Ադրբեջանի պարտավորությունն է ազատ արձակել ոչ միայն ռազմագերիներին, այլև պահվող այլ անձանց։ Իշխանական «Քաղաքացիական պայմանագրից» Արուսյակ Ջուլհակյանն, արձագանքելով Բաքվի հայտարարությանը, հիշեցրեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթը։
Արտգործնախարարության խոսնակը երեկ հայտարարել է՝ Ադրբեջանը Հայաստանին հանձնել է բոլոր ռազմագերիներին, իսկ «ռազմական հանցագործներին և անջատողական ռեժիմի ներկայացուցիչներին ազատ արձակելու պարտավորություններ չունի»։
«Պատերազմի ընթացքում և պատերազմից հետո, մասնավորապես, Ադրբեջանի կողմից գերեվարված անձանց Ադրբեջանը հետագայում կեղծ դատավարությունների ենթարկելով, իհարկե հիմա համարում է ռազմական հանցագործներ, նաև, իհարկե, մենք տեսնում ենք, որ անհասկանալի հոդվածներ են դրված այդ մարդկանց վրա, դա Ադրբեջանի ձևակերպումն է: Բայց ես հիշեցնում եմ պայմանավորվածությունը և հիշեցնում եմ հայտարարության այն կետը, որի տակ դրված է Ադրբեջանի նախագահի ստորագրությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ջուլհակյանը:
Պաշտոնական թվերի համաձայն՝ պատերազմից ու Արցախի վրա անցած տարվա ռազմական հարձակումից հետո ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ գերի է պահվում, նրանց թվում՝ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության ութ ներկայացուցիչները։ Վերջիններին ներկայացվել են ծանր մեղադրանքներ, ընդհուպ՝ ցմահ ազատազրկում ենթադրող։
Իշխանությունն օրերս բացահայտեց՝ Ադրբեջանի հետ բանակցվող խաղաղության պայմանագրի նախագծում գերիների հարցը ներառված չէ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խաղաղության պայմանագրի նախագծում գերիների հարցը ներառված չէ. ըստ ընդդիմության, սա լծակ է Բաքվի ձեռքումՎերջին անգամ Երևանն ու Բաքուն գերիների են փոխանակել տասն ամիս առաջ. անցած դեկտեմբերին 32 հայ գերիների վերադարձի դիմաց հայկական կողմը հանձնեց երկու ադրբեջանցի դատապարտյալի, այդ թվում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակի սպանության համար ցմահ ազատազրկված Հուսեյն Ախունդովին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանն ազատ է արձակում 2 ադրբեջանցի, Ադրբեջանը՝ 32 հայ զինծառայողների. Փաշինյանի ու Ալիևի աշխատակազմերի համատեղ հայտարարությունըԳերիների վերադարձի թեմայով ընդդիմությունն ու իշխանությունն իրար հարցեր ունեն։
Մինչ ՔՊ-ից պնդում են՝ թե՛ Կառավարության, թե՛ ԱԺ-ի մակարդակով գերիների վերադարձի համար ամենօրյա աշխատանք են տանում, ընդդիմադիրներին իշխանության քայլերն անբավարար են թվում, իսկ վերադարձի հարցը, «Հայաստան» խմբակցությունից Աննա Գրիգորյանի կարծիքով՝ ամենևին պետության առաջնահերթություններից չէ։
«Ադրբեջանի կողմից նման հայտարարությունները առհասարակ պայմանավորված են նրանով, որ այս իշխանությունները քայլեր չեն ձեռնարկում, որպեսզի հայրենադարձնեն մեր բոլոր ռազմագերիներին: Երբ նմանատիպ հարց է հնչում Հայաստանի Հանրապետության փաստացի ղեկավարին, ինքը ևս ոչ թե խոսում է նրանց օր առաջ վերադարձնելու մասին, այլ, օրինակ, Ռուբեն Վարդանյանի մասով, ասում է՝ դեռ պետք է հասկանալ՝ Ռուբեն Վարդանյանն այնտեղ ինչպես է հայտնվել, ինչ պայմաններում է հայտնվել: Ի՞նչ կապ ունի ինչ պայմաններում է հայտնվել, քո երկրի քաղաքացին է՝ օր առաջ պետք է վերադարձնի, հա՛յ է», - «Ազատությանը» ասաց Գրիգորյանը:
«Ես չեմ հիշում մի հարթակ խորհրդարանական, որտեղ որ մենք այդ խոսակցությունը մեր գործընկերների հետ չունենանք, ես չեմ հիշում, որ այդ հարցը իմ խորհրդարանական ընդդիմադիր գործընկերոջ կողմից բարձրաձայնվի: Ես հույս ունեմ, որ բավարարված չլինելով մեր աշխատանքից՝ իրենք գոնե իրենց մասով իրենց աշխատանքը կտանեն մեր քույրերին և եղբայրներին, հիմա ոնց որ քույր այլևս չունենք, բայց եղբայրներին վերադարձնելու առումով», - նշեց Արուսյակ Ջուլհակյանը:
«Ազատության» հարցին՝ Արցախի նախկին ղեկավարության մասով նույն ձևով Երևանը աշխատո՞ւմ է, ՔՊ խմբակցության պատգամավորն արձագանքեց. - «Այդ հարցը բարձրացնելիս չենք տարբերություն դնում և չենք ասում՝ «այս մասին կարող եք պահել ձեզ, իսկ մյուսներին վերադարձրեք»:
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը կարծում է՝ Ադրբեջանի մերժումը COP29-ին ընդառաջ գերիների վերադարձի սպասումները նվազեցնելու նպատակով էր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնը COP29-ին ընդառաջ Բաքվին կոչ է անում արձակել նաև հայ գերիներինԵվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչը հիշեցնում է Ադրբեջանում քաղաքական հետապնդումների պրակտիկայի մասին։
«Քանի որ միջազգային հանրության ճնշումը մեծանում է Ադրբեջանի իշխանությունների վրա, որպես զտվող գործոն՝ հանդես են գալիս նմանաբնույթ հայտարարություններով», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Սահակյանը:
Իրավապաշտպանն ասաց՝ այս պահին կոմունիկացիայի ակտիվ փուլում գտնվող գործ կա, որն առնչվում է պատերազմական հանցագործությունների մեղադրանքով 2020-ից Ադրբեջանում պահվող Լյուդվիկ Մկրտչյանին։ Այսօր մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ գործով Ադրբեջանի դիրքորոշում արտահայտելու վերջնաժամկետն է։
«Մենք, անկեղծ ասած, սպասում ենք ադրբեջանական դիրքորոշումներին, բայց ծանոթ լինելով միջազգային դատական ատյաններում գործընթացներին և փաստաթղթերին՝ ես կարող եմ հստակ պնդում անել, որ առաջադրված քրեական գործերը չունեն բավարար ապացուցողական հենք, և դրանց շինծու, կեղծ լինելը, կարծում եմ, ապացուցվելու է հենց միջազգային դատական գործընթացներով», - նշեց Սիրանուշ Սահակյանը:
Ի դեպ, Բաքուն նաև պնդել էր, թե ազատ արձակված ռազմագերիները Հայաստանում մասսայաբար ձերբակալվում ու հետապնդվում են։
Քննչական կոմիտեն Ադրբեջանի այդ պնդումն իրականությանը բացարձակ չհամապատասխանող է որակում՝ հայտարարելով, թե նախաքննության փուլում գտնվող որևէ քրեական վարույթով գերությունից վերադարձած անձ չկա:
«Ազատությանը» հայտնի է առնվազն վեց նախկին գերու մասին, որոնց գործերը Քննչականն ուղարկել է դատարան։ Վերադարձից հետո նրանց առաջադրվել է մարտական ծառայության կանոնները խախտելու մեղադրանք։
Վարչապետ Փաշինյանը 21 թվականին գերեվարման դեպքերը հետաքննելու անհրաժեշտությունից խոսեց:
«Գնացինք մարտական հերթապահության, մառախուղի պատճառով չենք նկատել թշնամու գալը, ու ես ինձ մեղավոր չեմ ճանաչում». - հինգ նախկին գերիների գործն այս պահին քննվում է Լոռու մարզի դատարանում, նրանցից Ռոբերտ Նալբանդյանն էր երկու տարի առաջ «Ազատությանը» պատմել։ Նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանն այսօր «Ազատության» ասաց՝ հինգն էլ ազատության մեջ են:
«Մեկը երկու ամիս մնաց անազատության մեջ, մեկը՝ երեք ամիս, մեկը՝ չորս ամիս, այսինքն՝ էնպես չի, որ... բավական երկար մնացել են անազատության մեջ: Գալիս են էստեղ, փոխանակ մի փոքր, չգիտեմ, էդ մարդիկ կկարողանա՞ն գոնե մի փոքր այդ սթրեսը, մի խոսքով, էդ ամեն ինչը հաղթահարել, հլը մի բան էլ տանում են բանտ, տենց ո՞նց կլինի», - ընդգծեց Մելիքյանը: