որ որևէ բան չի եղել», - ներկայացրեց նա:

Եթե պատգամավորը ավագանու անդամի մասով վստահ էր, որ նրա մոտ թմրանյութ չեն գտել, ապա նույն մեքենայից ձերբակալված մորեղբոր որդու մասին պնդեց, թե շատ բան չգիտի. - «Վարուժ Խոջումյանի մասով էլ մանրամասներին այս պահին չեմ տիրապետում, բայց իմ իմանալով որևէ լուրջ բան չկա»։

«Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուն համարում է, որ տեղի ունեցածը սովորական երեևույթ է։

«Օրական էդպիս 1000 հոգու կարող են ստուգել կամ հարցաքննել, դա նորմալ պրոցես է, իմ կարծիքով։ Շատ լավ է նաև, որ ոստիկանությունը չգիտեմ իմացել է կամ ճանաչել է այդ անձանց, շատ նորմալ է, որ՝ այո, հենց ճանաչելով էլ այդ պրոցեսը կատարել են», - ընդգծեց Սարուխանյանը։

Պատգամավորի ազգական Վարուժ Խոջումյանի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց։

Դատական ակտերի կայքի համաձայն՝ մարիխուանա ձեռք բերելու ու պահելու, ինչպես նաև քննությանը խոչընդոտելու նպատակով քննիչի գործողություններին միջամտելու համար տարիներ առաջ մեղավոր է ճանաչվել Վարուժ Խոջումյանի հայրը՝ Բյուրակնի դպրոցի նախկին փոխտնօրեն Մանվել Խոջումյանը։ Նա դատապարտվել, ապա համաներմամբ ազատ է արձակվել։

Կարեն Սարուխանյանը շեշտեց՝ ինքն իր արարքների համար է պատասխանատու. - «Ես ունեմ 50-ից ավելի հոպարի տղա, մեր ազգը շատ մեծ է, և ես պատասխանատու եմ իմ արարքների, իմ վարքի համար»:

Ի դեպ, ավագանու ՔՊ-ական արդեն նախկին 2 անդամներ անցնում են քրեական գործերով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG